Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օպերան՝ անուշադրության կենտրոնում

Հունվար 29,2003 00:00

Օպերան՝ անուշադրության կենտրոնում Դավիթ Պողոսյանը մտահոգված է «Իմ մեծ ցանկությունն է, որ մեր Օպերային թատրոնը վերականգնի իր երբեմնի համբավը։ Հիշում եմ, երբ Երեւան եկա, զարմացա՝ այդպիսի ծուռումուռ ու փոշոտ փողոցներով ու գետնափոր տներ ունեցող քաղաքում ինչպես կարող է օպերային թատրոն ստեղծվել։ Մինչդեռ մենք կարողացանք այդ անել։ Հաջողվեց, քանի որ այն ժամանակ թատրոնը մշտապես գտնվում էր կառավարության ուշադրության կենտրոնում։ Այսօր բացակայում է այդ ուշադրությունը եւ պատճառաբանություններն էլ, թե սոցիալ-տնտեսական վիճակը չի ներում, մեղմ ասած, այդքան էլ ճշմարտացի չեն։ Ամենից շատ ափսոսում եմ երիտասարդներին, որոնք լիարժեք աշխատելու ու ստեղծագործելու հնարավորություն չունեն։ Օպերային արվեստն այն արվեստն է, որը բեմի վրա է կատարելագործում արտիստին։ Կուզենայի, որ թատրոնի խաղացանկը ընդլայնվի եւ բեմադրվեն բարձրորակ ներկայացումներ, մեր թատրոնն այդ կարող է»,- մեծ համոզվածությամբ ասում է Դավիթ Պողոսյանը։ Օպերային թատրոնի ստեղծման առաջին իսկ օրվանից այստեղ է իր ստեղծագործական ուղին սկսել ժողովրդական արտիստ, օպերային մեներգիչ, Կոմիտասի անվան երաժշտանոցի ավագ դասախոս եւ պրոֆեսոր Դավիթ Պողոսյանը։ Չնայած 90-ամյա տարիքին, նա չի կորցրել ստեղծագործական եռանդն ու կորովը։ Նրան հաճախ կարելի է հանդիպել կոնսերվատորիայի օպերային ստուդիայում։ Տարեվերջյան քննաշրջան էր։ Պատրաստվում էր բեմադրության Վերդիի «Տրավիատայի» երկրորդ գործողությունից մի հատված։ Զարմանք ապրեցի, թե ինչպիսի ոգեւորությամբ էր նա վերլուծում կերպարները, ինչպիսի պարզությամբ էր մատուցում ուսանողներին իրենց անելիքները։ Մի աննշան սխալի դեպքում նույնիսկ մի քանի անգամ կրկնել էր տալիս հատվածը՝ ինքն էլ ուսանողի հետ երգելով ու խաղալով դերերգը։ Դասաժամը վաղուց ավարտվել էր, սակայն նա այնպես էր տարվել իր աշխատանքով, որ չէր էլ նկատել ժամանակի սպառվելը։ Հիշում եմ, թե ինչպիսի ուրախություն պատճառեց նրան տարեսկզբին Երեւան ժամանած Հասմիկ Պապյանի Նորմայի դերերգումը համանուն օպերայում։ «Իմ ուսանողուհին է եղել, միասին Ջիլդայի, Միմիի պարտիաներն ենք պատրաստել (Ջիլդա՝ «Ռիգոլետտո», Վերդի եւ Միմի՝ «Բոհեմ», Պուչինի)։ Շատ ուրախ եմ, որ նման բարձր կատարողական եւ դերասանական վարպետության է հասել եւ մեծ հաջողություն ունի աշխարհի հայտնի բեմահարթակներում»,- ասում է Դավիթ Պողոսյանը։ Նա ծնվել է Թիֆլիսի հայաբնակ Հավլաբար թաղամասում։ Տասը տարեկանում առաջին անգամ լսելով Վերդիի «Ռիգոլետտոն»՝ միանգամից որոշել է, որ օպերային դերասան պիտի դառնա։ Իր երազանքն իրականացնելու նպատակով էլ երկու տասնամյակ բոլորած երիտասարդը հայտնվում է իր համար անծանոթ Երեւան մայրաքաղաքում։ Սկզբում նա երգում է նորաբաց Օպերային թատրոնի երգչախմբում։ Դիրիժորի եւ ռեժիսորի ամենատես աչքից չվրիպեցին նրա ձայնային տվյալները եւ դերասանական ընդունակությունները։ Այդ ամենը կատարելագործելու նպատակով Դ. Պողոսյանը մեկնեց Մոսկվա՝ փորձառու դառնալու Մեծ թատրոնում։ Վերադարձավ Երեւան եւ սկսվեց նրա հաղթարշավը։ Նրան դերեր վստահվեցին, ունեցավ հրաշալի խաղընկերներ։ Դավիթ Պողոսյանի դերակատարումների շարքը թվելն անհնար է, սակայն դրանցից կարեւորվում են Հոր-հոր աղայի, Նադիր շահի, Ռենե արքայի, Մեֆիստոֆելի, Դոն Բազիլիոյի, Ամոնասրոյի դերերգերը։ Նրա խաղընկերներն են եղել Հայկանուշ Դանիելյանը, Գոհար Գասպարյանը, Տաթեւիկ Սազանդարյանը, Եվգենյա Խաչիկյանը, Պավել Լիսիցյանը, Ավագ Պետրոսյանը, Լուսին Ամարան, Իրինա Արխիպովան եւ Զինաիդա Պալլին։ ԱՆԱՀԻՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել