ՍԵԼԸ ՉԻ ՃՌՌՈՒՄ, ՍԵԼՎՈՐՆ Է ՃՌՌՈՒՄ Մարդկանց նկատմամբ իշխանությունների կողմից հերթական անտարբերության դառնությունը դեռ չի մարսվել, մինչդեռ որոշ ֆունկցիոներներ, մեղանչելու ու գործնական քայլեր ձեռնարկելու փոխարեն, լրատվական միջոցներում արդեն հանդես են գալիս ինքնագովությամբ ու հանդիսավոր զեկուցում կատարած «հերոսական» աշխատանքի մասին՝ ծայրահեղ ցրտերի հետեւանքների «օպերատիվ» վերացման գործում։ Դժվար է տարբերել՝ մարդկանց նորից ձե՞ռ են առնում, թե՞ ուղղակի օգտվում են պատեհ առիթից՝ արդարացնելու իբր այդ ուղղությամբ կատարված 100 մլն դրամի հասնող ծախսերը։ Իսկ իրականում պատկերը հետեւյալն է։ Իշխանությունները ոչ միայն չէին նախապատրաստվել ձմռանը նորմալ դիմավորելուն, սահմանափակվելով հրապարակում տոնածառի մոնտաժումով, այլեւ սառնամանիքների հետեւանքներին առնչվելիս, երբ ջրագծերի ու կոյուղիների սառցակալումը մայրաքաղաքում արդեն զանգվածային բնույթ էր կրում, մարդիկ նոր տարվա շեմին, տոնակատարություններին պատրաստվելու փոխարեն, բնակարաններից կղկղանքների հերթական չափաքանակներն էին դուրս հանում… Չշարունակենք գարշելի ու ողբերգական տեսարանների նկարագրությունը, քանզի այն իրենց մաշկի վրա զգացել են երեւանյան հազարավոր ընտանիքներ։ Մինչդեռ այս համատարած աղետային պայմաններում իշխանության մարմինները, սկսած թաղապետարաններից, վերջացրած քաղաքապետարանով ու կառավարությունով, «լքել» էին իրենց գրասենյակները, շենքերի պահպանությունը թողնելով միայն ոստիկանության հերթապահներին ու ցվրվել ամենքն իր ապարանքը։ Ամբողջ իշխանության պարտավորություններն այս արտակարգ իրավիճակում թողնվել էր «1-08» հեռախոսի հերթապահությանը, որը միայն մի խորհուրդ էր տալիս (մատյանում գրանցելուց հետո)՝ դիմել համապատասխան «ԺԷԿ»-ին։ Ի դեպ, նույն «ԺԷԿ»-ին էին մատնացույց անում նաեւ թաղապետարանի պատասխանատու աշխատակիցները դեռ դեկտեմբերի վերջերին, նրանց ուղղված տագնապալից հեռախոսազանգերին պատասխանելիս։ Իսկ այսպես կոչված «ԺԷԿ»-ի «զինանոցում» ընդամենը 1-2 կիսասառած բանվոր էին ու մեկ կամ, ծայրահեղ դեպքում, երկու տաքացուցիչ «պրիմուս»՝ տեղամասի հարյուրավոր շենքերի պատահարները վերացնելու համար։ Էլ չասած ջերմամեկուսիչ եւ այլ նյութերի, անհրաժեշտ սարքավորումների ու ֆինանսական միջոցների բացակայության մասին։ Համոզվելով, որ նման իշխանությունների առկայության դեպքում «խեղդվողների փրկությունը հենց իրենց՝ խեղդվողների գործն է», բնակիչները գործում էին ու գործում են՝ ելնելով իրադրությունից։ Կարող է հարց ծագել՝ իսկ ի՞նչ պիտի անեին իշխանությունները։ Պատասխանենք, որպեսզի «արհեստավարժ» իշխանություններն իմանան, որ գոնե հետագայում սպասվող նման իրավիճակներում հայտնվելիս «թքած չունենան» ժողովրդի աղետային իրավիճակի վրա եւ կատարեն նրա հանդեպ իրենց պարտականությունները բարեխղճորեն ու արհեստավարժ կերպով։ Եվ այսպես, ոչ ուշ, քան դեկտեմբերի 10-12-ին կառավարությունը պարտավոր էր արտահերթ նիստ հրավիրել եւ հանձնարարել՝ – քաղաքապետարանին, թաղապետարանների հետ մեկտեղ, 2-3 օրվա ընթացքում, իրենց տեղամասերում կազմել առաջնահերթ ու անհետաձգելի աշխատանքների ցանկը, հաշվարկելով անհրաժեշտ աշխատուժի, նյութերի, սարքավորումների ու ֆինանսական միջոցների պահանջարկը, -Արտակարգ իրավիճակների վարչությանը՝ մոբիլիզացնել սեփական ռեսուրսները, քաղաքապետարանի հետ մեկտեղ, անհրաժեշտության դեպքում ընդգրկել համապատասխան մասնագետների ու բանվորների՝ պայմանագրային հիմունքներով աշխատանքները կատարելու համար, – ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությանը՝ բյուջեի ռեզերվային ֆոնդից անհրաժեշտ գումարներ հատկացնել աշխատանքների կատարման համար, – աշխատանքների ու միջոցառումների կատարման հսկողությունը հանձնարարել տեղական ինքնակառավարման մարմիններին, պարտավորեցնելով պարբերաբար զեկուցել վարչապետին գործերի կատարման ընթացքի մասին, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու համար, – աշխատանքների կատարման ժամկետը սահմանել ոչ ուշ, քան դեկտեմբերի 25-ը։ Բա ի՞նչ էիք ուզում։ Սովորական պայմաններում մարդիկ իշխանությունների միջամտության կարիքը չունեն, հենց նման էքստրեմալ պայմաններում է, որ իշխանության դերն ու գործելակերպը ի հայտ պիտի գան։ Բայց, ավաղ, մի գորշ առիթ եւս ունեցանք համոզվելու, որ մեզանում արդեն գերհասունացել է համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը։ (Եվ միայն այդ պարագայում կարող է «դեղ ու դարման» լինել մեր բազմաթիվ դառնություններին ու ցավերին)։ Միայն բարեխիղճ, բարոյական ու հիրավի արհեստավարժ պաշտոնյաների առկայությունը կարող է շտկել իրադրությունը, այլ ոչ խմբակային իշխանական միջպետական շրջագայությունները՝ ուղղված միայն կորպորատիվ շահերի բավարարմանը, ինչը ոչ մի ընդհանրություն չունի ժողովրդի ցավերը բուժելու հետ։ Ինչեւէ, միակ սփոփանքն այն է, որ հեռու չէ այն օրը, երբ կարող ենք այս առիթով եւս հստակեցնել մեր վերաբերմունքը «անփոխարինելի» իշխանությունների նկատմամբ ու ըստ արժանվույն գնահատենք նրանց՝ մեր ընտրությունը կատարելիս։ ՍԵՎԱԿ ԱՅՎԱԶՅԱՆ Տնտ. գիտությունների թեկնածու, թոշակառու Հ. Գ. Տխմար ավանդույթ է դարձել, երբ ամեն մի դուրսպրծուկ իր պարտքն է համարում տեղի թե անտեղի խարազանել անցյալը։ Մինչդեռ այդ անցյալում տարվա բոլոր տոնական օրերին ոչ միայն կառավարական ատյաններում, այլեւ յուրաքանչյուր ձեռնարկությունում շուրջօրյա հերթապահություն էր սահմանվում նման արտակարգ եւ այլ իրավիճակներից խուսափելու համար։ Ուր մնաց, որ նման իրադրությունում մեծ ու փոքր իշխանիկները նախատոնական օրերին թողնեն տասնյակ հազարավոր մարդկանց դժբախտության մեջ եւ օրերով լքեն աշխատատեղերն ու առանց խղճի խայթ ու պարտականությունները զգալու՝ ուտել-խմելու «գործերով» զբաղվեն։