Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐԱՎՈՐ «ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հունվար 31,2003 00:00

ԴԱՐԱՎՈՐ «ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Երեկ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը եւ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը 2003-2004 թթ. ժամանակահատվածի համար համագործակցության պայմանագիր ստորագրեցին, որը ներառում է տնտեսության մի շարք կարեւոր ոլորտներ (այդ թվում՝ փոքր եւ միջին բիզնես, առեւտուր, հումանիտար ոլորտ)։ Մոսկվայի քաղաքապետը, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, խոստովանեց, որ իր այցը Հայաստան ամենեւին էլ նախընտրական նպատակներ չի հետապնդում եւ կապ չունի պաշտոնական Մոսկվայի կողմից առաջիկա նախագահական ընտրություններին ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին սատարելու հետ։ Համաձայնագիրը ստորագրվեց շատ ջերմ մթնոլորտում։ Փոխադարձ հաճոյախոսություններից հետո նաեւ նվերներ փոխանակվեցին։ Մոսկվայի քաղաքապետին հատկապես դուր եկան Խանջյանի կտավն ու Արամ Խաչատրյանի փոքրիկ արձանը։ Նա նույնիսկ մտաբերեց իր մանկությունը, երբ ընդամենը 10-12 տարեկան էր ու նվագում էր մի խմբում, որի «շեֆը» ինքը՝ Արամ Իլյիչ Խաչատրյանն էր։ Յու. Լուժկովի խոսքերով, մեծ կոմպոզիտորն այնքան իմաստուն էր, որ բոլոր երեխաներին, անկախ ընդունակություններից, միշտ թեւ էր տալիս, թե իբր լավ են նվագում։ Իրեն էլ է ժամանակին գովել. «Դու շա՜տ լավ ես շեփոր նվագում»։ Ի նշան հնամյա երախտագիտության էլ, Մոսկվայի քաղաքապետը խոստացավ Արամ Խաչատրյանի արձանիկը պահել իր սենյակի ամենաերեւացող տեղում։ Նա իր գոհունակությունը հայտնեց Երեւանի եւ Մոսկվայի միջեւ սկզբնավորված համագործակցությունից, որի հիմքում, ըստ նրա, տնտեսական փոխգործունեության անհրաժեշտությունն է, ինչը կարող է առաջիկայում ավելի լայն շրջանակներ ընդգրկել։ Յու. Լուժկովը հատկապես կարեւորեց բազմազգ Ռուսաստանում հայկական համայնքի դերը, որը ամենամեծն է ու ամենաակտիվը. «Նրանց մեջ լավ մասնագետներ կան, տաղանդավոր մարդիկ, իսկ ընդհանուր առմամբ, հայկական համայնքը մտավոր մեծ ներուժ ունի»։ Մոսկվայի քաղաքապետը անչափ կարեւորեց իրենց երկրի ազգությամբ հայ քաղաքացիների եւ ռուսների առողջ փոխհարաբերությունները, նաեւ հավաստիացրեց, որ ամեն ինչ արվում է ցանկացած բախում բացառելու համար։ Ըստ Յու. Լուժկովի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրական կապերի հիմնական խոչընդոտը տրանսպորտն է եւ Հայաստանի աշխարհագրական դիրքը։ Սակայն, ըստ նրա, առաջիկայում օպտիմալ լուծում կտրվի (ապրանքափոխադրումները կիրականացվեն Իրան- Կասպից ծով-Մոսկվա ճանապարհով)։ Վերջին անգամ Մոսկվայի քաղաքապետը Երեւան էր այցելել 1998-ին, եւ այսօր, երբ արդեն շրջել է Երեւանի փողոցներում, խոստովանում է, որ բավականին բան է փոխվել։ Մոսկվայի քաղաքապետը հատկապես կարեւորեց փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում համագործակցությունը, նշելով, որ ինքը, օրինակ, աջակցում է ազնիվ բիզնեսմեններին, փոխարենը «դաժան է բոլոր նրանց հետ, ովքեր անօրինություններ են թույլ տալիս»։ Հայաստան այցելող բոլոր բարձրաստիճան ռուսների նման, նա եւս խոսեց հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, որը, ըստ նրա, պայմանավորված է ընդհանուր դավանանքով։ «Մենք պատմականորեն փոխկապակցված ենք, եւ դա անհրաժեշտություն է»,- հայտարարեց Յու. Լուժկովը։ Նա նաեւ նշեց, որ գոնե Երեւանի ու Մոսկվայի քաղաքապետերը պետք է շատ շփվեն՝ ավելի հաճախ ստուգելու համար համատեղ ծրագրերը։ Իսկ դրանում, իր կարծիքով, անչափ մեծ է երկու երկրների՝ Ռուսաստանում՝ Հայաստանի եւ Հայաստանում՝ Ռուսաստանի դեսպանների աշխատանքային ակտիվությունը։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել