Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ

Հունվար 30,2003 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ Օր 9-րդ Զարմանալի է, բայց փաստ՝ նախագահի գրեթե ոչ մի թեկնածու ճիշտ չի արտասանում այն պաշտոնի անվանումը, որին հավակնում է. բոլորն ասում են «նախագա»: Գրեթե բոլորը մեր երկրի մասին խոսելիս ասում են՝ «էս երկիրը»: Եվ մեկ այլ ընդհանրություն էլ՝ նրանք քիչ են ժպտում: Եվ անգամ երբ Ազգային բանակի տոնի առթիվ են շնորհավորում՝ դա անում են այնպիսի մռայլ դեմքով, կարծես հայտնում են մեծագույն գույժ: Թերեւս նրանք վախենո՞ւմ են թողնել անլուրջ մարդու տպավորություն: Այդ դեպքում արժե հիշեցնել այն ճշմարտությունը, որ աշխարհում բոլոր հիմարություններն արվել են դեմքի լուրջ արտահայտությամբ: Չկիսելով «Հայլուրի» մոտեցումները, որ շատ անգամ քարոզչություն է մատուցում լուրերի փոխարեն եւ ակնհայտ կողմնակալ վերաբերմունք դրսեւորում գործող նախագահի թեկնածության նկատմամբ՝ միեւնույն է, չենք կարող արդարացված համարել այն, ինչ կատարվեց երեկ՝ Արտաշես Գեղամյանի գովազդային 6 րոպեների ընթացքում: Մինչ ցուցադրվում էին Լոռու մարզում նախագահի թեկնածուի հանդիպումները՝ էկրանին մնաց «Հայլուր» ծրագիրը ստորաքարշ է» գրությունը: Սա ուղղակի հիմարություն է, քանզի լրատվամիջոցների հետ պատերազմում չի հաղթել եւ ոչ ոք: Ոչ այնքան խելոք քարոզչություն է տանում եւ Կոմկուսի թեկնածուն, որի բոլոր հռետորները խոսում են առանց թղթից աչքերը կտրելու, միալար ձայնով: Բացառությունը ՀԿԿ Մյասնիկյանի շրջկոմի բյուրոյի անդամ Ռազմիկ Արզոյանն էր, որը խոսում էր գրագետ հայերենով ու ճիշտ շեշտադրումներով: Երեկ քարոզարշավում ներգրավվեց ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում Հայաստանին բազմիցս հաղթանակներ բերած Յուրի Վարդանյանը: 1998-ին նա քարոզել էր հօգուտ Կարեն Դեմիրճյանի, այս անգամ էլ քարոզեց հօգուտ նրա որդու: Ե՛վ այն ժամանակ, ե՛ւ այժմ Յուրի Վարդանյանն ԱՄՆ-ից է հայտնում իր աջակցությունը: Արդեն 10 տարի է, ինչ նա բնակվում է Ամերիկայում, սակայն, ըստ սեփական խոստովանության՝ 52 անգամ եղել է Հայաստանում: Չի եկել միայն վերջին 2,5 տարում: Սակայն խոստացավ, որ եթե լինի իշխանափոխություն եւ ընտրվի Ստեփան Դեմիրճյանը՝ ե՛ւ ինքը, ե՛ւ իր նման հարյուրավորները կվերադառնան Հայաստան ու կծաղկեցնեն Հայրենիքը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել