Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԵՄ»

Փետրվար 01,2003 00:00

«ԵՍ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԵՄ» Հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը Էրեբունի համայնքում ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական խորհրդատուներն ակնհայտորեն լավ են աշխատում. ուշի ուշով ընթերցելով անպատասխանատու մամուլը, այդ մենեջերները (կամ՝ գուցե Քոչարյանն անձա՞մբ է զբաղվում ինքն իրենով), ըստ երեւույթին, խորհուրդ են տալիս, թե ընտրողների հետ իր հանդիպումներում հատկապես որ հարցերին ուշադրություն դարձնի, ինչի մասին չխոսի ընդհանրապես եւ դեմքի ինչպիսի արտահայտություն ունենա։ Երեկ Էրեբունի համայնքի ընտրողների հետ թեկնածու Ռ. Քոչարյանի հանդիպման ժամանակ հրմշտոց կամ իրարանցում չեղավ, մարդիկ իրենց չէին կոտորում թեկնածուին համբուրելու կամ դիպչելու համար, ընդհակառակը՝ ավտոբուսներով հրապարակ բերված երկաթուղայինները, դպրոցականները, հայորդաց տան աշխատողներն ու սաները ճանապարհից մի կողմ էին քաշվում, որպեսզի թեկնածուն եւ նրան ուղեկցող անվտանգության աշխատակիցները, սատարողները՝ հանձին Գալուստ Սահակյանի, Մհեր Շահգելդյանի, Սեյրան Ավագյանի, Ալվարդ Պետրոսյանի եւ էլի մի քանիսի, անցնեն իրենց միջով, ու հանկարծ որեւէ «անզգույշ քաշքշուկ» չլինի։ Արձանագրենք, որ հրապարակը լիքն էր, դարձյալ արձանագրենք, որ սատարողների ելույթներում թեկնածու Ռ. Քոչարյանը ներկայացվեց որպես ամենա-ամենա փրկիչ, որպես միակ եւ անփոխարինելի։ Ռոբերտ Քոչարյանին սատարողներն ակամա (կամ գուցե՝ մտածվա՞ծ) իրենց ֆավորիտ թեկնածուին գովաբանելիս՝ զուգահեռ համեմատություն են կատարում մյուս թեկնածուների հետ։ ՀՅԴ ներկայացուցիչ, գրող, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի կարծիքով, մյուս թեկնածուները եւ նրանց սատարողները բացասական էներգիայի կրողներ են, իսկ իրենք եւ իրենց ֆավորիտ թեկնածուն՝ դրական. «Սա մի երկիր է, որը գրասենյակներում մի քանի թուղթ կամ փաստաթուղթ կապած մարդիկ իրավունք չունեն ղեկավարելու։ Սա մի երկիր է, որ նախագահ ընտրելով, գերագույն հրամանատար է ընտրում, որովհետեւ մենք շատ փխրուն խաղաղության մեջ ենք ապրում»։ Ըստ Ալվարդ Պետրոսյանի՝ «մեզ հրամանատարներ են պետք, կյանքի փորձառություն, կյանքի ճանապարհ անցած մարդիկ, մարդիկ, որոնք իրենք են իրենց կայացնում, լինելով ոչ պակաս տոհմիկ ընտանիքի զավակ (ո՞ւմ հետ է տեսնես կատարվում համեմատությունը.- Մ. Ե.), ինքն է իրեն կայացրել, ոչ թե իր հարազատների հեղինակության ստվերի տակ՝ փնովելով սրան ու նրան, առաջ է ընթացել»։ Ռոբերտ Քոչարյանին սատարելու եկած ՀՅԴ-ն իր «Մահ կամ ազատություն» դրոշակներով ուղղակի սպանում է։ Տեսնես «ՕԵ»-ն, ՀՀԿ-ն եւ Սեյրան Ավագյանը դրոշ չունե՞ն, եթե ունեն, ինչո՞ւ չեն բերում հրապարակ, թե՞ նրանք դաշնակցականներից պակաս են սիրում թեկնածուին։ Նորացված կոմունիստ Ջուլիետա Ստեփանյանի ելույթը, մեր տպավորությամբ, երկար ճանապարհ անցած ելույթ էր եւ գրվել էր հատկապես թաղապետի ընտրությունների առիթով։ Նման կասկածի հիմքն այն է, որ «ՀՀ նախագահի թեկնածու» բառերի փոխարեն՝ տիկին Ստեփանյանը շարունակ «թաղապետի թեկնածու» էր ասում։ ՀՀԿ-ն ներկայացնող Գալուստ Սահակյանը «գնալով ավելի մեծ բերկրանք» է ապրում, «որովհետեւ բազմահազարանոց միտինգները կրկնապատկվում ու եռապատկվում են, այսինքն թե, ժողովուրդն իր ձայնը տալու է զարգացումներին եւ առաջադիմությանը»։ «Առուն չթռած, հոպ մի ասա»,- փաստում է ասացվածքների բառարանը։ Ըստ Գալուստ Սահակյանի՝ ժողովուրդն այսօր փրկվելու խնդիր չունի, «այլ ընդամենը խնդիր ունի գնահատել այն աշխատանքը, որը կատարվել է այսօր մեր պետության ներսում»։ Գալուստ Սահակյանը փետրվարի 19-ին ոչ միայն իր ձայնն է տալու (ափսոս, չշարունակեց, թե ուրիշ ի՞նչ է տալու)։ Շարունակությունը հետեւյալն էր. «ես կարծում եմ, որ փետրվարի 20-ին նոր էջ է լինելու մեր պատմության մեջ եւ երկրում ստեղծվելու է ամենապայծառ հանդուրժողական մթնոլորտը…»։ Ընդհատենք այստեղ խորհրդարանական մեծամասնության ղեկավարին եւ հավելենք, որ մենք եւս այդպես ենք կարծում։ ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը երեկ երկու հիշարժան միտք հրապարակեց։ Ըստ երեւույթին՝ հատուկ խանդոտ վերաբերմունք ունենալով ընդդիմության միասնական թեկնածուի հանդեպ, Ռոբերտ Քոչարյանը շտապեց մեկ անգամ եւս ինքզինքը հայտարարել միասնական թեկնածու. «Ուղղակի, քանի որ հարցը հնչեց, ասեմ՝ մենք չէինք խոսում միասնական թեկնածուի մասին, մենք հանգիստ այդ գործն անում էինք։ Այսօր, ըստ էության, ես 12 թե 13 կուսակցության միասնական թեկնածուն եմ։ Այս բանը մենք չենք ասել, ուղղակի մեր գործը շատ հանգիստ աշխատանքով, հանդիպումներով, քննարկումներով հասցրել ենք այս վիճակին։ Ընդդիմադիր դաշտում միասնական թեկնածուի հարցը ցավոտ հարց է դարձել, չէ՞, մեկ տարուց ավել անընդհատ դրա մասին են խոսում։ Ուղղակի անհամբեր սպասում ենք, որ, ի վերջո, միասնական թեկնածուի հարցը լուծվի։ Իսկապես ես ցանկանում եմ, որ լուծվի այդ հարցը նաեւ ընդդիմադիր դաշտում»։ Թեկնածուին ուղղված հարցերից մեկն էլ հետեւյալն էր՝ ինչպիսի՞ն է իրեն պատկերացնում ՀՀ նախագահը 2008-ին։ Հարցը ենթադրաբար դուր եկավ ՀՅԴ-ի, «ՕԵ»-ի, ՀՀԿ-ի եւ մյուս մանր կուսակցությունների ֆավորիտ թեկնածուին։ Հարմար գտանք պատասխանն ամբողջությամբ հրապարակել սերունդների համար. «Այսօր նախագահի կյանքը բավական մեծ սահմանափակումներ է ենթադրում։ Ես չեմ կարող ուղղակի քաղաքացու պես պարզ դուրս գնալ, գնալ սրճարանում նստել, մի բաժակ սուրճ խմել, ուղղակի մի ռեստորանում ճաշել, շրջապատով հավաքվել, ծնունդներ գնալ եւ այլն։ Բավական լուրջ սահմանափակումներ այստեղ կան եւ զբաղվածության առումով, եւ ինչ-որ տեղ հասկանում ես, որ մի տեղ գնաս թիկնապահներով-բանով, մարդկանց հանգիստն ես խանգարելու, այսպես ասենք՝ լրացուցիչ պրոբլեմներ ստեղծելով։ Ես կցանկանայի՝ այնպես լինի, որ 2008 թվից հետո փողոցներում, սրճարաններում, կինոթատրոններում ձեզ հետ հանդիպելիս պարզերես լինենք, իրար աչքի մեջ նայենք, իսկ դրան հասնելու համար պետք է այնպես անել, որ ծրագրված խոստումները կյանքի կոչվեն, դուք տեսնեք, որ իսկապես նախագահի կողմից արվել է այն, ինչ հնարավոր էր անել ներկա պայմաններում մեր երկիրը բարելավելու համար։ Այ, սա է»։ Այսպես հուզախռով էլ ավարտենք եւ ափսոսանք հայտնենք, որ հեքիաթների ժամանակներն անցել են, թե չէ կհուշեինք նախագահին՝ հեքիաթների հերոսի պես դերվիշի շորեր հագած շրջեր ժողովրդի մեջ ու հետեւություններ աներ առանց «մարդկանց հանգիստը խանգարելու» եւ «լրացուցիչ պրոբլեմներ» ստեղծելու։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել