Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տնից յոթը շրջիկ կլինեն

Հունվար 30,2003 00:00

Տնից յոթը շրջիկ կլինեն ՀՀ նախագահի թեկնածու Գառնիկ Մարգարյանը վաղվանից կմեկնի մարզեր։ Չնայած, որ նախագահի ընտրություններին մնացել է 19 օր, եւ բոլոր նախընտրական շտաբներում ու դրանցից դուրս քարոզարշավային տրամադրություն է տիրում, «Սոցիալիստական Հայաստան» միավորման կողմից առաջադրված այս թեկնածուն բավարարվում է միայն ներշտաբային գործունեությամբ եւ Հանրային հեռուստառադիոընկերության անվճար եթերաժամերով։ Իսկ մինչ Գ. Մարգարյանը բավարար է համարում անվճար եթերաժամերի ընթացքում ծրագիր ներկայացնելը, անգամ Երեւանի փողոցներում նրան չեն ճանաչում։ Նման կարծիքի են մեզ հանգեցրել մայրաքաղաքի տարբեր հատվածներում, տարբեր տարիքի ու սեռի մարդկանց շրջանում անցկացրած հարցումները։ «Ճանաչո՞ւմ եք արդյոք նախագահի թեկնածու Գ. Մարգարյանին եւ ո՞ր կուսակցության ղեկավար է ինքը» հարցերին մի քաղաքացի (չցանկացավ, որ անունը նշվի), ոգեւորված այն մտքից, որ վերջապես իրեն հնարավորություն է ընձեռվել սերն արտահայտելու իր սիրած թեկնածուի հանդեպ, ծոցագրպանից դուրս բերեց մեկ այլ թեկնածուի՝ Արտաշես Գեղամյանի թերթից կտրված լուսանկարը. «Ես միայն գիտեմ Գեղամյան, իրեն էլ ընտրելու եմ»։ Իսկ մեկ այլ հարցվող էլ մեր հարցերին հարցով պատասխանեց. «Իսկ կա՞ այդպիսի թեկնածու»։ Թեկնածուն, որ կա եւ նախագահի թեկնածու է, գիտեին մի խումբ երիտասարդներ, սակայն վստահորեն հավատացրին, որ Գ. Մարգարյանին իրենց ձայնը չեն տալու։ Մեկ ուրիշն էլ վերջինիս թեկնածու լինելու փաստը մեզանից լսեց ու արձանագրեց, քանի որ, նրա խոսքերով, մինչեւ ընտրություններ հարցնողներ դեռ շատ կլինեն. «Իմանամ, որ ասեմ՝ ճանաչում եմ»։ Աղվան Մկրտչյանն էլ, ձայնագրիչը շփոթելով տեսախցիկի հետ, անմիջապես հանեց գլխարկը, մազերը հարդարեց, հետո միայն մեր հարցին պատասխանեց. «Իհարկե, ճանաչում եմ, նրա ելույթից շատ բան հասկացա, այնպես որ նա ընդունակ է։ Հոյակապ ծրագիր ունի»։ Իսկ թե նախագահի թեկնածուի ծրագրի հատկապես որ կետն էր Աղվան պապին դուր եկել, ինքն էլ չգիտեր. «Գիտե՞ք ինչ կա, բոլորն էլ լավ ծրագիր ունեն, եթե իրականացնեն։ Ժողովուրդը մեղք է»։ Իսկ ահա մի անցորդի «աբսալյուտնո» չէին հետաքրքրում նախագահական ընտրությունները. «Ես հըլը պիտի ատամներս սարքեմ»։ Օրինակ, Յուրի Մանվելյանն էլ անկեղծորեն խոստովանեց, որ դեռ չի հասել Գառնիկ Մարգարյանին, կանգ է առել Արամ Կարապետյանի վրա։ Այդ պատճառով էլ թե «ով է պարոն Մարգարյանը կամ որ կուսակցության ղեկավար է»՝ երիտասարդը դժվարացավ պատասխանել։ Զարմանալի էր նաեւ, որ նախագահի այս թեկնածուի մասին չէին լսել նույնիսկ տարբեր թերթերի կրպակների լրագրավաճառները, որոնք ամեն օր առնչվում են օրվա մամուլին։ Տղամարդը (լրագրավաճառը), որը նույնպես չցանկացավ ներկայանալ, ճանաչում էր միայն ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանին (նախագահին էլ չճանաչե՞ր), իսկ թե մնացածներն ովքեր են, ինչ պետք է անեն, իրեն քիչ էր հետաքրքրում։ Քաղաքականությամբ քիչ թե շատ զբաղվող մեկ այլ թերթավաճառ թեկուզեւ մամուլի էջերում «հանդիպել» էր նախագահի թեկնածու Գ. Մարգարյանին, սակայն շտապեց իր հեղինակավոր կարծիքը հայտնել, ձեռքի հետ էլ՝ թեկնածուին խորհուրդ տալ. «Ինքը քաղաքական ասպարեզում նոր հայտնություն է, այսպես չի կարելի։ Քաղաքական գործիչը մինչեւ նախագահական ընտրությունները պիտի ասպարեզ ելնի, ոչ թե հիմի։ Ես իրեն չեմ հավատում, այդ պատճառով էլ իրենով չեմ հետաքրքրվում»։ Ի տարբերություն հարցվողների, «Առավոտին» հետաքրքրում էր, թե նախագահի թեկնածու Գառնիկ Մարգարյանն ինչ ծրագրեր ունի առաջիկա շաբաթվա ընթացքում։ Ինչպես պատասխանեցին նրա նախընտրական շտաբից, թեկնածուն ուրբաթ օրը, քարոզարշավի շրջանակներում, հանդիպումներ կունենա Օշականի, Ոսկեվազի, Աշտարակի ընտրազանգվածի հետ։ Այնուհետեւ հանդիպումներ կլինեն «16»-ի դաշինքի անդամների հետ։ Շտաբից տեղեկացանք նաեւ, որ այս պահի դրությամբ Գ. Մարգարյանի նախընտրական հիմնադրամի գումարը զրո է։ Ի դեպ, ի տարբերություն մյուս թեկնածուների, նախագահի այս թեկնածուի գովազդային վահանակները հանրապետության տարբեր տարածքներում չեն տեղադրվելու։ Այսինքն, Գ. Մարգարյանին չճանաչողները ծանոթության այս տարբերակից էլ չեն օգտվելու։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Տպագրում ենք թեկնածուի լուսանկարը՝ բոլոր չճանաչողների համար: Իսկ վերնագրի վրա ուշադրություն հրավիրելով, հայտնում ենք, որ մինչ այժմ նախագահի ընդամենը 7 թեկնածու է մարզերում քարոզարշավ ծավալում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել