Նախնական հաշվետվություն դիտորդների համար Հայաստան ժամանած ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի նախընտրական պատվիրակությունը նոյեմբեր ամսին ւսումնասիրություններ էր անցկացրել Հայաստանում մինչ օրս կայացած ընտրությունների վերաբերյալ եւ ներկայացրել իր դիտողությունները: Հատուկ ընդգծելով, թե իրենք բնավ միտում չունեն միջամտել Հայաստանի ընտրական գործընթացին, այնուամենայնիվ նշում են, թե իրենց դիտարկումները ներկայացնելու են միջազգային դիտորդական առաքելություններին, որոնք այնուհետեւ իրենց վերջնական հաշվետվությունը կազմելիս պետք է հիմնվեն նաեւ այս հայտարարության վրա: Նախ հակիրճ անդրադառնանք այն գնահատականներին, որոնք վերաբերում են նախորդ տարիներին Հայաստանում իրականացված ընտրություններին: «Խաթարված ընտրությունների պատմությունը շարունակում է իր հետքը թողնել Հայաստանում: Չնայած որոշ առումներով առաջընթաց է գրանցվել, սակայն հավատ ներշնչող ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար մի շարք կարեւոր բնագավառներում որոշ խնդիրներ դեռեւս լուծման կարիք են զգում»,- նշված է հայտարարության մեջ, ըստ որի, եթե այդ ամենը չիրագործվի, անհնարին կլինի վերականգնել հասարակության վստահությունն ընտրական գործընթացների եւ պետական ինստիտուտի նկատմամբ, ինչն էլ կարող է վտանգել Հայաստանի ժողովրդավարական զարգացումը: Հայտարարության մեջ հստակ արձանագրված է, որ 2003 թ. նախագահական եւ ԱԺ ընտրություններն ու Սահմանադրական հանրաքվեն տեղի են ունենալու նախորդ ընտրություններում լայն տարածում գտած անօրինականությունների ու կեղծիքների ենթատեքստում: Իսկ նախորդ տարիների բոլոր ընտրությունները որակված են «կրիտիկական»: Միայն 1999թ. ԱԺ եւ 2002թ. ՏԻՄ ընտրություններն են նախորդների համեմատ գնահատված «առաջընթացային»: Նրանց դիտարկմամբ, դրական զարգացում է համարվում ՏԻՄ ընտրությունների «խաղաղ» բնույթը: Գնահատականներին զուգահեռ հայտարարության մեջ արձանագրված էին պատվիրակության հանդիպումների ընթացքում իշխանությունների կողմից արված մի քանի հայտարարություններ: Մասնավորապես արձանագրված էր Անդրանիկ Մարգարյանի այն խոստումը, թե ինքը կարգադրել է նախարարներին՝ ապահովել «պետական իշխանությունների» չեզոքությունը 2003թ. ընտրություններին եւ ստեղծել դեպի «արդար ընտրություններ տանող մթնոլորտ»: Ա. Մարգարյանի խոստումը պատվիրակությանը հույս է ներշնչել, թե այդ կարգադրություններն ու թույլ տրված խախտումները կհրապարակվեն ու խախտումներ իրականացնող պաշտոնյաները կպատժվեն խստագույնս: Հայտարարության մեջ նաեւ առաջարկություններ էին արվել, որոնք բաժանվել են իշխանության ներկայացուցիչներին, սակայն մինչ օրս որեւէ արձագանք չի եղել: Հելսինկյան ընկերակցության նախագահ Ավետիք Իշխանյանն այս առիթով նկատեց, թե առաջարկներին չէին կարող արձագանքներ հետեւել, քանի որ դրանց կատարման դեպքում կհայտնվեին իշխանությունը կորցնելու վտանգի առջեւ: «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված երեկվա սեմինարի մասնակից ԱԺԻ երեւանյան գրասենյակի ղեկավար Գեղամ Սարգսյանն ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք հիմնականում ընդդիմադիր ճամբարից էին, քանի որ իշխանամետ կուսակցությունների ներկայացուցիչները չէին ժամանել, արձանագրեցին, որ նմանատիպ բոլոր խոստումները ոչ միայն չեն կատարվում, այլեւ կոպտորեն ու բացահայտ խախտվում են: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը հատկապես ուշադրության արժանացրեց այն փաստը, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով, թե արձակուրդում է, ղեկավարում է Քոչարյանի նախընտրական շտաբը: «Ի՞նչ է նշանակում՝ 3 ամսով արձակուրդ: Ես միայն նման մեկ արձակուրդ գիտեմ՝ հղիության 6-րդ ամսում են գնում երեք ամսով արձակուրդ, որը կոչվում է դեկրետ»,- հայտարարեց Զեյնալյանը: Ավելին, ԱԺԿ անդամ Վարդան Պողոսյանը ներկաներին հիշեցրեց, թե ինչպես էր արձակուրդում գտնվող Սերժ Սարգսյանը վերջերս Ռոբերտ Քոչարյանի հետ մեկնել Մոսկվա, որպես պաշտպանության նախարար, ինչն ամենեւին էլ չի նշանակում, որ նա գտնվում է արձակուրդում: Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին պետական չինովնիկների «չեզոքությանը», ապա բոլորը մատնանշում էին քարոզարշավի ընթացքում Քոչարյանի կողքին շարված մարզպետների, գյուղապետերի ու նախարարների անունները: Վարդան Պողոսյանն էլ տեղեկացրեց, որ այնքան ակտիվ է նախարարների միջամտությունը, որ անգամ սոցապնախարարության շենքում պատերին փակցված են Քոչարյանի նախընտրական պաստառները: Իսկ նրանց պատժի ենթարկելու մասին պատվիրակության առաջարկի կապակցությամբ՝ որպես թարմ օրինակ, բերվեց Շմայսի վերջին գլուխգործոցը, ինչն, ինչպես մնացած խախտումները, մնացել են անպատիժ, եւ նույնիսկ նրա նկատմամբ դատախազությունը գործ չի հարուցում: Ավետիք Իշխանյանը նկատեց, որ դրանով իշխանությունները չեն կարող շահագրգիռ լինել, քանի որ դա «իրականացնելով՝ թիմը կքանդվի» ու հետո հիշեցրեց նախորդ ընտրությունների ընթացքում եղած դեպքերը, երբ ոչ ոք ոչ ձերբակալվեց, ոչ էլ գործ հարուցվեց. «Միայն 1999-ին Աջափնյակի դեպքերի հետ կապված գործ հարուցվեց, որից հետո դատախազին ազատեցին աշխատանքից»,- եզրափակեց Ա. Իշխանյանը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ