ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ ՀԱՅ ԿՆՈՋ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՆ Է Փեսա – զոքանչ՝ բացառիկ փոխհարաբերություններ «Ես խորին հարգանքով եմ վերաբերվում իմ փեսային։ Նա բացառիկ ազնիվ եւ մաքուր մարդ է։ Նա դժվար մանկություն է ունեցել եւ ինչի որ հասել է կյանքում, հասել է իր սեփական ուժերի շնորհիվ։ Ես նրան այնքան շատ եմ սիրում, նա այնքան լավն է, որ դուք չեք պատկերացնի։ Այո, նա կարող է երկիրը այս վիճակից հանել։ Նա ունի այդ կամքի ուժը, նա կարող է լավ ղեկավար լինել»։ Դժվար է հավատալ, որ որեւէ զոքանչ կարող է այսպես արտահայտվել սեփական փեսայի մասին։ Այդուհանդերձ, սա փաստ է եւ խոսքերի հեղինակն էլ ՀՀ նախագահի թեկնածու Արամ Գասպարի Սարգսյանի զոքանչ Լիդիա Աստոյանցն է։ 54-ամյա մանկավարժական ստաժ ունեցող տիկին Աստոյանցը իր փեսայի մասին խոսելիս նրան ներկայացնում է ոչ միայն որպես ընտանիքի լավ ամուսին, հայր ու փեսա, այլ այն համոզումն ունի, որ իր փեսան է հենց այն մաքուր, ազնիվ մարդը, որ երկրում կհաստատի սոցիալական արդարություն։ Անշուշտ, հետաքրքիր կլիներ անձամբ Արամ Սարգսյանից պարզել, թե ինքը ինչ կարծիքի է զոքանչի մասին, բայց տիկին Աստոյանցին չհավատալու պատճառ չունենք ու նրա միջոցով ներկայացնենք փեսայի կարծիքը իր մասին։ «Նա միշտ ասում է. զոքանչների մասին այնքան անեկդոտ կա, բայց ես իմ զոքանչին շատ եմ հարգում։ Նա մեծ հարգանքով է վերաբերվում թե ինձ եւ թե իմ ամուսնուն»։ Թեպետ մեր այս շարքի նպատակն էր նախագահի թեկնածուների տիկնանց միջոցով ներկայացնել թեկնածուներին, այդուհանդերձ չկարողացա դիմանալ գայթակղությանն ու Արամ Գասպարի Սարգսյանի հյուրընկալ տանը հարցեր չուղղել նաեւ իր զոքանչին։ Համաձայնեք, որ ցանկացած իրավիճակում փեսայի մասին զոքանչի կարծիքը կարեւոր գործոն է։ Մեզ մոտ ընդունված է զգացմունքները չսպանել Լիդիա Աստոյանցի դուստրը՝ Կարինեն, իր ապագա ամուսնուն՝ Արամին հանդիպել է շատ պատահական՝ տրանսպորտում։ «Ես նոր էի ավարտել ինստիտուտը, ինքն էլ նոր էր վերադարձել Մոսկվայից։ Մենք մի շրջան անընդհատ հանդիպում էինք կանգառում, նա ինձ էր նկատել, ես՝ իրեն։ Մի օր մոտեցավ, ասաց՝ շատ երկար ժամանակ է նույն տրանսպորտով ենք գնում, եկեք ծանոթանանք։ Հետո, ինչպես ինքն է պատմում՝ ես ի պատասխան իրեն ժպտացել եմ։ Այդպես էլ ծանոթացանք։ Այդ ժամանակ ես չգիտեի, որ նա կենտկոմում է աշխատում։ Ինձ միշտ թվում էր, թե Ֆիզիկայի ինստիտուտում է աշխատում։ Երբ ընկերուհիներիս պատմում էի, ասում էի՝ իմ կարծիքով նա ֆիզիկ է, քանի որ միշտ դուրս է գալիս Ֆիզիկայի ինստիտուտի մոտից»։ Կարինեի ու Արամի միավորումն էլ միանգամից է ստացվել։ Այս հանդիպումը եւս տիկին Կարինեին համոզել է ճակատագրի ճշմարտացիության մեջ։ «Ես իրոք հավատում եմ, որ դա ճակատագիր է, մենք արդեն 24 տարի է ապրում ենք միասին եւ ես չեմ պատկերացնում, որ իմ կյանքը կարող էր այլ կերպ դասավորվել»։ Ճակատագրի բերումով միավորված այս սիրուց էլ հետագայում ծնվում են զույգ առաջնեկները՝ տղա ու աղջիկ, հետո էլի՝ տղա: «Նա շատ ուշադիր եւ լավ հայր է: Նա միշտ զբաղված է եղել, հիմնականում երեխաներով ես եմ զբաղվել, բայց նա միշտ ժամանակ գտնում էր: Չեմ կարող ասել, թե ես մենակ եմ մեծացրել մեր երեխաներին, նա եւս մեծ դեր է ունեցել նրանց դաստիարակության գործում: Նա շատ խիստ հայր է եղել, հատկապես տղաների նկատմամբ, իսկ աղջկա հետ շատ մեղմ է եղել: Հավանաբար, աղջիկների նկատմամբ քնքուշ վարվելը բնորոշ է բոլոր հայրերին: Ես միշտ նեղվում էի տղաների հանդեպ ցուցաբերած խստությունից, բայց հիմա գոհ եմ այդ դաստիարակության արդյունքից: Նրանք շատ պարկեշտ մարդիկ են դարձել ու ինձ թվում է, որ այդ հատկությունը ինչ172որ տեղ նաեւ ժառանգաբար է անցնում»: Տիկին Կարինեն անկեղծորեն խոստովանում է, որ երբ երեխաները օրորոցային տարիքում են եղել, հաճախ ամուսինն է գիշերները հոգ տարել նրանց նկատմամբ: Սարգսյան ամուսինների համար շատ դժվար է եղել հատկապես զույգերին մեծացնելիս: Երբ պետք է եղել, ասենք, մի երեխային կերակրել, մյուսին քնեցնել եւ հոգալ հազար ու մի պրոբլեմ՝ ամուսինները ցանկացած հարց լուծել են միասին: «Արամը, իհարկե, թեթեւ բնավորություն չունի, բայց նա շատ բարի է: Նա շատ է սիրում ընտանիքում տոներ ստեղծել: Երբ նա նկատել է, որ հոգնած եմ կամ երեխաների տրամադրությունն այն չէ, անմիջապես ինչ172որ հետաքրքիր միջոցառում է ձեռնարկել: Եվ նույնիսկ հիմա, այս զբաղվածության դեպքում, նա միշտ ժամանակ գտնում է ընտանիքին տոներ պարգեւելու համար: Գիտեք, ես միշտ աշխատել եմ տանը համախմբվածության մթնոլորտ ստեղծել: Մեր տան անդամները բոլորը գիտեն, որ մենք միասին ենք ճաշում եւ ամեն ինչ անում են այդ ժամին տանը լինելու համար»: Երբ առիթ է լինում խոսել ամուսնու ծանր բնավորության մասին՝ Կարինեին ասում են, թե ինքը ընտելացել է ամուսնու բնավորությանը: «Ես չեմ ընտելացել, պարզապես նա այդպիսի մարդ է ու եթե ես նրա հետ ապրում եմ, ուրեմն պետք է իր թերությունները եւս ընդունեմ՝ չէ՞ որ հարյուր տոկոսանոց մարդիկ չկան»: Մեր զրույցի ընթացքում տիկին Կարինեի անկեղծությունն ու անմիջականությունն, խոստովանեմ, ինձ հաճելիորեն զարմացրեց: Հասարակությունում որոշակի դիրք ունեցողներից թերեւս քչերն են կարողանում անկեղծորեն խոսել անցած սոցիալական ու հոգեբանական դժվարությունների մասին: «Իմ կարծիքով, հիմա իսկապես ամուր ընտանիքներ քիչ կան: Մեր ընտանիքը հենց պատկանում է ամուր ընտանիքների թվին: Ես միշտ Արամի մեջ գնահատում եմ իր վերաբերմունքը: Վերաբերմունքը իմ հանդեպ, երեխաների հանդեպ: Նա շատ ուշադիր ամուսին է, Աստված չանի՝ հիվանդանամ՝ նա շատ ուշադիր է: Ընդ որում, ուշադիր է ոչ միայն իմ, այլ իր հարազատների, ընկերների, իսկ շրջապատի նկատմամբ՝ ընդհանրապես»: Իրենց փոխհարաբերությունների ամենամեծ փորձաքարը տիկին Կարինեն համարում է 1996 թվականը, երբ իշխանությունների կողմից հետապնդումներ է սկսվել Արամ Սարգսյանի ու իր ընտանիքի նկատմամբ: Փեսայի կամ հարսի մասին հիացմունքով խոսելը, հավանաբար, ժառանգաբար է անցնում այս ընտանիքում: Մոր օրինակով տիկին Կարինեն էլ հիացմունքի ու ջերմության խոսքեր չի խնայում, երբ խոսում է հարսի մասին: Երբ ավագ որդին ցանկություն է հայտնել ամուսնանալ՝ Սարգսյան ամուսինները երկմտել են՝ մտածելով, որ որդին դեռ փոքր է ընտանիք կազմելու համար: «Բայց հասկացանք, որ դա իսկապես սեր է, ընդ որում՝ քննություն բռնած սեր: Գիտեք, մեր ընտանիքում ընդունված է զգացմունքները չսպանել»: Հայ կանայք ձեւացնում են, թե որոշողը իրենք չեն Կարեւոր որոշումներ կայացնելուց առաջ, այդ թվում՝ նախագահական ընտրություններին մասնակցելուց, պարոն Սարգսյանը խորհրդակցում է կնոջ հետ: Այդ կապակցությամբ տիկին Կարինեն հայերիս բնորոշող դիպուկ պատմություն պատմեց: «Մեզ մի անգամ հյուր էր եկել մոսկովյան հայտնի հեռուստալրագրող Կոժենցեւը: Նա մի հետաքրքիր դիտարկում արեց՝ ասելով, «Դուք՝ հայ կանայքդ յուրօրինակ եք: Ես արդեն որերորդ ընտանիքում եմ լինում ու նկատում, որ կանայք ձեւացնում են, թե տանն ամեն ինչ որոշում են ամուսինները, այնինչ իրականում բոլոր հարցերը լուծում են կանայք: Դրա համար էլ հայ ընտանիքներն ամուր են»: Համաձայնելով այս կարծիքին, չէի կարող, սակայն, չհարցնել, թե մտավախություն չունե՞ն, որ արդեն նախագահական նախորդ ընտրություններում տապալված Արամ Գասպարի Սարգսյանը հասարակության քվեն չի ստանա նաեւ այս անգամ: «Ոչ մեկը ոչնչից ապահովագրված չէ: Նա որոշել է ու պետք է գնա այդ քայլին, իսկ ժողովուրդը ինքը պետք է ընտրի: Հիմա էլ ժողովրդի մեջ տարածել են, որ նա ինտելիգենտ է, դրա համար չի կարող կառավարել: Ինտելիգենտությունը ներկայացվում է որպես վատ չափանիշ: Նա իրոք նվիրված է ժողովրդին: Մենք այսքան փորձությունների միջով անցանք, բայց նա չի հրաժարվում այդ մտքից, ուրեմն նա ուժ ունի, որ պետք է օգտագործի»: Նախընտրական քարոզարշավին տիկին Կարինեն փորձում է օգնել, բայց ակտիվ մասնակցություն չունենալ: Քանի որ իր խառնվածքի համաձայն՝ չի սիրում ուշադրության կենտրոնում լինել: Կարեւորելով Առաջին տիկնոջ դերը հասարակական կյանքում՝ տիկին Կարինեն գտնում է, որ Առաջին տիկինը պետք է ներկայացնի հայ կնոջ հավաքական կերպարը: Իրեն այդ դերում դեռ չի պատկերացնում ու կարծում է՝ ամեն ինչ ժամանակին համընթաց կլինի. «Առաջին տիկինը իր միջոցով պետք է միջազգային հանրությանը հաղորդի հայ կնոջ կերպարը եւ պարտադիր չէ, որ նա լինի ակտիվ լիդեր»: Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ