ՄԱՐԴԻԿ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ Ինչպես եւ խոստացել էինք, մենք հետեւողական կլինենք եւ նախընտրական շրջանում պարբերաբար կանդրադառնանք ՀՀ նախագահական ընտրություններին, իսկ փետրվարի 19-ին՝ քվեարկությունների ընթացքում տեղ գտած եւ մեզ հայտնի դարձած բոլոր օրինախախտումներին ու ընտրակեղծիքներին: Իսկ առայժմ շարունակում ենք հրապարակել «Ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովի» ի հայտ բերած խախտումները, որոնք տեղի են ունեցել ինչպես մինչեւ նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, այնպես էլ ՀՀ նախագահի թեկնածուների գրանցումից հետո: Այսպես, հիշյալ հանձնաժողովի տվյալներով, որոնք արտացոլված են մասնավորապես ԶԼՄ-ներին տրամադրած մի փաստաթղթում, մատնանշված են ՀՀ նախագահի թեկնածուների քարոզչության հավասարության սկզբունքի, նաեւ ՀՀ Ընտրական օրենսգրքի 65 եւ 73 հոդվածների պահանջների խախտման փաստեր, ինչպիսին է, օրինակ՝ ԿԸՀ կողմից ՀՀ նախագահի թեկնածուների գրանցումը: Ըստ այդմ՝ 1. Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 3/3, 17/1 – 37/2 կետերի պահանջների՝ ԿԸՀ 13.11.02թ. թիվ 17/2 որոշումը «…վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք տալու կարգի մասին»՝ չի համապատասխանում իրավական ակտին ներկայացվող պահանջներին եւ, այդ կապակցությամբ, որպես այդպիսին հանդես գալ չի կարող: 2. Հաշվի առնելով նշված խախտումը՝ ՀՀ ՆԳ Անձնագրերի եւ վիզաների վարչության տեղեկանքները՝ «ՀՀ նախագահի թեկնածու քաղաքացուն վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու վերաբերյալ», չեն կարող հիմք հանդիսանալ թեկնածուների գրանցման հարցը քննարկելու համար: 3. ԿԸՀ որոշումները ՀՀ նախագահի թեկ նածուների գրանցման մասին իրավական ուժ չունեն: «Այս իրավախախտումների հետեւանքով – ՀՀ նախագահի թեկնածուի վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին վկայող ԿԸՀ ներկայացրած միակ փաստաթուղթը թեկնածուի ինքնակենսագրությունն է, – կասկածի տեղիք է տալիս ՀՀ ՆԳ Անձնագրերի եւ վիզաների վարչության կողմից ԿԸՀ ներկայացրած տեղեկանքները թեկնածուներ Ռ.Քոչարյանի եւ Ա.Կարապետյանի բնակության մասին, քանի որ, համաձայն կենսագրությունների /ըստ «ՀՀ» օրաթերթ, 11.12.02թ./, վերջին տասը տարում նրանք ՀՀ-ում մշտապես չեն բնակվել»,- եզրակացրել է հանձնաժողովը եւ ԿԸՀ-ին առաջարկել «միջոցներ ձեռնարկել ՀՀ նախագահի թեկնածուների գրանցման մասին որոշումները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար, իսկ ՀՀ ՆԳ Անձնագրերի եւ վիզաների վարչությանը՝ «պարզաբանումներ ներկայացնել ՀՀ նախագահի թեկնածուների վերաբերյալ՝ նրանց տրված տեղեկանքների եւ կենսագրությունների միջեւ եղած հակասությունների վերաբերյալ»: Հանձնաժողովի դիտարկմամբ, խախտվել է նաեւ ՀՀ նախագահի թեկնածուների քարոզչության հավասարության սկզբունքը: Ըստ այդմ՝ «Արմենիա», «Պրոմեթեւս», «Կենտրոն», «ԱԼՄ», «Շանթ» ՀԸ-ները, խախտելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի պահանջները, նախընտրական քարոզչության համար սահմանեցին խտրական գներ՝ փաստորեն, կնքելով հակամրցակցային համաձայնություն: ԿԸՀ-ն խախտելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ եւ ՀՀ ընտրական օրենսգրքի 41 հոդվածի 1/10 կետի պահանջները, ընդունեց որոշում «ՀՀ նախագահի թեկնածուների կողմից ԶԼՄ-ով նախընտրական քարոզչության իրականացման կարգի մասին»: Դրանում ներառելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի պահանջների միայն մի մասը /14 եւ 26 կետեր/, ԿԸՀ-ը օրինականացրեց քարոզչության փուլին նախորդող ժամանակաշրջանի անօրինական քարոզչությունը»: Հանձնաժողովն ահազանգում է, որ այդ խախտումների հետեւանքով անօրինական քարոզչություն չիրականացրած թեկնածուները, ըստ էության, հայտնվեցին անհավասար պայմաններում: Սա նկատի ունենալով փաստաթղթի հեղինակներն առաջարկում են՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի պահանջների համաձայն առաջարկել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին միջոցներ ձեռնարկել նշված խախտումների հետեւանքների վերացման ուղղությամբ»: Իհարկե, հայտնի չէ, թե արդեն տեղի ունեցած խախտումն ինչ մեխանիզմներով կարելի է վերացնել: Առաջարկվում է նաեւ՝ «ԿԸՀ-ին պարզաբանումներ տալ «ՀՀ նախագահի թեկնածուների կողմից ԶԼՄ-ով նախընտրական քարոզչության իրականացման կարգի մասին» որոշման եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի պահանջների հակասության կապակցությամբ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ