Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վճիռ՝ հանուն ՀՀ անձրեւաջրերի

Հունվար 29,2003 00:00

Վճիռ՝ հանուն ՀՀ անձրեւաջրերի ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը ամեն անգամ, նախագահությամբ Աստղիկ Խառատյանի, արտասովոր վճիռներ է կայացնում, գեղարվեստական արժեվորման իմաստով չզիջելով որեւէ ստեղծագործության (մասնավորապես՝ էպոս, դրամատիկ երկ, նովել)։ 2002թ. դեկտեմբերի 16-ին դռնբաց դատական նիստում կայացրած վճիռը կարելի է պարզապես նոր խոսք համարել քաղաքացիական դատավարության պատմության մեջ։ Վճիռը կարելի է անվանել «վճիռ՝ հանուն ՀՀ անձրեւաջրերի»։ Համառոտ՝ թե ինչի մասին է խոսքը։ Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարան է դիմում Տիչինայի փողոցի 17ա տան բնակիչ, 1-ին կարգի հաշմանդամ Գառնիկ Հարությունյանը։ Նա պահանջում է իր հարեւան Կատյա Գեւորգյանից իրենց պատի վրա կառուցված սանհանգույցի ջրի արտահոսքի վերացում, կոյուղագծերի վնասի հատուցում, քանզի, ըստ մասնագետների, պատճառված վնասը (տունը դարձել է վթարային, պատերին առաջացել են ճաքեր, պատը նստում է, մշտապես խոնավություն կա) կազմել է 269,02 դրամ։ Դատավոր Իսկուհի Վարդանյանը մինչ վճիռ կայացնելը լինում է հայցվորի եւ պատասխանողի տարածքներում եւ բավարարում հայցապահանջը։ Ըստ 1-ին ատյանի վճռի էլ, հայցվորի հարեւանից՝ Կ. Գեւորգյանից պետք է բռնագանձվեր 269,02 դրամ՝ որպես վնասի հատուցում տան վերանորոգման աշխատանքները կատարելու համար։ Միեւնույն ժամանակ դատարանը պարտավորեցրել էր պատասխանողին, Գ. Հարությունյանի տան պատին, առնվազն 1 մետր հեռավորության վրա, այն դարձնել մեկուսացված։ Տրամաբանական էր, որ պատասխանողն օգտվելով իր իրավունքներից, դիմեր վերաքննիչ դատարան՝ առաջին ատյանի վճռի դեմ։ Վերաքննիչ դատարանը ըստ էության դուրս է գալիս հայցի սահմաններից եւ հայտնագործում, որ տանիքից թափված անձրեւաջրերն են պատճառը եւ «հայցվորի տան տանիքի ջրհորդանը», որ վնաս են պատճառել քաղաքացուն։ Հաշվարկված վնասը (անձրեւաջրերի) այս դատարանը գտնում է, որ կազմում է 54.500 դրամ։ Եթե նկատեցիք, բառ անգամ չկա առաջին ատյանի վճռում առկա 269,02 փոխհատուցվելիք վնասի մասին։ Ոչ անձրեւաջրերի գումարն է հանվել, ոչ գումարվել։ Դրան եթե հավելենք Կ. Գեւորգյանի վրա դրված «պարտավորեցումը», այն է՝ «պարտավորեցնել Կ. Գեւորգյանին վերանորոգելու հայցվորի տան կտուրի ջրհորդանը», ապա պարզ է մի բան. մենք գործ ենք ունեցել ոչ թե վերաքննիչ բողոքի, այլ՝ այլ բովանդակության հակընդդեմ հայցի։ Ի դեպ, Կ. Գեւորգյանի ներկայացուցիչներ Կ. Մեժլումյանից եւ Լ. Բակումյանից վերաքննիչ դատարանը ստացել էր միջնորդություն եւ բավարարել այն։ Դա ձեռք էր տալիս վիճաբանող կողմերին, քանզի պիտի վերջնականապես պարզվեր կոյուղագծի վթարից կարո՞ղ էր հայցվորի տան տանիքից խոնավություն թափանցել եւ խոնավացնել նշված տան բոլոր պատերը, անձրեւաջրերից կարո՞ղ էին խոնավանալ Տիչինայի 17ա տան նկուղի պատերը, 17 տան կոյուղագիծը երբեւէ վթարված եղե՞լ է։ Վնասվածքը առաջացել է վթարի՞ց, ո՞ր չափով՝ անձրեւաջրերից։ Տեղեկացնեմ, որ ըստ մեր ձեռքի տակ գտնվող «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ա. Մալխասյանի. «Ջրմուղ-կոյուղու ցանցերի շահագործման խնդիրներով զբաղվում է քաղաքապետարանը իր համապատասխան կառույցների միջոցով» (25.10.2001թ.)։ Մեկ այլ գրությամբ էլ Ա. Մալխասյանը (22.09.2001թ.) շեշտել էր, որ իրենց ընկերությունը «Երեւան քաղաքի վարչական տարածքում ջրմուղ-կոյուղու ցանցերի շահագործման խնդիրներով չի զբաղվում»։ Չնայած Երեւանի «Ջրմուղ -կոյուղի» ՓԲԸ-ի 09.08.02թ. գրությունը (ուղղված փաստաբան Կ. Մեժլումյանին) հակառակն է ապացուցում. «Վերասարքավորված եւ տեղափոխված կոյուղագիծը գործում է նորմալ եւ համապատասխանում է առաջադրվող պահանջներին»։ Այսինքն, լավ էլ զբաղվել է խնդրո առարկայով։ Եվ կամ. «Վիճահարույց հարցը տեղում ուսումնասիրելուց պարզվեց, որ 17/1 տան կոյուղու եւ ջրագծերը անցնում են իրենց սեփական բակի միջով, որոնք մեր հաշվեկշռում չեն գտնվում, հետեւաբար մենք սպասարկման ծառայություն չենք իրականացնում»։ Սակայն այլմոլորակային ծագում ունեցող ջրագիծը, ըստ թաղապետարանի գրության, այնքան էլ «անհաշվեկշռային» եւ անհաշվենկատ չէ։ Պարզվում է, որ «Կ. Գեւորգյանի կողմից կոյուղագծի անսարքության պատճառով եւ բաղնիք-զուգարանի միջնապատ չլինելու հետեւանքով է ջուր ներծծվել Գ. Հարությունյանենց տուն, շարքից հանելով ննջարանների եւ նկուղի հարդարանքը»։ Այսքանից հետո պատճառաբանել, թե ջրհորդանի կամ անձրեւաջրի հանցավոր համաձայնության արդյունքում է քաղաքացուն վնաս հասցվել, առնվազն տարակուսելի է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել