Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարկատուն՝ ընդդեմ հարկահավաքի

Հունվար 30,2003 00:00

Հարկատուն՝ ընդդեմ հարկահավաքի Հարկատուները մեր երկրում բաժանվում են չորս դասի՝ խոշոր, միջին, փոքր եւ գերփոքր։ Նույն հաջորդականությամբ էլ կարելի է բաժանել նրանց հովանավորող չինովնիկներին՝ ըստ դասերի։ Ընդունված կարգով յուրաքանչյուրի բիզնեսը պաշտպանվում է ոչ թե օրենքի, այլ՝ իր «տանիքի» կողմից։ Անձերով ստեղծվող ու պահպանվող գործարարության հիմքը խախուտ է եւ կարճաժամկետ, ներդրումներն էլ՝ չապահովագրված։ Այս մասին շատ լավ տեղյակ լինելով հանդերձ, ողջ կյանքն արհմիութենական ճակատում «կռիվ տված» Գագիկ Ճանճապանյանը որոշել է միացնել բոլոր հայ հարկատուներին՝ մեծ թե փոքր, հեռու թե մոտիկ, իրենց խնդիրներով ու շահերով։ «Այսօրվա հարկատուն վախի զգացում ունի բոլորից,- ասում է «Հայ հարկատուների միասնություն» ՀԿ նախագահը,- ինքն է լցնում բյուջեն, ինքն է պահում վարչակազմին, բայց հենց մի աննշան մակարդակի չինովնիկ մտնում է տարածք՝ խառնվում է իրար»։ «Գուցե դա անմաքուր աշխատելո՞ւց է» միամիտ հարցին պատասխանեց, թե՝ «որ մաքուր աշխատեն՝ չեն կարող ոչ տուն պահել, ոչ էլ գործ անել»։ Հասկանալի է, որ իրենց շահույթի կամ այլ տվյալների «սրբագրումով» են աշխատում բոլոր գործող օբյեկտներն ու սուբյեկտները։ Իսկ խոշոր հարկատուներից մի քանիսը պարոն Ճանճապանյանի հետ նաեւ անկեղծացել են. «Ես հաշվապահներ էլ ունեմ, կապեր էլ, կեղծումներ էլ եմ անում՝ ինչքան ասես, տակից էլ դուրս եմ գալիս»։ Էլ ո՞ւմ եւ ինչի՞ համար է կռիվ տալու այս ՀԿ-ն, եթե բոլորն էլ իրար հետ լեզու գտած ապրում են։ «Այդպես մի ասեք, խնդիրներ շատ կան, ուղղակի հարկատուին պաշտպանող չկա, օրենքները չեն գործում, չինովնիկները ստեղծել են այնպիսի մթնոլորտ, որ գործարարը ստիպված կաշառք տա, իրենք էլ անպատիժ յուրացնեն», ասելով՝ պարոն Ճանճապանյանը պարզաբանեց այդ «մթնոլորտից» մի քանի «շերտ». «Ամբիոններից ու լրատվամիջոցներով հարկայինը հերքում է կանխավճարի գանձման փաստը, բայց ում հետ խոսում եմ՝ դրանից է բողոքում։ Ու վախենում են չտալ, որովհետեւ վաղը կգնան-կնստեն իրենց կազմակերպության վզին։ Հարկային դաշտն էլ այնքան շուտ-շուտ են փոփոխում, որ մարդիկ չեն հասցնում անգամ տեղեկանալ։ Ու ինչքան էլ մաքուր աշխատեն՝ օրենքներից անտեղյակ են, ստուգողը միշտ մի բան կգտնի, որ ուզի»։ Ըստ զրուցակցիս, ամսական շրջանառության 30-70%-ը որպես կանխավճար մուծվելուց հետո գործարարի ձեռքին «կոպեկ» չի մնում իր գործի շրջանառությունն ավելացնելու համար, այլ՝ ընդհակառակը։ Դրան գումարենք նաեւ սանէպիդկայանին, «պաժառնիկներին», թաղապետարանին ու այլ չինովնիկներին պարբերաբար տրվող գումարները եւ՝ պատկերը պարզ է։ Այս առումով ամենածանր քարը փոքր բիզնեսով զբաղվողներինն է։ Այսպիսով, կոռուպցիայի ձեւավորմանն ու տարածմանը նպաստում է պետական պաշտոնյան, ինչպե՞ս է պատրաստվում դրա դեմ պայքարել նորաստեղծ ՀԿ-ն։ «Մի ձեւ կգտնենք, էլի»,- անվստահ պատասխանեց պարոն Ճանճապանյանը, հավելելով, որ «մենք դեռ ծանոթանում ենք, կապեր ստեղծում, պայմանագրեր կնքում»։ Դեռեւս մի բան է հստակ. որ «կպաշտպանենք նրանց, ովքեր արդար են իրենց պահանջի մեջ, նաեւ նրանց, ովքեր չեն վախենա ու մինչեւ վերջ կկանգնեն մեր կողքին»։ Առաջին դեպքը հնարավոր է, երկրորդի համար՝ խիստ կասկածում ենք։ Մի բացառությամբ. եթե բողոքողը խաչ է քաշել իր բիզնեսի ապագայի վրա։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել