Լրահոս
Օրվա լրահոսը

Էս ծրագիրն իմն է

Հունվար 31,2003 00:00

Էս ծրագիրն իմն է ՀՀ նախագահի թեկնածուներ Գառնիկ Մարգարյանի եւ Արամ Գասպարի Սարգսյանի նախընտրական ծրագրերը տառացիորեն նույնն են Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի հրատարակած «Ընտրությունների ուղեցույց»-ում տարբեր են այս երկու թեկնածուների միայն կենսագրական տվյալները եւ դիմանկարները: Նախապես գրքի հեղինակներից ճշտելով, որ տպագրվածը թյուրիմացություն չէ, դիմեցինք այս երկու թեկնածուների նախընտրական շտաբներին: Գառնիկ Մարգարյանի նախընտրական շտաբից պարզաբանեցին, որ ծրագիրը մշակվել է այն ժամանակ, երբ եւ Արամ Սարգսյանը, եւ Գառնիկ Մարգարյանը եղել են «Սոցիալիստական Հայաստան» միավորման մեջ, եւ ծրագիրն էլ այս նրանց միասնական ծրագիրն է եղել: Ստացվում է, որ Արամ Սարգսյանը, դուրս գալով միավորումից, հավատարիմ է մնացել «Սոցիալիստական Հայաստանին», իսկ այս երկու թեկնածուներից յուրաքանչյուրն իր հերթին այժմ սեփականաշնորհել է համատեղ մշակված ծրագիրը: Սակայն հակառակն է պնդում ինքը՝ Արամ Սարգսյանը, եւ պարզվում է՝ Գառնիկ Մարգարյանն է ավելորդ սեփականատիրություն դրսեւորել: Իսկ ամեն ինչ, ըստ Արամ Սարգսյանի, եղել է այսպես: «Դա Հայաստանի դեմոկրատական կուսակցության ծրագիրն է, որ «Սոցիալիստական Հայաստանի» հետ երբ սկսեցինք համագործակցել, մյուս կուսակցությունների կողմից ընդունվեց որպես միասնական ծրագիր: Երբ մենք մեր անդամակցությունը սառեցրինք այդ կազմակերպությունում, չէինք ակնկալում, որ նրանք նույնպես պետք է հրաժարվեն: Բայց նրանք հանկարծ որոշեցին, որ դաշինք ստեղծել եւ մի այլ թեկնածուի սատարեցին, որն ունի իր ծրագիրը: Եթե այդպես է, նրանք մեխանիկորեն պետք է ընդունեին այդ ծրագիրը: Թե ինչու է պրն Մարգարյանը իրենը համարում այս ծրագիրը, պետք է իրեն հարցնել: Համենայնդեպս, բոլորը գիտեն, որ դա մեր կուսակցության ծրագիրն է, եւ ես դրանից հրաժարվելու կարիքը կամ ցանկությունը չունեմ, դա մերն է, եւ մենք այդպիսի ծրագրով գալու ենք իշխանության, որպեսզի այն իրականացնենք: Այդ ծրագիրը ստեղծվել է 1 տարի առաջ, մեր կուսակցության նախագահության անդամ, քաղաքագետ Հակոբ Հակոբյանի հեղինակությամբ, որից հետո կուսակցությունը շատ լուրջ քննարկումների արդյունքում այն ընդունել է որպես կուսակցության ծրագիր, որից հետո ներկայացվել է «Սոց.Հայաստանին», այնտեղ էլ խմբագրումներ են եղել, եւ ընդունվել է որպես միասնական ծրագիր: Հիմա եթե նրանք այդ ծրագրի հավատարմությունը պահպանում են, նշանակում է, որ նրանք պարտավոր են իրականացնել հենց այդ ծրագիրը: Իրենք պետք է այդ հակասությունը բացատրեն, թե ինչպես պետք է կողմնորոշվեն»: Ի դեպ, Արամ Սարգսյանը մանրամասնելով նախընտրական ծրագրի դրույթները՝ առանձնացնում է բնակչությանն առավել հուզող հարցերը, որ առնչվում են հարկային դաշտի փոփոխություններին, ուր խրախուսվում է փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը, ինչպիսի միջոցներ է պետք հայթայթել, որպեսզի վերջապես լուծվի ավանդների խնդիրը եւ այլն: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել