Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախընտրական դրսեւորումներ

Հունվար 30,2003 00:00

Նախընտրական դրսեւորումներ Նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի նախընտրական շտաբից «Առավոտին» են տրամադրել մինչ այժմ իրենց նկատած խախտումների եւ քարոզարշավին առնչվող այլ երեւույթների մասին տեղեկատվություն, որ ներկայացնում ենք մասնակի կրճատումներով: * Ախուրյանի Հացիկ գյուղի ընտրողներին Ռոբերտ Քոչարյանի օգտին կողմնորոշելու համար բաժանել են միքսերներ եւ խոհանոցային այլ պարագաներ: * Ըստ «Ազգային միաբանության» տեղական կառույցից ստացված տեղեկատվության՝ պաշտոնական քարոզարշավի երկրորդ օրը Վայոց ձորի մարզի Կարմրաշեն եւ Հեր-հեր գյուղեր այցելած մարզպետը գյուղերի ղեկավարների հետ խորհրդակցությունների ժամանակ խոստացել է այս տարի լուծել սերմնացուի, գազամատակարարման ու ջրամատակարարմանն առնչվող հարցեր, պայմանով, որ նշված գյուղերը պիտի քվեարկեն գործող նախագահի օգտին: * Վայոց ձորն Արագածոտնից ու Գեղարքունիքից հետո երրորդ մարզն է, որտեղ նկատվել են «Օրինաց երկրի» եւ ՀՅԴ-ի անունից ընտրողներին կաշառելու (ալյուր, կոնյակ, փող) դեպքեր: * Արաբկիրի թաղապետարանում տարածում են հակագեղամյանական թռուցիկներ: * Ալեքսան Հարությունյանի հանձնարարությամբ՝ Լոռու մարզում Գեղամյանի տեսահոլովակը Հ1-ով ցուցադրելիս՝ ուղեկցվել է ադրբեջանական երաժշտությամբ: Ցուցադրումները խժդժոցով ու հոսանքային անջատումներով են ուղեկցվել Գյումրիում: * Ա. Գեղամյանի շտաբին 100 «իզի» քարտ տրամադրելու նամակ-խնդրանքին «ԱրմենՏելի» կոմերցիոն գլխավոր տնօրեն Յ. Կոալլիսը պատասխանել է, որ «ԱրմենՏելի» բջջային ցանցում իբր ընդլայնման աշխատանքներ կատարելու պատճառով պահանջվող քարտերը կարող են տրամադրվել ընտրություններից հետո: * Աջափնյակի Շինարարների փողոցի վրա Ա. Գեղամյանի պլակատները փակցնելուց հետո, «Օրինաց երկիր» կուսակցության անդամներից Իշխան անունով մեկը պատռել է նկարները (լուրը բնակիչներից է): * Նորքի 3-4 զանգվածներում կազմակերպված ձեւով պոկում են Ա. Գեղամյանի նոր փակցրած նկարները: Ըստ «ԱՄ» տեղի շտաբի հայտարարության՝ շատ խանութպաններ վախենում են իրենց խանութներում ընդդիմադիր թեկնածուների նկարները փակցնել՝ նախապես զգուշացված լինելու պատճառով: * Աջափնյակ համայնքի տարածքում փակցված Ա. Գեղամյանի նախընտրական պաստառները պատռվում են Ռ. Քոչարյանի վստահելի թաղապետ Արծրուն Խաչատրյանի անմիջական կարգադրությամբ: Խուլիգանն է ոմն Սուրիկ՝ «Օրինաց երկրի» տեղական կառույցից: * Աջափնյակի 15-16-րդ թաղամասերի օղակաձեւ խաչմերուկում Ռոբերտ Քոչարյանի նկարները փակցնելու առաջին օրը նրա նկարը հսկում էր երկու ոստիկան: * Լամպերի գործարանի բանվորների եւ ինժեներական անձնակազմի աշխատավարձերը պահել էին, համապատասխանաբար՝ 10 եւ 20 տոկոս: Պատճառը վերջին ամիսներին գործարանում կատարված գողությունն էր՝ տարել էին (2-3 ամսում) մոտ 1000 արկղ լամպ, ընդհանուր արժողությամբ՝ մոտ 1500 դոլարին համարժեք գումար: Տասը օր առաջ տնօրինությանը հաջողվել էր բռնել գողին (երբ Հրանտ Վարդանյանը Կանադայում էր): Այդուհանդերձ, իրացված ապրանքի փոխհատուցված արժեքը չէր գոհացրել սեփականատիրոջը, եւ նա հրամայել էր լրացուցիչ գանձումներ անել աշխատողների դառը քրտինքից: Հանգամանք, որ կոլեկտիվը միանշանակ չի ընդունել: «Ահա ում միջոցներով են իրականացնում Ռ.Քոչարյանի քարոզարշավը»,- ասացին բանվորները: «Առավոտը» մտադիր է պարբերաբար հրապարակել թեկնածուների նախընտրական շտաբներից փոխանցված տեղեկատվությունը խախտումների վերաբերյալ՝ հիշեցնելով, որ մեջբերված փաստերի պատասխանատուն տվյալ շտաբներն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել