Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հունվար 30,2003 00:00

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ իշխանությունները շարունակում են ընտրությունների շուրջ ձեւավորել ահ ու սարսափի գաղջ մթնոլորտ: Մասնավորապես որոշ քաղաքապետեր եւ գյուղապետեր, ՆԳ եւ ԱԱ եւ Հարկային մարմինների ստորաբաժանումների ղեկավարներ, մեղմ ասած, «զրույցներ» են անցկացնում ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածուների ակտիվ կողմնակիցների հետ, խոչընդոտում նախընտրական շտաբների նորմալ գործունեությունը: Տեղական ինքնակառավարման եւ պետական իշխանության մարմիններին պատկանող շատ շենքեր վերածվել են Ռ. Քոչարյանի շտաբների, իսկ պետական պաշտոնյաները՝ շտաբների պետերի: Համատարած բնույթ է կրում ընդդիմադիր թեկնածուների քարոզչական պաստառների կազմակերպված ոչնչացումը, ինչի դեմ պատկան մարմինները որեւէ գործնական քայլ չեն նախաձեռնում: Ավելին, օրինակ Արտաշատում պետական իշխանության մարմնին պատկանող ԳԱԶ 31 մակնիշի 299-10 համարանիշով մեքենան հետապնդել է ընդդիմադիր թեկնածուների պաստառները փակցնողներին, իսկ նրանում գտնվողները գրառել են ընդդիմադիրների մեքենաների համարանիշերը: Արարատի մարզի Բաղրամյան գյուղում գործը նույնիսկ հասել է վիճաբանության: Համատարած բնույթ է կրում նաեւ խանութներում, սրճարաններում եւ այլ օբյեկտներում բացառապես Ռ. Քոչարյանի պաստառների առկայությունը, իսկ ընդդիմադիր թեկնածուների պաստառների համար դա բացառված է, քանի որ այդ օբյեկտների տերերից շատերը պարզապես վախենում են կորցնել իրենց բիզնեսը: Հանրային հեռուստատեսությունը, խախտելով օրենքի պահանջները, շարունակում է անհավասար պայմաններ ստեղծել թեկնածուների միջեւ: Կատարյալ արտոնյալ պայմաններ են ստեղծված Քոչարյանի համար եւ, ընդհակառակը, Արամ Կարապետյանի քարոզարշավի եւ ոչ մի դրվագ՝ տեսանյութով, Հ1-ով չի լուսաբանվել: Նույնիսկ շտաբում կատարված նկարահանումն է դուրս մնացել եթերից: Իսկ հունվարի 28-ին, քարոզարշավի համար նախատեսված 6-րոպեն ընդհատվել է մոտավորապես 4 րոպեի սահմաններում: Հաշվի առնելով այս եւ նմանատիպ բազմաթիվ այլ փաստերը, արդեն իսկ կասկածի տակ է դրվում հանրապետությունում ընտրությունների ազատ, արդար եւ ժողովրդավարական չափանիշներով անցկացման հանգամանքը: Արամ Կարապետյանի նախընտրական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել