ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ Օր 11-րդ Նախագահի թեկնածու Գառնիկ Մարգարյանը երեկ հայտարարեց, թե կեղծիք է, երբ իշխանություններն ասում են, որ հետամուտ են Արցախի խնդրի լուծմանը, ու նաեւ կեղծիք է, թե դա հնարավոր է ԵԱՀԿ սկզբունքների հիման վրա: Ասելիքն այսքանով էլ ավարտվեց: Մինչդեռ թերեւս այստեղից պիտի սկսվեր եւ թեկնածուն պիտի ներկայացներ իր մոտեցումները՝ միջազգային ո՞ր սկզբունքները չոտնահարելով է, որ հնարավոր է լուծել Արցախի խնդիրը: Քարոզարշավի առաջին տասնօրյակը լրացավ, սակայն բացառությամբ Ռուբեն Ավագյանի 6 րոպեների, որտեղ երբեմն-երբեմն ներկայացվում են նրա ծրագրային հիմնադրույթները՝ նախագահի որեւէ թեկնածու հարկ չի համարում ներկայացնել սեփական ծրագրերը: Թեեւ դա էլ է պատճառաբանված՝ այս պայմաններում նման բանավեճ վարելը կնմանվեր օրերս «Շանթի» եթերում ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանի եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանի երկխոսությանը, որտեղ առաջինը պատմում էր, թե Շմայսն ինչպես է ահաբեկել Էջմիածնի բնակիչներին՝ սպառնացել, որ չմասնակցեն Դեմիրճյանի հետ հանդիպմանը, իսկ երկրորդն ի պատասխան ասում էր. «Մենք քաղաքական գործիչներ ենք՝ եկեք խոսենք ծրագրերից»: Է՞լ ինչ չկա քաղաքական գովազդներում: Հիշո՞ւմ եք, շատ էին կանխատեսումները, թե նախագահի մի շարք թեկնածուներ ընտրագրավ են մուծել միայն այն բանի համար, որ հնարավորություն ունենան քարոզել հօգուտ ընդդիմության միասնական թեկնածուի: Առայժմ որեւէ թեկնածու սեփական 6 րոպեն չի օգտագործել մեկ ուրիշին գովազդելու համար: Ա. Ի.