Ճաշակին ընկեր չկա Արդեն ավանդույթ է դարձել. Մանիկ Գրիգորյանը տարին մեկ անգամ մենահամերգով հանդես է գալիս մայրաքաղաքի իր երկրպագուների համար։ Հայաստանի շրջանները նույնպես Մանիկ Գրիգորյանի աչքից չեն վրիպում։ Ու քանի որ քաղաքների համերգասրահները, գյուղերի մշակույթի օջախները գտնվում են ողբալի վիճակում ու դրանց մեծ մասն ավերված է, հաճախ երգչուհու համերգները տեղի են ունենում կամ քաղաքապետարանների, կամ էլ գյուղապետարանների շենքերում։ Մարզերում համերգների մուտքը հիմնականում անվճար է լինում, այս հարցով զբաղվում են իրենք՝ գյուղապետերն ու քաղաքապետերը, որոնց հետ «լեզու է գտնում» երգչուհին։ Երգչի աշխատանքն այսօր շահութաբեր չէ, համոզված է Մ. Գրիգորյանը։ Եթե նախկինում, ըստ նրա, իր աշխատավարձը կազմում էր 450 ռուբլի, ապա այսօր պետությունից ոչ մի աջակցություն չեն ստանում անգամ ժողովրդական երգի կատարողները։ 80-ականների ավարտին Մանիկ Գրիգորյանը եւս, շատերի նման պետք է պարգեւատրվեր Հայաստանի վաստակավոր արտիստուհու կոչմամբ, սակայն սկսվեց արցախյան շարժումը եւ նրա այդ կոչումն այդպես էլ մնաց Գերագույն խորհրդի սեղանին։ Նա համաձայն չէ պետական որոշ այրերի այն կարծիքի հետ, թե արվեստագետներին կոչումներ անհրաժեշտ չեն, քանի որ այդ կերպ, միեւնույն է, նրանց վիճակը չի լավանա։ Իր ծննդյան 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգի ժամանակ էլ, երգչուհին, որ աշխարհի քսանհինգ երկրներում ներկայացրել է հայ երգը, չարժանացավ պետության ուշադրությանը։ 2004-ին Մանիկ Գրիգորյանը տոնելու է իր ստեղծագործական գործունեության 35-ամյակը եւ, ինչպես ինքն է ասում, «ամեն ինչ անելու եմ իմ ուժերով, քանզի պետության վրա հույս դնել չի կարելի»։ Երգչուհին թեեւ այնքան էլ կողմ չէ տեսահոլովակների առկայությանը, հիշեց, որ «այնպիսի գումար պահանջեցին, որը ես չէի կարող տալ, ուստի եւ մինչ օրս գրեթե տեսահոլովակ չունեմ»։ Ինչպես հայտնի է, այսօր կան երգիչներ, որոնք իրենց համերգի տոմսերը, մեղմ ասած, «զոռով նաղդում» են ժողովրդի վրա, բայց Մանիկ Գրիգորյանը այդ երգիչների ցանկում չի ուզում ընդգրկվել, քանզի «դա իրեն պատիվ չի բերում»։ Իսկ նրանք, ովքեր իսկապես հետաքրքրվում են արվեստով, ըստ Գրիգորյանի, հնարավորություն չունեն համերգի գնալու։ Երգչուհին երազում է այնպիսի համերգի մասին, որին կմասնակցեն հայկական ժողովրդական երգի լավագույն վարպետները, սակայն մինչ օրս ոչ ոք նման համերգ չի կազմակերպել եւ երգչուհու երազանքը դեռ անկատար է մնացել։ Այժմ նա հուսով է, որ համերգասրահների վերանորոգումից հետո իր երազած համերգը կկայանա։ Ըստ երգչուհու, այսօր մեր երկրում չկա «էստրադային արվեստ» հասկացությունը։ Նա գտնում է, որ «էստրադային երգիչները ապականում են նաեւ ժողովրդական արվեստը, առանց գիտակցելու, որ ժողովրդական երգերի այն մշակումները, որոնք իրենք կատարում են, փչացնում են ե՛ւ երգը, ե՛ւ իրենք էլ չեն ընդունվում ժողովրդի կողմից, քանզի ժողովուրդը այդ երգի իսկական տարբերակը լսել է՝ առանց ավելորդ փոփոխությունների»։ Երգչուհին դժգոհում է, երբ շատ երգիչներ սխալ են երգում «Քելե, լաո», «Սուրմալու» երգերը ու թեեւ իր համերգի ծրագրում ինքն այլեւս չի ընդգրկում դրանք, սակայն հանդիսատեսի խնդրանքով դեռ կատարում է իրեն ճանաչում բերած այդ երգերը։ Նա ցավում է, որ այդ «մուսուլման» երգերը հնչում են Անկախության տոնին, Էրեբունի-Երեւան համերգի ժամանակ, երբ ներկա է լինում երկրի նախագահը. «Ես ասում եմ, նրանք, ովքեր նախընտրում են արեւելքը, թող ամուսնանան մուսուլմանների հետ եւ գնան այնտեղ, քանզի հիմքը արդեն դրել են»։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ