Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ՀԱՅՐԻԿՅԱՆԸ

Փետրվար 01,2003 00:00

Ո՞Վ Է ՀԱՅՐԻԿՅԱՆԸ «Մեծությունների մասին կամ՝ լավ, կամ՝ ոչինչ» սկզբունքով՝ Պարույր Հայրիկյանը շարունակում է իրեն ներկայացնել հանրությանը։ Ինքն իրեն Հայրիկյանը համարում է Ռոբերտ Սեդրակիչի հայրը՝ իհարկե «դեմոկրատիայի տեսակետից», ու վրդովվում, որ «հանրային» կոչվող հեռուստատեսությամբ մեկ «գրում են Վլադիմիր Իլյիչ Հայրիկյան՝ Ռոբերտ Սեդրակի Հայրիկյանի փոխարեն»։ Առավել ցցուն դարձնելու համար իր մեծությունը, ամենայն հայոց հայրիկը վերհիշեց Հայաստանի առաջին նախագահի՝ իր մասին ասված խոսքերը. «Հայրիկյանը եւ նրա ընկերները այն մարդիկ էին, ովքեր ամբողջատիրության տարիներին մեզ համար ճանապարհ էին բացում»։ Իսկ մինչ այդ, քաղաքական գործիչը համոզվել էր ու լրագրողներին էլ համոզեց, որ այնուամենայնիվ, «հաճախակի հանդիպումները պետք են»։ Նաեւ բացատրեց. «Մեկ-երկու ուղիղ եթերից հետո շատ խելացի մարդիկ շնորհակալ են եղել», որովհետեւ ի վերջո իրենք իրենց համար պարզել են, թե որտեղից է գալիս եւ ուր է գնում մեծն Հայրիկյանը։ Բայց հանդիպման բուն նպատակն «այս իշխանությունների վերաբերմունքն էր ԱԻՄ-ի նկատմամբ»՝ կուսակցության Վանաձորի 14 տարվա գրասենյակն այլեւս դատարանի որոշմամբ կծառայի այլ տերերի, այլ նպատակներով՝ գործող նախագահի նախընտրական շտաբ։ Այստեղ Հայրիկյանը դարձյալ հիշեց հին ընկերներին. «Դա նույնն է, որ Բագրատյանն ասի՝ ես վարչապետ եմ եղել՝ կառավարության շենքն իմն է, կամ Վանոն՝ ՆԳՆ-ն»։ Ապա եզրակացրեց. «Եթե ԱԻՄ-ի դեմ են նման բաներ անում, որին պարտական են ամեն ինչով՝ ինչ ունեն»։ Ի տարբերություն աստվածաշնչյան պատմության, որտեղ անառակ որդուն հայրը գրկաբաց է ընդունում, որդին լկտիաբար հորը տանից դուրս է անում։ Ինչ վերաբերում է Գեղամյանի հետ դաշինքին եւ «16»-ի շրջանակներում հնարավոր դաշինքներին, ապա «եթե Գեղամյանը չլինի միասնական թեկնածու», ԱԻՄ-ի հետագա անելիքները կորոշի հերթական վեհաժողովը։ Իսկ առհասարակ, Հայրիկյանի համար, բնականաբար, «մերժելի թեկնածու չկա», հարցը նրանումն է, թե «նա ինչպես կդրսեւորի իրեն ԱԻՄ-ի նկատմամբ»։ Իսկ կոմունիստների հետ Հայրիկյանը «որեւէ խնդիր չունի»։ Ինքը Գեղամյանի հետ է դաշինքի մեջ, ու ով ոնց կնայի դրան՝ Հայրիկյանի խնդիրը չէ։ Գեղամյանի՝ «Ռուսաստան -Բելառուս» հակումների նկատմամբ Հայրիկյանի դիրքորոշումն այսպիսին է. «Եթե այս ժողովրդի ինքնիշխանության նկատմամբ որեւէ մեկը պետք է ոտնձգություններ անի, ապա միայն ինքնորոշման միջոցով»։ Բայց «ես մի անգամ իմ բախտը փորձել եմ եւ ստացել Հայաստանի անկախություն,- իր հերոսական անցյալը հիշեց Հայրիկյանն ու վրդովվեց,- այդպիսի դաշինք գոյություն չունի, ի՞նչ խուճապի եք մատնվել»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ .

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել