Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ՄԵՆՔ ՄԵԶ ՉՈՒՏԵՆՔ, ՈՒՐԻՇՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ»

Հունվար 30,2003 00:00

«ԵԹԵ ՄԵՆՔ ՄԵԶ ՉՈՒՏԵՆՔ, ՈՒՐԻՇՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ» Վստահ էր ՀՀ նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանը 1998-ին ծ1998 թ. ՀՀ նախագահի արտահերթ ընտրությունների 2-րդ փուլից առաջ իմ խմբագիր Արամ Աբրահամյանը մի անեկդոտ պատմեց, որը, կարծում եմ, արժե վերհիշել. «Ռոբերտը Լեւոնին ուտում է, եւ հայտնվելով վարչապետի փորում, վերջինս տեսնում է, որ իր կողքին են ԱԺ գրեթե բոլոր պատգամավորները։ «Ի՞նչ է, ձե՞զ էլ է կերել»,- զարմանում է Լեւոնը։ «Ոչ,- պատասխանում են պատգամավորները,- մենք հետեւից ենք մտել»։ Կարծում ենք, որեւէ մեկի մտքով չի անցնի, թե սա տխուր անցյալ է, եւ այսօր ամեն ինչ ուրիշ է։ Այսօր ամեն ինչ շատ ավելի տհաճ է ու ծիծաղելի։ Լսելով ՀՀ նախագահի թեկնածուին ուղեկցող պատգամավորների եւ քաղաքական կոչվող գործիչների ելույթները, մտածում ես, թե աշխարհի վերջը եկել է, ու եթե չվերընտրվի իրենց ֆավորիտ թեկնածուն՝ աշխարհը կկործանվի, երկինքը փուլ կգա ու կսկսվեն սոդոմ-գոմորի ժամանակները։ Շարունակելով 98 թվականի թեման, պարզվում է՝ անցած հինգ տարիների ընթացքում հայերն ավելի խելոք բան չեն մտածել եւ հրատապ են բոլոր այն հարցերը, որոնք օրակարգում էին նաեւ հինգ տարի առաջ։ 1998 թ. մարտի 9-ին նախընտրական շրջանում առաջին անգամ հանդիպելով լրագրողների հետ՝ նախագահի թեկնածու, նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Քոչարյանը, պատասխանել է լրագրողների հարցերին։ Մոռացկոտներին հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանի՝ իբրեւ թեկնածու առաջադրումը, ըստ որոշ կարծիքների, կարող էր փոխել միջազգային հանրության կարծիքն Արցախի հարցի հանդեպ։ Այս դիտարկմանն ի պատասխան, թեկնածուն հայտարարել է. «Ես չգիտեմ, կա՞ նման կարծիք, որ ընտրություններից հետո Ղարաբաղի նկատմամբ միջազգային ճնշումը պետք է ուժեղանա։ Կշարունակվի նորմալ բանակցային պրոցես, եւ նույնիսկ ընդհակառակը, ես կարծում եմ, որ այս ընտրությունները եւ այն, ինչ եղավ մինչ այդ, բավական լուրջ դաս կլինի ե՛ւ հակամարտության կողմերի, ե՛ւ միջնորդների համար»։ Իսկ ինչպիսի նախընտրական խոստումներ էր տալիս թեկնածուն եւ ինչպե՞ս էր գնահատում խոստումները 98-ին։ Ահա թե ինչպես. «Ինչքան թեկնածուի շանսերը քիչ են, այնքան շատ խոստումներ է տալիս։ Մենք աշխատում ենք խոստանալ այն, ինչ կարող ենք անել, մի բան էլ պակաս»։ Այսօր 11 թեկնածուներից ամենաշատ խոստումները կարծես հենց Ռոբերտ Քոչարյանն է տալիս, ընդ որում՝ ամենայն մանրամասնությամբ։ Եթե հանդիպումը գյուղացիների հետ է, ուրեմն խոստումների շարքը սկսվում է ոռոգման ջրից ու դրանց խողովակներից, շարունակվում է պարարտանյութով ու սիլիկատներով եւ հասնում է գյուղտեխնիկային եւ բերքի իրացմանը։ Եթե հանդիպումը քաղաքում է՝ փողոցների ասֆալտապատումից մինչեւ բորդյուրների նորոգում, աշխատատեղերից մինչեւ հանգստի գոտիներ։ Ու բոլոր տեղերում՝ անդրադարձ ուսուցիչներին, աշխատավարձի բարձրացում, կենսաթոշակի աննախադեպ աճ, մի խոսքով՝ իսկական «ոսկե քաղաքի» հրաշքը։ Ու սա՝ այն դեպքում, երբ մյուս թեկնածուները պարզապես հայտարարում են, թե հրաշքներ չեն խոստանում, թե երկիրը պետք է փրկել, թե այսպես շարունակել չի կարելի եւ այլն։ Վերադառնանք 98 թվականին։ Մոռացկոտներին կրկին հիշեցնենք, որ 98-ի նախագահական ընտրություններից ութ օր առաջ՝ 98 թ. մարտի 8-ի կիրակի օրն Արարատ քաղաքում հանրահավաքի ժամանակ դաժան ծեծի ենթարկվեցին Վազգեն Մանուկյանի կողմնակիցները, ԱԺՄ վարչության եւ ԿԸՀ անդամ Ֆիլարետ Բերիկյանն այդ ծեծի հետեւանքով հայտնվեց հիվանդանոցում։ Այժմ նույն պրն Բերիկյանը Հանրապետական կուսակցության անդամ է, իսկ Վազգեն Մանուկյանը կրկին եւ ընդմիշտ՝ ՀՀ նախագահի թեկնածու։ Ավելի քան ուշագրավ է Ռոբերտ Քոչարյանի պատասխանը վերոհիշյալ ծեծին վերաբերող հարցին. «Ես կարծում եմ, որ կան թեկնածուներ, որոնք կարոտում են 96 թվի սեպտեմբերի իրավիճակին, բայց իշխանությունները եւ ես անձամբ իրենց այդ կարոտին ոչ մի կերպ չեմ աջակցելու։ Ես կարող եմ երաշխավորել, որ նման միջադեպերի դեպքում մեղավորները ձերբակալվելու են եւ պատժվելու են… Մեկը դրոշմանիշներ է հավաքում, մեկը՝ լուցկի, մեկը՝ ծեծեր է հավաքում, արդեն սովորություն է դարձել երեւի»։ Ծեծի թեման թողնենք 98-ի մեջ, հուսալով, որ 2003-ին ո՛չ ծեծ կլինի, ո՛չ էլ կռիվ-ղալմաղալ։ Սահուն անցում կատարենք նախագահական ընտրություններում պետական ռեսուրսների օգտագործմանը։ Ե՛վ 98-ին, ե՛ւ այսօր թեկնածու Քոչարյանը խիստ շահեկան վիճակում է, ամբողջ պետական համակարգն աշխատում է նրա օգտին։ 98-ին այս բանը թեկնածուն չէր ընդունում։ 98-ին ԵԱՀԿ դիտորդներն արձանագրել էին մի շարք դիտողություններ, որոնցից մեկը վերաբերում էր թեկնածուի օգտին պետական ռեսուրսների օգտագործմանը։ 98-ին Քոչարյանը չէր ընդունել այս դիտողությունը, չի ընդունի նաեւ 2003-ին. «Նման բան ընդհանրապես չի եղել։ Մեկ փաստ ունեն, որ ինչ-որ տեղ նավթ է բաժանվել, բայց դա պետական ռեսուրսների հետ որեւէ կապ չունի։ Իհարկե, էլի օրենքի խախտում է, բայց երեւի կարելի էր այլ գնահատական տալ»։ 1998-ի առաջին փուլի ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց. «Համենայնդեպս, պետք է կարողանալ արժանապատվորեն պարտվել»։ 2003-ի ընտրություններից առաջ արձանագրենք՝ «կապրենք, կտեսնենք»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել