Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՈՒԺ

Հունվար 29,2003 00:00

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՈՒԺ Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրների մեծ բանակը չէր տեղավորվում Գրողների միության փոքր դահլիճում։ Իսկ ԳԱԱ-ի եւ Կառավարության մեծ դահլիճները 2 ժամով զբաղեցնելու վերաբերյալ նրա նախաձեռնող խմբի դիմումները, ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր թերթի նախորդ համարում, ծիծաղելի պատճառաբանություններով մերժվել էին։ «Միեւնույն է, Ր. Հովհաննիսյանի կողմնակիցներին հնարավոր չէր լինի տեղավորել, եթե անգամ իշխանությունների թողտվությամբ ամենամեծ դահլիճը վարձած լինեինք»,- նկատեց Անահիտ Բախշյանը։ Դատարանում Ր. Հովհաննիսյանի ներկայացուցիչ, քաղաքագետ Վարդան Պողոսյանը երեկվա հավաքի նպատակը մեկնաբանեց այսպես. «Հավաքվել ենք, որովհետեւ տեղի ունեցավ հերթական անօրինականությունը, ինչի պատճառով Ր. Հովհաննիսյանը որպես նախագահի թեկնածու այժմ մասնակից չէ քարոզարշավին։ Պատճառը պարզ է՝ մենք իրավական երկիր չենք, այստեղ օրենքը չի հարգվում, դատարանը անկախ չէ, այլ կախված գործադիրի կամայականություններից»։ Նա նշեց, որ որքան էլ իշխանական համակարգը, վախենալով Ր. Հովհաննիսյանի աճող վարկանիշից, չի գրանցել իբրեւ նախագահի թեկնածու, միեւնույն է, նրա մասնակցությունը լինելու է քաղաքականության մեջ՝ միջնորդավորված ձեւով։ Ըստ Վ. Պողոսյանի, Ր. Հովհաննիսյանի թիկունքին կանգնած հզոր ընտրազանգվածը առաջիկայում է՛լ ավելի է համախմբվելու՝ դառնալով կազմակերպված լուրջ ուժ։ Խորհրդանշական էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հենց հայոց ազգային բանակի օրը հանդես եկավ հայտարարությամբ, երբ «մեր ոգին բարձր է, հայրենիքում ենք, միասին ենք, միասին մեր վաղը բերելու ենք»։ Իր ելույթում նա հերքեց շրջանառվող այն լուրերը եւ այն կանխակալ մտայնությունը, թե իբր իր ընտրազանգվածը բաժանված է տարբեր թեկնածուների միջեւ, նշելով, որ համակիրներն այսօր ավելի համախումբ են՝ առավել կուռ ու հոծ միասնություն դառնալու հեռանկարով։ Ր. Հովհաննիսյանը նաեւ փաստեց, որ Հայաստանի մարզերում անցկացված իրենց երկամսյա ուսումնասիրությունների արդյունքում համոզվել է, որ ազգը սպասում է քաղաքական նոր որակի ուժի։ «Առաջնորդվելով այս հրամայականով, ես հայտարարում եմ այդ նոր ուժի սկիզբը, որ կրում է «Ժառանգություն» անվանումը»,- ասաց նա, հավաստիացնելով, որ դահլիճում ներկա են «Ժառանգության» թե մայրաքաղաքի եւ թե հանրապետության 10 մարզերի իրենց ներկայացուցիչները։ Ըստ Ր. Հովհաննիսյանի, իրենց համակիրների թիվը հասնում է 50 հազարի։ Վերջիններիս թվի արձանագրումից հետո հնարավոր է, որ այն նաեւ բազմապատկվի։ Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Ժառանգությունը» մասնակցելու է Հայաստանի քաղաքական բոլոր գործընթացներին՝ նախագահական ընտրություններից սկսած, խորհրդարանականով շարունակած, «ամենօրյա աշխատանքով հագեցած»։ Իսկ մեկ շաբաթ անց հանրությանը կներկայացվեն նախագահական ընտրություններին իրենց մասնակցության եղանակն ու դիրքորոշումը, ինչպես նաեւ այն, թե որ թեկնածուին է սատարելու «Ժառանգությունը»։ Ի դեպ, Ր. Հովհաննիսյանը նաեւ հայտնեց, որ իր համախոհների մեջ կան մարդիկ, որոնք այլ կուսակցությունների անդամներ են։ Նա չթաքցրեց, որ մշտապես շփվում է նախագահի թեկնածուների եւ քաղաքական ուժերի հետ։ Նաեւ պատրաստ է շնորհավորել արդար ընտրություններում հաղթած ցանկացած թեկնածուի։ Իր քաղաքացիության չարչրկված հարցի մասին խոսելիս էլ ասաց, թե հավատում է Հայաստանի վերջնական արդարադատությանը եւ ցանկանում, որ հարցը լուծվի միայն Հայաստանի սահմանների ներսում։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել