Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐՆ ԱՌԱՆՑ ԴԵՂԻ ՉԵՆ ՄՆՈՒՄ

Հունվար 31,2003 00:00

ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐՆ ԱՌԱՆՑ ԴԵՂԻ ՉԵՆ ՄՆՈՒՄ Անցյալ տարվա համեմատ, տուբերկուլյոզով հիվանդների թիվը աճել է 8-ով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասում երեկվա դրությամբ կար 38 հիվանդ կալանավոր։ Նրանց վիճակի եւ ապրելակերպի մասին մեզ տեղեկություններ հաղորդեց բուժսպասարկման բաժնի պետ Գոռ Խաչատրյանը։ Զրույցի ընթացքում պարզվեց, որ բուժմասում գերակշռում են թերապեւտիկ հիվանդները (սրտանոթային համակարգի, լյարդի, աղեստամոքսային եւ այլն), կան նաեւ մաշկավեներական, նյարդային շեղումներով եւ հոգեկան, տուբերկուլյոզով հիվանդներ։ Թվային տվյալներով պատկերը հետեւյալն է. վեներական հիվանդներ՝ 2001թ.՝ 81, 2002-ին՝ 69, որոնցից երկուսը հիվանդ են սպիդով, տուբերկուլյոզով հիվանդներ՝ 2001թ.՝ 54, 2002-ին՝ 62, հոգեկան խանգարում ունեցողներ ընդհանուր տարածքում հաշվառված է 40 հիվանդ, քաղցկեղով հիվանդ՝ 2002-ի դրությամբ՝ 1 մարդ։ Մահվան 4 դեպք է գրանցվել 2001-ին, 2002-ին մահ չի եղել։ Շատ տարածված է քոս հիվանդությունը, որի դեմ ակտիվ պայքար է մղվում։ Գ. Խաչատրյանի հավաստմամբ, իրենք փորձում են բուժման արդյունավետությունը հասցնել մաքսիմումի։ Իսկ դատից հետո, եթե կալանավորը դեռ բուժման կարիք ունի, ուղարկվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ «Ինչպիսի՞ դրական փոփոխություններ են կատարվել հիմնարկում անցած 2002-ին» հարցին բուժմասի պետը պատասխանեց. «Համարյա ոչ մի։ Ընթացիկ վերանորոգվում են խցերը, ամբողջությամբ նորոգվել է տանիքը, օրենքի փոփոխություններ են եղել, որով թույլատրվեց մեր կալանավորներին տեսակցություն թույլ տալ, հանձնուքի հաճախականությունը ավելացավ։ Զանազան կազմակերպություններ են այցելում, սակայն որպես բարելավում ոչինչ չենք ստանում։ Աշխատում ենք 60-ական թվականների սարքավորումներով։ 2002-ին ստացել ենք 1 մլն 200 հազար՝ մարդասիրական օգնության դեղորայքից եւ 200 հազար՝ բյուջեից։ Բայց հիվանդները մեզ մոտ առանց դեղի չեն մնում։ Իհարկե, լավ կլիներ, եթե անհրաժեշտ մի քանի սարքավորումներ ունենայինք, բիոքիմիական լաբորատորիա լիներ։ Նեղ մասնագետների կարիք ունենք, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանք լուրջ օգնություն ցուցաբերել։ Այժմ ունենք 9 նեղ մասնագետ»։ Իսկ ընդհանուր առմամբ, նա ավելացրեց, որ լինում են ինքնավնասման դեպքեր, կախվում են, մեխ կամ երկաթ են կուլ տալիս, ջրադուլ կամ հացադուլ են հայտարարում եւ սրանք բողոքի ձեւեր են։ Մեկուսարանի յուրաքանչյուր հարկում կա ամբուլատոր սենյակ, եթե կալանավորը հիվանդ է, տեղափոխվում է այնտեղ, իսկ եթե վիճակը լուրջ է՝ իջեցնում են բուժմաս։ Կա հեռախոս, որից կարող են օգտվել քարտ վերցնելու դեպքում։ Օրը երեք անգամ սնունդ է տրվում, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ դիետիկ։ Ծանր հիվանդներին խնամում են կամ տնտեսական մասի կալանավորները, որոնք մնացած այլ ծառայությունների հետ միասին զբաղվում են նաեւ հիվանդների խնամքով, կամ կողքի կալանավորը։ Հարազատներին որեւէ խնամք իրականացնել չի թույլատրվում։ Խցերում կալանավորները տեսակավորված էին ոչ միայն ըստ հիվանդության, այլեւ ըստ կատարած հանցանքի տեսակի։ Խցերից մեկում մարդասպաններ էին, մյուսում՝ տնտեսական հանցագործներ եւ այլն։ Նրանց մեծ մասը իրեն անմեղ էր համարում եւ բողոքում քննիչներից ու դատախազներից։ «Նշանավոր» բանտարկյալներ գրեթե չկային։ Մի քանի թաղային հեղինակություններ էին միայն, որոնցից մեկի՝ շահումյանցի Արմենչիկի մոտ ինձ այդպես էլ չհաջողվեց մտնել, իսկ մյուսի՝ Չարխի Արեսի հետ զրուցեցի, սակայն չեմ հրապարակում՝ իր ցանկությամբ։ Տարբեր էր վերաբերմունքը սննդի հանդեպ։ Կալանավորների մի մասը դժգոհում էր՝ «Շանը որ տաս՝ չի ուտի»։ Ոմանք էլ ըմբռնումով էին մոտենում հարցին եւ գտնում, որ իրենք ստանում են բանտարկյալին համապատասխան սնունդ եւ դժգոհելու իրավունք չունեն։ Բուժման առնչությամբ դժգոհություններ գրեթե չեղան։ Հատկապես գոհ էին մաշկավեներոլոգ Գալուստ Կարապետյանից, որին բոլոր խցերի բնակիչները համարում էին ոչ միայն լավ բժիշկ, այլեւ մարդկային բարձր հատկանիշներով օժտված անձնավորություն։ Կային խցեր, ուր ընդհանրապես հնարավոր չէր մտնել՝ այնտեղից փչող գարշահոտի պատճառով։ Կային խցեր էլ, որոնք ավելի լավ վիճակում էին, քան մեր քաղաքային հիվանդանոցի սենյակները։ Դա կալանավորի անձնական հիգիենայից է կախված։ Մեծ մասամբ ճակատագրի հետ հաշտ մարդիկ էին, մարդիկ՝ իրենց լավ ու վատ սովորություններով, իրենց փշրված կյանքով, որոնց ակամայից ուզում ես հավատալ ու օգնել, մի պահ մոռանալով, որ նրանցից յուրաքանչյուրն այստեղ է գտնվում իր դիմացինին կամ մերձավորին չարիք պատճառելու համար։ Մի քանիսն առանձնակի դժգոհություն հայտնեցին. սպիդով հիվանդ երկու կալանավոր՝ Ալբերտը եւ Սամվելը, բողոքում էին, որ ճաշը շատ յուղոտ է, իրենց չի կարելի։ Դիետն էլ հավերժ կարտոֆիլ է։ Շարունակվող անորոշություն ու զազրելի հիվանդության ուրվական։ «Մենակ գլյուկոզա են տալիս, որ չփտենք, ուրիշ բուժում չկա մեզ»,- ասում է նրանցից մեկը։ Կարապետյան Ռոբերտը (նախկին միլիցիայի աշխատող) բուժմաս էր բերվել որպես հոգեկան հիվանդ. «Քսան օր է այստեղ եմ, ես հիվանդ չեմ, բուժում չեմ ստանում։ Երկու ամիս է մնացել, որ տուն գնամ, թող ինձ հետ ուղարկեն։ Իմ այստեղ լինելը ինչ-որ մարդկանց պետք է»։ Նա իսկապես հոգեկան հիվանդ չէր, համենայնդեպս, իմ հանդիպած բոլոր կալանավորներից ամենաառողջի տպավորությունը նա թողեց։ Ավելի ուշ հիմնարկի պետ Խ. Սարգսյանը տեղեկացրեց, որ երկու օրից նրան ետ՝ «Երեւան» քրեակատարողական հիմնարկ են ուղարկելու։ Բողոք ուներ նաեւ կալանավոր Կորյուն Սարգսյանը, որը համոզված է, որ իր դատը հետաձգվում է միտումնավոր եւ որպես աղմկոտ դատավարություն, այն կլսեն առաջիկա նախագահական ընտրություններից հետո միայն։ Բոլորը մի տեսակ սպասման մեջ էին. մի մասը անհանգիստ, մի մասը՝ անտարբեր, մյուսներն էլ ուղղակի ապրում էին ինչպես դրսում։ Նրանցից ոմանք գուցե արդարացվեն՝ հույսները չէին կորցնում։ Արդեն դատապարտվածներ էլ կային։ Ապրում էին միասին, իրենց չգրված օրենքներով, որոնք խստորեն պահպանում ու հարգում էին։ Հիվանդ հասարակության առավել տկար այդ հատվածում նրանք կարիք ունեն լավ վերաբերմունքի, ներման ժպիտի։ Համարյա բոլորին տհաճ է այն հարցը, թե «ինչո՞ւ եք այստեղ»։ Դժվարությամբ ու տխրությամբ էին արտաբերում պատասխանը։ Նրանցից շատերը կրկնահանցագործ էին։ Գնում են ու վերադառնում։ Կյանքի չափանիշներն աստիճանաբար փոխվում են ու այլեւս հաշտ են դառնում մեղքի հետ։ Շատերի խցերում սրբապատկերների առջեւ մոմեր էին վառվում։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել