Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉԽԱՐՆԵՐԸ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԷԻՆ»

Փետրվար 01,2003 00:00

«ՈՉԽԱՐՆԵՐԸ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԷԻՆ» «Նրանք կո՛ւյր են, եթե չեն տեսնում, թե վերջին մեկ տարում ինչքան փոփոխություններ են եղել աղետի գոտում: Ես նրանց կաքսորեմ սարերը»,- այս սպառնալիքներին արժանացավ աղետի գոտուց մեր ռեպորտաժի հերոսներից մեկը, որը համարձակվել էր վիճարկել պաշտոնական տեսակետը, թե «աղետի գոտի» հասկացությունն արդեն վերացված է: Նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպումներում արտահայտվող մարդիկ չեն թաքցնում իրենց անունները ու չեն հրաժարվում լուսանկարվել: Սակայն ստիպված ենք այլեւս չբացահայտել մեր զրուցակիցներին՝ այդ մարդկանց հարվածի տակ չդնելու համար: Այս հետեւությանը հանգեցինք այն ամենից հետո, ինչ կատարվեց մեր հունվարի 23-ի «Վաղաժամ էր աղետի գոտուն հրաժեշտ տալը» հրապարակումից հետո: Այստեղ մասնավորապես մեջբերել էինք 1988-ի երկրաշարժի էպիկենտրոնի՝ Նալբանդ գյուղի բնակիչ Պարույր Մանգասարյանի խոսքերը, թե «50%-ից ավելին ապրում են «դոմիկների» մեջ: Բոլորն անաշխատանք են: Հողամասեր էլ չունենք: Մեզ պետք են ձեռնարկություններ: Ձեր աչքերով տեսնում եք՝ աղետի գոտում ի՞նչն է զարգացել. ոնց եղել է, կար՝ այդպես էլ մնում է: Ապրեն ռուսները՝ եկել, սարքել, գնացել են: Դրանից հետո ոչ մի տեղաշարժ չի կատարվել»: Խուսափելու համար մեղադրանքներից, թե սա հորինվածք է՝ հրապարակել էինք նաեւ այս պնդումների հեղինակի լուսանկարը: Օրեր անց «Առավոտ» զանգահարեց «Երանոսյան» ներկայացած մի տղամարդ, որի հետ երկօրյա մեր սիրալիր զրույցների ընթացքում այդպես էլ չկարողացանք պարզել, թե ինչ իրավասություններով էր նա ողջ Նալբանդի անունից բողոքում այդ հրապարակման դեմ: Երանոսյանը միայն վստահեցնում էր, թե ինքն իշխանության ներկայացուցիչ չէ: Մեր առաջին զրույցի ընթացքում պարզվեց, որ նա չէր էլ կարդացել հրապարակումը՝ նրան ասել էին, թե Նալբանդի վերաբերյալ տպագրվել է ինչ-որ կեղծ տեղեկատվություն: Եվ երբ պարզաբանեցինք, որ սեփական ոչ մի պնդում չի եղել՝ մենք միայն մեջբերել ենք Նալբանդի բնակիչների ասածները՝ Երանոսյանն ասաց, որ այդ հանդիպման ընթացքում ոչ մի նալբանդցի չի եղել: Եվ մատուցեց առաջին վարկածը՝ Ստեփան Դեմիրճյանն ի՛նքն էր ավտոբուսներով մարդիկ բերել. «Ոչխարներն էլ պատվիրված էին»: Խոսքն այն 3 ոչխարների մասին էր, որ նալբանդցիները մատաղ արեցին հանուն Դեմիրճյանի հաղթանակի: Բայց լրագրողները Լոռի էին ժամանել նախագահի թեկնածուի հետ, եւ անգամ «Հայլուրի» թղթակիցը կարող է հաստատել, որ շարասյան մեջ ոչ ավտոբուս է եղել, ոչ էլ որեւէ ավտոմեքենայի թափքից լսվել է գառան մայուն (գուցե շրջահայացորեն կապե՞լ էին նրանց բերանները): Երբ մեր հակափաստարկները ներկայացրինք պրն Երանոսյանին՝ հետեւեց երկրորդ վարկածը, որ ներկաները ոչ թե Նալբանդի, այլ հարակից գյուղերի բնակիչներն էին: Սա էլ դեռ վերջը չէր՝ առաջադրվեց նաեւ երրորդ վարկածը, թե գուցե եւ եղել են նալբանդցիներ, բայց կա՛մ նրանք հարբած էին, կա՛մ էլ գյուղի թափթփուկներն էին: «Նրանք կո՛ւյր են, եթե չեն տեսնում, թե վերջին մեկ տարում ինչքան փոփոխություններ են եղել աղետի գոտում: Ես նրանց կաքսորեմ սարերը»,- սպառնաց պրն Երանոսյանը: Ոչ իշխանավորի համար անիրագործելի մեկ այլ խոստում էր, թե կարող է ներկայացնել 100 նալբանդցիների ստորագրությամբ մի դիմում, որով կապացուցեն, թե որքա՜ն աշխատանք է արել Քոչարյանը Նալբանդում: Հաջորդ օրը ստացանք այդ դիմումը: Նալբանդ-Շիրակամուտ ավանից Պալյան ազգանունով 4 հոգի, 3 Եղիազարյաններ, 4 Սանթրոսյաններ, 3 Պետրոսյաններ՝ մի խոսքով՝ ակնհայտորեն նույն ընտանիքների ներկայացուցիչ 20 հոգի, ստորագրել են մի նամակի ներքո, թե մեր տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. «Տեղեկացնում ենք ձեզ, որ վերջին տարում ՀՀ նախագահի անմիջական հանձնարարականով եւ աղետի գոտու վերականգնման կառավարության ծրագրով, Նալբանդում կառուցվել է նոր քարաշեն մեծ դպրոց: Մինչեւ 100 ընտանիք տոնել է բնակարանամուտ: Կառավարության ծրագրով եւ ԱՄՆ-ի (USAID) ֆինանսավորմամբ վերանորոգվել է Նալբանդ կայարանն իր նոր կապի հանգույցով: Կառուցվել են նոր ջրագծեր: Վերակառուցվել է Նալբանդի մեծ ջրանցքը: Ընթացքի մեջ են գազաֆիկացման, հեռախոսաֆիկացման եւ ճանապարհաշինության աշխատանքները»: Դիմումին կցված էր նույն Պարույր Մանգասարյանի գրությունը. «Տեղեկացնում եմ ձեզ, որ վերջերս իմ տված տեղեկատվությունը ճիշտ չի հասկացվել: Միանում եմ մեր գյուղի բնակիչների կողմից պահանջվող այդ տեղեկատվության հերքմանը»: Երանոսյանի հետ մեր երկրորդ հեռախոսազրույցի ընթացքում պարզեցինք, որ Մանգասարյանը, որ ոչ հարբեցող է, ոչ էլ թափթփուկ, այլ շինարար՝ հրաժարվում է հատկապես այն արտահայտությունից, թե «ռուսները՝ եկել, սարքել, գնացել են: Դրանից հետո ոչ մի տեղաշարժ չի կատարվել»: Մինչդեռ մենք միայն գրառել էինք նրա խոսքերը՝ դրա վկայությունն է պահպանված ձայնագրությունը, որն ունկնդրեց նաեւ պրն Երանոսյանը: Մեզ մնում էր եզրակացնել, որ Պարույր Մանգասարյանի վրա ինչ-ինչ ճնշումներ են գործադրվել, որպեսզի նա հրաժարվի իր խոսքերից: Երանոսյանը պնդում էր, թե որեւէ ճնշում չի եղել. «Մեզ մոտ ստալինյան բարքեր չեն»: Եվ տեղի ունեցածի առնչությամբ արդեն միայն ասում էր. «Դուք ինչո՞ւ եք Նալբանդի զարգացման մասին հարցնում հասարակ մարդկանց: Հարցրեք մարզպետին կամ մտավորականությանը»: Մենք, այսուհանդերձ, նախընտրում ենք ոչ թե պաշտոնական տեսակետները, այլ շարքային մարդկանց վկայությունները, թե միայն փոքր մասն է ապահովված բնակարաններով, մնացածը դեռ վագոն-տնակներում են: Եվ քանի որ բողոքներից ոչ բոլորն էինք մեջբերել մեր նախորդ հրապարակման մեջ՝ հավելում ենք եւս մեկը: Նալբանդում նաեւ հիվանդանոցը չի գործում: «Պոլիկլինիկայի հաշիվ է,- ասաց Մհեր Եղիազարյանը:- Ո՛չ ծննդատուն կա, ո՛չ էլ հնարավորություն՝ որ հիվանդները պառկեն»: … Հունվարի 22-ին Սպիտակում, որտեղ իրոք երեւում էին տեղի ունեցած դրական փոփոխությունները, մի կին մոտեցավ ու ողորմություն խնդրեց ՀԺԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության քարտուղարից: Նա էլ տրամադրեց մի քանի դրամ օգնություն: Ահա այդ պահը հասցրեց նկարել իշխանամետ հեռուստաընկերություններից մեկի օպերատորը: Օրեր անց լուր հասավ, թե պատրաստվում են ցուցադրել այդ կադրերն այն մեկնաբանությամբ, թե ՀԺԿ-ականները թաքուն վճարում են մորթված գառների գինը: Ասելիքս հետեւյալն է՝ եթե իշխանություններն այդքան վստահ են Ռոբերտ Քոչարյանի հաղթանակին՝ կարիք չկա դիմել նման ստոր մեթոդների, եւ եթե իրոք Հայաստանում ստալինյան բարքեր չեն՝ չպետք է հետապնդվեն այլ թեկնածուների հետ հանդիպումներում ելույթ ունեցողները: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել