Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պետք եղավ՝ մարդ էլ կծեծենք»

Հունվար 31,2003 00:00

«Եթե պետք եղավ՝ մարդ էլ կծեծենք» «Այո, ես՝ որպես բանկի խորհրդի նախագահ, պետք է պաշտպանեմ մեր ավանդատուների շահը»,- հայտարարեց «Հայագրոբանկի» խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ արձագանքելով մեր թերթի՝ «Թալանն ուղղակի օրինականացվել է» հրապարակմանը։ Հիշեցնեմ, որ խոսքը Արտենի գյուղին մերձակա գինու գործարանի մասին է, որի սնանկացման արդյունքում գործարանի տնօրինությունը չի կարողացել վերադարձնել ժամանակին բանկից ստացած վարկը։ Սնանկանալուց հետո վերջիններիս պարտադրվել է վաճառել մնացած գույքը եւ վարկը վերադարձնել։ «Ցանկացած կազմակերպություն եւ անհատ՝ անկախ նրանից, արդեն սնանկացած է, թե սնանկացման եզրին է, պարտավոր է վերադարձնել մեր բանկից վերցրած գումարները. մենք բոլոր միջոցներով կստանանք այդ գումարները»,- ասաց Հակոբ Հակոբյանը, հավելելով. «Մեկ ձեռնարկություն, մի քանի անհատ կարող են սնանկանալ, բայց բանկի սնանկացումը նշանակում է սնանկացնել տնտեսության մի մասը»։ Եթե մենք ցանկանում ենք առողջ տնտեսություն ունենալ, ըստ պարոն Հակոբյանի, նախեւառաջ պետք է առողջ բանկային համակարգ ունենանք։ Ու համոզված է. «Եթե բանկ-հաճախորդ հարաբերությունների հիմքում դնենք պաշտոնեական կամ ընկերական շահը՝ անպայման տանուլ կտանք»։ Վստահեցնելով, որ բանկի ավանդատուների եւ հաճախորդների թիվը կրկնակի է դարձել, Հ. Հակոբյանը դա իրենց աշխատանքի անմիջական արդյունք է համարում, քանզի «ի սկզբանե ի շահ բանկի ենք աշխատել»։ Որովհետեւ «մարդիկ վստահում են «Ագրոբանկին», վստահում են ինձ» եւ, բնականաբար, «մենք պարտավոր ենք նրանց հուսախաբ չանել եւ ամեն գնով արդարացնել նրանց վստահությունը»։ Ի դեպ, ըստ բանկի խորհրդի նախագահի, «Ագրոբանկը» համակարգի թիվ մեկ հարկատուն է. «Մենք այնքան հարկ ենք վճարել, որքան մի քանի բանկեր միասին վերցրած չեն վճարել»։ Ու հանուն բանկի շահի. «Վարկերը չվերադարձնողների նկատմամբ այսուհետեւ ավելի կոշտ է լինելու մեր քաղաքականությունը։ «Ագրոբանկը» նպատակ չունի խաբված ավանդատուների մի բանակ էլ ավելացնել»։ «Այսինքն ծեծել-ջարդելով…» հարցին այսպես արձագանքեց Հ. Հակոբյանը. «Եթե բանկի ու ավանդատուների շահը պահանջի, որ մարդ ծեծենք՝ կծեծենք։ 100-ավոր թոշակառուները, որոնց նեղ օրվա գումարները մեր բանկում են, մի քանի հանցագործների յուրացումներից չպետք է տուժեն։ Դատական գործերն ամիսներով ձգձգվում են, մինչդեռ ավանդատուն պետք է վստահ լինի, որ մեզ վստահած իր գումարը ցանկացած ժամանակ կարող է ետ ստանալ»։ «Մենք ոչ մեկից չենք վախենում՝ անկախ նրա զբաղեցրած պաշտոնից, եւ ինչ էլ անենք՝ միայն ի շահ բանկի։ Միշտ գործելու ենք օրենքի շրջանակներում, բայց եթե որոշեն մեզ հետ, այսպես ասած, հարցեր լուծել օրենքից դուրս՝ մենք էլ այդպես կպատասխանենք»,- եզրափակեց Հ. Հակոբյանը, պատասխանելով՝ «տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կամ իրավապահների միջամտությունները որոշ դեպքերում կմեղմացնի՞ ձեր կոշտ քաղաքականությունը» հարցին։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել