«Թյուրընկալումն» էական չէր Նախ նշենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերի հետ երեկ «Առավոտում» հրապարակված հարցազրույցից դուրս էր մնացել թափանցիկ քվեատուփերին վերաբերող հատվածը, որը պատրաստվում էինք հրապարակել ԿԸՀ-ից պարզաբանումներ ստանալուց հետո: Իսկ մեր զրույցի ժամանակ պրն Այքերին խնդրել էինք հերքել կամ հաստատել Ա.Գեղամյանի նախընտրական շտաբի արած՝ «թափանցիկ քվեատուփերի» մասին, հետագայում սկանդալային դարձած հայտարարությունը: Արդյո՞ք ԿԸՀ-ն չի համաձայնել ընդունել այդ առաջարկը: Ի պատասխան պրն Այքերը բառացիորեն հետեւյալն ասաց. «ՀՀ Ընտրական օրենսգրքում դրույթ կա, որտեղ նշված է, որ ԿԸՀ-ն կարող է օգտագործել թափանցիկ քվեատուփեր: Սակայն, կարծում եմ, իրենց պետք է հարցնեք, թե ինչու են որոշել չօգտագործել դրանք»: Մեր լրացուցիչ հարցադրմանը, թե «այդուհանդերձ, նման առաջարկ եղե՞լ է», պրն Այքերը պատասխանեց. «Առաջարկությունը մենք չենք արել: Մենք ընդամենը դիտորդական առաքելություն ենք, սակայն միջազգային հանրության կողմից թափանցիկ քվեատուփեր տրամադրելու առաջարկ եղել էր»: Կարծում ենք, պատասխանը միանշանակ է եւ թյուրըմբռնման մասին խոսք լինել չէր կարող: Բայց ահա երեկ իսկական խառնաշփոթ առաջացավ: ԿԸՀ-ում, թերեւս, ակնկալելով, որ այդ հարցի շուրջ հարցադրումներ կլինեն, պրն Այքերն ինքը հայտարարեց. «Մամուլում ոչ պարզ հայտարարություններ են եղել թափանցիկ քվեատուփերի վերաբերյալ: Նա (ԿԸՀ նախագահ Ա.Սահրադյանը-Ն.Մ.) ինձ այսօր վստահեցրեց, որ ողջունում է թափանցիկ քվեատուփեր տեղադրելու առաջարկը նույնիսկ նախագահական ընտրությունների համար, եթե հնարավոր լինի դա այդքան արագ անել: Պարոն Սահրադյանը կհանդիպի միջազգային համայնքի անդամների հետ եւ կքննարկի, թե նրանք որքանով են պատրաստ քվեատուփեր տրամադրելու»: Ինչ վերաբերում է կոնկրետ այն հանդիպմանը, որին, ինչպես պարզվեց, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Էլեն Կոնկեւիչն է մասնակցել, եւ որտեղ հենց վերջինս է նման առաջարկ արել, Պ.Այքերը հայտարարեց. «Ես ինքս այդ հանդիպմանը չեմ մասնակցել, եւ սա հատկապես այն հարցն է, որ մամուլում սխալ էր ներկայացվել: Որպես դիտորդական առաքելություն՝ մենք առաջարկներ չենք անում»: Ահա որտեղից թյուրըմբռնումը: Պարզվում է, պրն Այքերը չի հերքում հիշյալ առաջարկը ԿԸՀ-ի կողմից մերժելու փաստը, այլ պարզաբանում է, որ առաջարկը ոչ թե ինքը, այլ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն է արել: Նրա խոսքերից հասկացվեց, որ Ա.Սահրադյանը միայն երեկ է ողջունել այդ առաջարկը: Եվս մեկ շփոթ, որն առաջացրեց ԿԸՀ նախագահը: Ավելի ուշ նա իր պարզաբանումներում հերքեց, թե ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Էլեն Կոնկեւիչի ու պրն Այքերի հետ երեկվա հանդիպման ժամանակ խոստացել է այս հարցը քննարկել միջազգային դոնորների հետ. «Դրա մասին խոսք չի եղել»: Միաժամանակ Ա.Սահրադյանի խոսքերով, երեկ Է.Կոնկեւիչի առաջարկությամբ համաձայնություն է ձեռք բերվել եւս մեկ անգամ մի քանի ժամ անց հանդիպել՝ քննարկելու թափանցիկ քվեատուփերի խնդիրը: «Ես մտահոգությունը հայտնեցի նման հայտարարությունների վերաբերյալ եւ ասացի, որ մեր հանդիպման ժամանակ նման խոսակցություն բացարձակ չի եղել»,- ասում էր Ա.Սահրադյանն ու ճիշտ էր ասում, եթե նկատի ունի կոնկրետ Պ.Այքերի հետ իր նախորդ հանդիպումը: Պրն Սահրադյանը հավաստիացնում էր, որ առաջին անգամ իր եւ տիկին Կոնկեւիչի միջեւ է թափանցիկ քվեատուփերի մասին խոսակցություն եղել՝ մոտ 1-2 շաբաթ առաջ. «Եվ ես ասել եմ, որ ողջունում եմ նման առաջարկը, սակայն այսօր մեր բյուջեում նման հնարավորություններ չկան դա ապահովելու համար: Իրենք առաջարկեցին, որ դոնորների հետ իրենք կբանակցեն, բայց մտահոգություն հայտնեցին, որ գուցե չհասցնեն, եւ առաջարկեցին դա անել ԱԺ ընտրությունների համար: Ես դարձյալ ողջունեցի: Տիկին Կոնկեւիչը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ-ն փորձում է միջոցներ գտնել ՀՀ բոլոր ընտրական տեղամասերում թափանցիկ տուփեր տեղադրելու համար, եւ, որ դոնոր երկրների հետ բանակցություններ են վարվում: Նրա կարծիքով, տուփերը պետք է պատրաստվեն արտերկրում, ինչը կպահանջի մոտ մեկ ու կես ամիս»: Րոպեներ անց նույն խոսակցությունը պրն Սահրադյանը միանգամայն այլ կերպ պատմեց, որից պարզ դարձավ, որ «գործին խփողը» հենց ԿԸՀ-ն է եղել՝ ի դեմս պրն Սահրադյանի. «Ես ասացի՝ ողջունում եմ այդ առաջարկությունը, սակայն այս ընտրությունների համար մտավախություն ունեմ, որ չեք հասցնի: Ինքն ասեց, որ միգուցե մենք դա անենք ԱԺ-ի՞ համար: Ասացի՝ խնդիր չկա: Ես նույնիսկ ասացի, որ այս ընտրությունների համար էլ մենք պատրաստ ենք: Թյուրիմացություն է եղել, որի վերաբերյալ շահարկումներ անել չի ստացվի, որովհետեւ մեզ համար կարեւոր է, որ ընտրություններն արդար ու թափանցիկ ընթանան»: Վերջում այս ամենին պրն Սահրադյանը դեռ վերապահումներ էլ արեց. «Ես նաեւ նշեցի, որ դա (խոսքը քվեատուփերի վերաբերյալ առաջարկության եւ դա ընդունել-չընդունելու մասին է- Ն.Մ.) կոլեգիալ որոշման հարց է: Ես էլ պետք է ժամանակ ունենամ: ԿԸՀ-ի որոշումը միայն նախագահի որոշում չէ: Եթե եվրոպական կառույցներն այդ խնդիրն իրենք իրենց վրա կվերցնեն, ապա այդ դեպքում մենք դա կընդունենք, եթե, իհարկե, ԿԸՀ-ն որեւէ այլ մոտեցում չի ունենա»: Կարծում ենք, ԿԸՀ-ն հակված է «այլ մոտեցման»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ