Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ

Հունվար 31,2003 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ Օր 10-րդ Լրագրողներից մեկը նկատել է, որ ելույթների սրության առումով երբեք այսպիսի քարոզարշավ չէր եղել, մինչդեռ գույները գնալով թանձրանում են: Երեկ «օրվա ելույթի» հեղինակը Ռուբեն Հախվերդյանն էր՝ քոչարյանամետ իր քարոզի ցնցող պատճառաբանությամբ. սիրված երգահանը ցանկանում է, որ իր զավակներն ապրեն երկրում, որտեղ նախագահ է Քոչարյանը: Հինգ տարի հետո Քոչարյանն այլեւս չի կարող նախագահ լինել՝ համաձայն ՀՀ Սահմանադրության: Հուսով ենք, այդ պատճառով պրն Հախվերդյանն իր զավակների հետ երկիրը չի լքի: Քոչարյանի պայծառակերպումը՝ ղեկավարից առաջնորդի, հանրությանը մեկնեց Ռ. Դավոյանը: Եվ քանի որ նախորդ օրն ի պաշտպանություն Դեմիրճյանի խոսել էր սպորտսմեն, մի սպորտսմեն էլ ընդգրկվեց Քոչարյանի գովազդում: Մնացյալ եթերը գերակշռող մասով Քոչարյանի հակաքարոզչություն էր, ինչը ավելի քան բնական է: Արտաշես Գեղամյանը Լուսինե Զաքարյանի երգեցողության ուղեկցությամբ գուժեց մեր հոգեւոր հայրենիքի ամայացման մասին. ո՞վ է մեղսագործը՝ կռահում են բոլորը: «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը «քողազերծեց» Քոչարյանի «ազգադավ» քաղաքականությունը, որի արդյունքում թուրքերը զինավարժություն են անցկացնելու Սարդարապատում՝ պղծելով 1915-ի զոհերի հիշատակը: «Էլ ինչո՞ւ էինք հալածում նախկին իշխանություններին»,- համլետյան տարակուսանքների մեջ հարցրեց հռետորը՝ թերեւս թուրքատյացության ազգային դատին տեր չկանգնելն ակնարկելով: «Հանրապետություն» կուսակցության կողմից խոսեց գյումրեցի, որը հերթական անգամ ի դերեւ հանեց աղետի գոտին զարգացման գոտու վերածելու մասին Քոչարյանի հեքիաթները: Ցավոք, բանախոսի հայերենն անթերի չէր. ասենք՝ «օրհասական հաց» ասվեց՝ «հանապազօրյայի» փոխարեն, կամ ամերիկացի Հասթմանը ներկայացվեց ավստրիացի: Արամ Կարապետյանը, ինչպես միշտ, խոսեց իր ծրագրերից: Ստեփան Դեմիրճյանը, ինչպես միշտ, ցուցադրեց ռեպորտաժ, թե ինչ տոնակատարության են վերածվում իր այցերը մարզեր: Հուզմունքից եւ ուրախությունից ծփացող բազմության ֆոնի վրա Դեմիրճյանն ըստ էության հայտարարեց. «Սա է իմ սոցիոլոգիան»: Արամ Հարությունյանը եւ Ռուբեն Ավագյանն էլ եթերում տեղադրեցին լոկ իրենց լուսանկարները: Լ. Պ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել