Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՐԻՇԻ ՎՐԱ ՀՈՒՅՍ ԴՆՈՂԸ ՏՈՒՆ ՉԻ ԿԱՌՈՒՑԻ

Հունվար 30,2003 00:00

ՈՒՐԻՇԻ ՎՐԱ ՀՈՒՅՍ ԴՆՈՂԸ ՏՈՒՆ ՉԻ ԿԱՌՈՒՑԻ Հարցազրույց ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերի հետ -Պարոն Այքեր, որո՞նք են այն չափորոշիչները, որոնցով փետրվարի 19-ից հետո կարող են ընտրությունները որակվել օրինական կամ անօրինական, արդար կամ անարդար: – Հարցերի երկու հիմնական խումբ կա, որոնց մենք ուշադրություն ենք դարձնելու եւ որոնք ուսումնասիրելու ենք ինչպես ընտրությունների օրվա, այնպես էլ ավելի երկարաժամկետ գործընթացի համատեքստում: Առաջին հերթին ուսումնասիրելու ենք, թե արդյո՞ք ընտրությունները համապատասխանում են ՀՀ Օրենսդրությանը, ապա նաեւ՝ արդյո՞ք դրանք համապատասխանում են ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին: Ես նկատի ունեմ այն պարտավորությունները, որոնք ստանձնել է ՀՀ-ն ԵԱՀԿ-ի նկատմամբ: – Այո, բայց Հայաստանի իշխանությունները միջազգային որեւէ ատյանի առջեւ պարտավորություն չեն ստանձնել, խստորեն հետեւել ՀՀ հիմնական օրենք Սահմանադրությանը, թեեւ թվում է դա ինքնըստինքյան հասկանալի պետք է լիներ: Այդ իմաստով, մե՞ծ խախտում է արդյոք, երբ հակառակ ՀՀ Սահմանադրության պահանջների, նախագահի երկու թեկնածուներ/ նկատի ունեմ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ Արամ Կարապետյանին/ գրանցվել են՝ չունենալով դրա համար անհրաժեշտ ՀՀ 10 տարվա քաղաքացիություն: Դրանք արդեն կատարված խախտումներ են, որոնք, թերեւս, գնահատականի կարիք ունեն: – Այս փուլում մենք այդ իմաստով որեւէ եզրակացության չենք հանգել, սակայն այդ հարցադրումները եւս ուսումնասիրում ենք: – Ե՛վ հասարակության, ե՛ւ ընդդիմության մեջ որոշակի անվստահություն կա դիտորդական առաքելությունների նկատմամբ, նկատի ունենալով 96, 98 թթ. նախագահական ընտրությունները: Դրանք, գոնե, մեր հասարակությունը գնահատել է որպես ոչ արդար եւ ոչ օրինական, բազմաթիվ խախումներով ուղեկցված, մինչդեռ դիտորդների գնահատմամբ դրանք համապատասխանել են միջազգային չափանիշներին: Միայն ետին թվով հայտարարություններ են եղել մասնավորապես 98-ին Ռ.Քոչարյանի օգտին կեղծված 100 հազար ձայների, դիտորդների ներկայությամբ քվեաթերթիկներ լցնելու մասին: Այդ անվստահության մեջ դիտորդները մեղքի բաժին չունե՞ն: – Նախ, կարծում եմ, հանրությունն այնքան էլ ճիշտ չի պատկերացնում դիտորդական առաքելության նպատակը: Մենք այստեղ ենք ՀՀ կառավարության հրավերով՝ ընտրություններին հետեւելու եւ դրանց վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար: Մենք չենք վերահսկում ընտրությունները եւ այն ուժը չունենք, որ ստիպենք որեւէ բան փոխել: Բայց, կարծում եմ, բավական արդար ենք՝ երբ պրոբլեմներ ենք տեսնում: Հայաստանում մենք շատ պրոբլեմներ ենք նկատել: Օրինակ, 1998թ. հաշվետվությունում պարզ նշված էր, որ ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Մեր մոտեցումները բոլոր երկրներում ստանդարտ են, այն է՝ մենք տալիս ենք նախնական հաշվետվություն ընտրությունների հաջորդ օրը եւ դրանից 30 օր հետո միայն, երբ մեր տեղեկատվությունն ավելի մանրամասն ու ամբողջական է լինում, ավելի լիարժեք հաշվետվություն ենք ներկայացնում: Կարծում եմ՝ սա ձեր հարցի պատասխանն է: – Իսկ ընդհանրապես միջազգային հանրությունն ու մասնավորապես դիտորդական առաքելությունները կարո՞ղ են ազդեցություն ունենալ առավել եւս նախկին խորհրդային երկրներում ընտրական համակարգի կայացման եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման արմատավորման վրա: Որ տոտալիտար համակարգում ընտրությունների մասնակցած քաղաքացին կարողանա տեսնել եւ գնահատել ժողովրդավարական ընտրական համակարգի առավելությունը: Ցավոք, այսօր այդ առավելությունն ակնհայտ չէ: – Եվս մեկ անգամ նշեմ, որ մեր հիմնական դերը ընտրություններին հետեւելն է: Միաժամանակ, կարծում ենք, որ միայն այստեղ լինելով՝ մենք կարող ենք բարձրացնել ընտրական գործընթացների թափանցիկությունը, հետեւաբար նաեւ ընտրական համակարգի նկատմամբ վստահության աստիճանը: Իհարկե, եթե այդ ճանապարհին լինեն հիմնախնդիրներ, մենք կարող ենք դրանք մատնանշել եւ համապատասխան առաջարկություններ անել: Դրանց հիման վրա ԵԱՀԿ-ն կարող է ծրագրեր մշակել եւ աջակցել դրանց կենսագործմանը: Միաժամանակ ուզում եմ նշել, որ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելը ոչ թե ԵԱՀԿ-ի, այլ Հայաստանի պարտավորությունն է: – Ընդդիմադիր մի քանի կուսակցություններ պատրաստվում են հայտարարությամբ հանդես գալ եւ անվստահություն հայտնել մասնավորապես դիտորդական առաքելություններին՝ վերջիններիս գործունեությունը գնահատելով՝ իբրեւ «ֆորմալ բնույթ կրող»: Փաստարկն այն է, որ ընտրությունների արդեն այս փուլում տեղի են ունեցել օրինախախտումներ, մասնավորապես թեկնածուների գրանցումների հետ կապված, որոնց առնչությամբ դիտորդները չեն շտապում գոնե իրավական գնահատական տալ: – Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, բայց երկու-երեք այդպիսի անհատական հայտարարություն լսել եմ: Ես պատրաստ եմ ընդունել ցանկացած մեկի կառուցողական քննադատությունը մեր գործունեությունը բարելավելու ուղղությամբ: Սակայն չէի ուզենա, որ ուշադրության դիտակետը ընտրություններից տեղափոխվեր մեզ վրա: – Վերադառնալով 96 եւ առավել եւս՝ 98 թվերի ընտրություններին եւ դրանց վերաբերյալ եղած գնահատականներին՝ կարծիք կա, որ միջազգային հանրությունն ու այդ ընտրություններին անմիջականորեն հետեւած դիտորդական առաքելություններն ինչ-որ իմաստով օժանդակում կամ նպաստում են ՀՀ-ում անօրինական ռեժիմների հաստատմանը: Համաձա՞յն եք այդ դիտարկմանը: – Ոչ: Այդ կարծիքը կարող եմ վիճարկել: Միաժամանակ եւս մեկ անգամ հրավիրում եմ ձեր ուշադրությունը 98թ. հաշվետվության վրա, ուր նշել ենք, որ դա չէր համապատասխանում ժողովրդավարության միջազգային չափանիշներին, մատնանշել ենք նաեւ մի շարք պրոբլեմներ: Բայց բանն այն է, որ մենք ուժ չունենք ստիպելու այդ իմաստով փոփոխություններ անել: Մեր կազմած հաշվետվությունները ներկայացվում են ոչ միայն ՀՀ, այլեւ ԵԱՀԿ 55 պետությունների իշխանություններին: Մենք լծակ չունենք նաեւ այդ 55 երկրներին ստիպելու անդրադառնալ այդ հաշվետվությանն ու առաջարկություններ անել: Կազմակերպության մեջ ներառված յուրաքանչյուր պետություն ինքն է քաղաքական որոշում կայացնում՝ ինչպես արձագանքել այդ հաշվետվությանը: Շատ անգամ ես ինքս եմ դժգոհել, երբ դիտորդներ ուղարկած, նաեւ հրավիրած երկրները մեր տրամադրած հաշվետվություններին եւ առաջարկություններին չեն արձագանքել: Մենք կանենք մեր աշխատանքը, կտանք մեր կարծիքն ու առաջարկությունները, իսկ դրանից հետո հաշվետվության համաձայն որեւէ գործողություն ձեռնարկելը ՀՀ իշխանությունների եւ այլ կոմպետենտ մարմինների գործն է: Սակայն վերջին նախագահական ընտրություններից հետո մեկ փոփոխություն, այնուամենայնիվ, եղել է. 1999-ին Ստամբուլյան գագաթաժողովում ԵԱՀԿ բոլոր 55 երկրների նախագահները, ներառյալ պրն Քոչարյանը, պարտավորվել են կատարել մեր՝ ընտրությունների վերաբերյալ արված առաջարկությունները: Հուսով եմ, որ այս անգամ մեր առաջարկություններն իրենց ազդեցությունը կունենան: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել