Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՌՀԱՍԱՐԱԿ, ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՏՂԱՄԱՐԴ ԿՈՉՎՈՒՄ»

Հունվար 30,2003 00:00

«ԱՌՀԱՍԱՐԱԿ, ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՏՂԱՄԱՐԴ ԿՈՉՎՈՒՄ» Լոռու մարզ նախընտրական արշավի ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Արամ Զավենի Սարգսյանը ստիպված եղավ մի շարք չնախատեսված կանգառներ անել։ Գյառգյառի բնակիչներն, օրինակ, դհոլ-զուռնայով, մեքենաներով էին ճանապարհը փակել։ Իսկ վարդաբլուրցիները՝ շամպայնը ձեռքներն առած։ Այլ գյուղերում, որտեղ հանդիպումները նախատեսված էին՝ գառներ մորթվեցին, իսկ Կուռթանում համ իրենք պարեցին, համ էլ թեկնածուին պարեցրին։ Աղ ու հացը, ծաղիկներն էլ գրեթե ամենուր էին։ Կիրովականում, չնայած անբարենպաստ եղանակին, հարյուրավոր մարդիկ էին եկել թեկնածուի հետ հանդիպմանը։ Կուռթանի գյուղապետ Մհեր Գեւորգյանը, որին գյուղացիները շատ են սիրում եւ, որը ձայների գերակշիռ մեծամասնությամբ է ընտրվել, նույնպես ներկա էր հանդիպմանը։ «Առավոտի» հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ կարող է իշխանություններից «դեղին քարտ» ստանաք ընդդիմադիրների հավաքներին մասնակցելու համար, պատասխանեց. «Ե՞ս, հաստատ, չէ, որովհետեւ ինձ իմ ժողովուրդն է ընտրել։ Երեւի թե ոչ մեկին էլ նման բաներ չեն անում։ Իսկ առհասարակ, մենք ինչո՞ւ ենք տղամարդ կոչվում, որ պիտի վախենանք»։ Լոռու մարզի բոլոր բնակավայրերում էլ, որտեղ Արամ Սարգսյանը հանդիպումներ ունեցավ, հավաքի եկածների ընդհանուր տրամադրվածությունը բացասական էր ներկա իշխանությունների նկատմամբ։ Նրանց գերակշիռ մեծամասնությունը պատրաստվում էր ձայն տալ Ստեփան Դեմիրճյանին կամ Արամ Սարգսյանին։ Այս երկու թեկնածուների ընտրազանգվածը սերտաճած է։ Իսկ մի տիկին էլ ասաց. «ուզում էի Կարեն Դեմիրճյանին ընտրեի»։ Սա վկայում է «Առավոտի»՝ մի քանի տասնյակ մարդուց արված հարցումները։ Կային նաեւ այնպիսիք, որ գոհ էին Ռ. Քոչարյանի գործունեությունից։ Նրանք նշում էին, որ շատ գոհ են, տնտեսական առաջընթացը զգում են սեփական եւ հարեւանների բարեկեցության օրինակով։ Օրինակ, Արմեն Բեջանյանը եւ Արարատ Մանուկյանը (Ստեփանավանում)։ Վերջինիս բնութագրմամբ. «Ստեփանավանում «աղետի գոտի» հասկացությունն արդեն վաղուց վերացած է»։ Երբ մատնացույց արեցինք իր իսկ թիկունքում գտնվող փլված շենքը, հետեւեց «դե՜» ձայնարկությունը։ Այնուամենայնիվ, նշվեց, որ վերջին տարիներին կառուցվել է 11 շենք, մանկապարտեզ, դպրոց։ Դրական տեղաշարժի մասին խոսող ամեն մեկին ընդդիմանում էր 1-2 աշխատանք չունեցող լոռեցի։ Գոհ էին նրանք, ովքեր աշխատանք ունեն։ «Դրանք սուտ բաներ են» պատասխանն էր հետեւում, երբ հարցնում էինք՝ «այդ 40 հազարից մի աշխատատե՞ղ էլ բաժին չհասավ ձեր գյուղին (կամ քաղաքին)»։ Հատկապես բարկանում էին վանաձորցիները՝ 40 հազարի մեջ մտած, բայց չաշխատող «Քիմպրոմի» համար։ Իսկ նախագահի թեկնածուն, ինչպես ամենուր, շատ հեշտ էր կոնտակտի մեջ մտնում ընտրազանգվածի հետ՝ սրամտություններ անելով։ Օրինակ՝ «Կարծում եք՝ Ջիվան Գասպարյանն իրեն (Ռ. Քոչարյանին) ձա՞յն է տալու։ Ոչ, որովհետեւ գիտի. էդ դուդուկը, որ նվագում է, Քոչարյանը բան չի հասկանում»։ Որպեսզի ժողովուրդը շատ չշփոթվի, Ա. Սարգսյանը խոստացավ, որ միասնական թեկնածու է լինելու։ «Առավոտի» հարցին, թե «Ձեզ չե՞ն անհանգստացնում այն լուրերը, որ Արտաշես Գեղամյանը ժամանակ առ ժամանակ պաշտոններ ստանալու համար իշխանությունների հետ բանակցություններ է վարում» պրն Սարգսյանը պատասխանեց. «գոնե իմ վարչապետությունից հետո չեմ լսել, որ Գեղամյանը բանակցություններ վարի պաշտոն ստանալու համար։ Այդքանից հետո, որ Գեղամյանն է ասում իշխանությունների հասցեին, եթե իր հետ կբանակցեն ու որեւէ բան առաջարկեն, ուրեմն ընդհանրապես մարդ չեն։ Անհնարին է ուղղակի»։ Իսկ անձնագրերը հավաքելու վերաբերյալ ահազանգերը «հոգեբանական տրյուկ» է համարում, որովհետեւ այդ տարբերակով էլ չեն կարող խախտումներ անել։ «Քոչարյանի համար ակնհայտ է, որ ինքն արդար ընտրություններում պարտվելու է։ Հետեւաբար, ինքը պիտի խախտի։ Ես էլ չեմ թողնելու, որ խախտի։ Տղա է՝ թող խախտի»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Հ. Գ. Լոռու մարզում գրանցված տնտեսական առաջընթացի մասին՝ մեր հետագա համարներից մեկում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել