Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ՄԵՆՔ ՉԼԻՆԵԻՆՔ, ԱՀԱՎՈՐ ԷՐ ԼԻՆԵԼՈՒ»

Հունվար 29,2003 00:00

«ԵԹԵ ՄԵՆՔ ՉԼԻՆԵԻՆՔ, ԱՀԱՎՈՐ ԷՐ ԼԻՆԵԼՈՒ» «Ազգային համաձայնություն» կուսակցության գրասենյակը 7 հարկանի շենքի 8-րդ հարկում է՝ տանիքում, ունի ընդամենը մեկ սենյակ, իսկ շուրջն էլ կիսաքանդ վիճակ է: Բայց կարեւորը դա չէ: «Կարեւորը գաղափարն է, եւ ոչ թե եվրոռեմոնտը»,- ասում է կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Նա այս ընտրությունները դիտում է որպես գաղափարների մրցակցություն, որ, ցավոք, այդպես չէ եւ կարծում է, որ իր կուսակցությունը հիմա արդեն գաղափարապես հաղթած է: «Քանի գնում է քարոզարշավը, մենք մտածում ենք, որ հանճարեղ քայլ ենք արել, որ մեր թեկնածությունը դրել ենք, որովհետեւ այս ֆոնի վրա եթե մենք չլինեինք, ահավոր էր լինելու: Մեր տեսակն այսօր երեւում է, հասկացող մարդը տեսնում է մեր տեսակը: Այն գիծը, որ մենք ենք տանում, ոչ մեկը չի տանում: Հենց անունը՝ Ազգային համաձայնություն…»: Եվ հետեւաբար՝ այս թեկնածուն նախընտրական շտաբներ չունի, որովհետեւ «գաղափարախոսությունը նախընտրական եւ հետընտրական չի լինում, լինում է ամենօրյա, մեզ համար ցանկացած հայկական օջախ շտաբ է»: Իսկ բուն շտաբում ամեն օր վերլուծական աշխատանքներ են տարվում, եւ երբ կուսակցությունը կզգա, որ ժողովուրդը մարսել է այն նյութը, ինչ տրվել է հեռուստացույցով, այդ ժամանակ էլ մարզեր կայցելեն: «Մեր նպատակը խաշլամա ուտելը չի, մենք գնում ենք լուրջ հանդիպումների»: Ըստ Ա. Հարությունյանի, շատ են ելույթների արձագանքները: Դա է վկայում այն փաստը, որ «Սփյուռ» տեղեկատվական ծառայությունը բազմաթիվ քաղաքացիների ցանկությանն անսալով՝ կուսակցությունից հեռախոսահամարներ է խնդրել, եւ սկսվել է տարեց մարդկանց զանգերի տարափը կուսակցություն: «Եթե ես կրում եմ այն արժեքները, որոնց մասին խոսում եմ, եւ ժողովուրդն էլ հավատում է, այդ դեպքում պարտադիր չէ, որ իմ նկարը տեսնի դիմացի խադավիկի պատին ու իմ մտապատկերն ունենա»: Ա. Հարությունյանը չի հավատում նաեւ սոցիոլոգիական հարցումներին, որովհետեւ «հարցում անողը ինչ-որ տեղից ինչ-որ միջոցներ է ստանում: Պետք է ճշտել: Ես չեմ կարող ասել, թե որն է ամենաարդար սոցիոլոգիական կենտրոնը, չեմ կարող ասել, որովհետեւ չգիտեմ… Հանձնաժողովներն էլ անկախ կլինեն, եթե այնտեղ աշխատեն պետական ծառայողներ, ճիշտ է, մեծ գումարներ են պետք դրա համար, բայց գոնե կիմանանք, որ կունենանք լեգիտիմ իշխանություն: Որովհետեւ կա կուսակցության շահ, եւ մարդուն չի կարելի մեղադրել, որ պաշտպանում է այս կամ այն կուսակցության շահը: Օրինակ, վիճակագրական վարչությունը 6 տարով հրամանագրվեց, ես համոզված եմ, որ նրանք շատ ավելի անկախ են, քան որեւէ, կներեք, լրատվամիջոց: Որովհետեւ նրանց նշանակողը չի կարող հանել: Իսկ չպաշտպանված մարդը չի կարող անկախ լինել»: (Կարելի է կարծել, որ մեր «անկախ» դատավորներն էլ են պաշտպանված- Հ. Բ.): Արամ Հարությունյանին անվճար տրվող եթերաժամը դեռեւս բավարարում է: «Անվճար եթերաժամը լրիվ բավական է, եթե ասելիք ունես, իսկ եթե պետք է հայհոյես, վճարովի ժամանակն էլ է քիչ. հայերենը շատ հարուստ լեզու է: Թեկնածուների մեծ մասը ուրիշ բաներով է զբաղված, ավելի շատ հայհոյում են: Այսօր ասելիքի իմաստով մենք առաջին եռյակում ենք՝ մինիմում, ուրիշ անուն չեմ ուզում տալ»: – Երկրորդը երեւի Ռոբերտ Քոչարյանն է, իսկ երրո՞րդը: – Քոչարյանինն էլ շատ ավելի գրագետ են տանում, քան…8230մյուսը թող իրենք որոշեն, 16-ը որպես միասնական թեկնածու: Հեռուստացույցով որեւէ մեկի մասին բան չեմ ասում, բայց ձեզ կասեմ. ողբերգություն է, որ սկսվում է քարոզարշավը եւ հոկտեմբերի 27-ի զոհերին են ցույց տալիս, ինձ թվում է, որ 16-ի մեջ մարդիկ պետք է լինեն, որ վիրավորվեն դրանից: Չի կարելի արյուն ցույց տալով գալ իշխանության, այդ իշխանությունը կլինի արյուն: Եթե դու արյուն ես ցույց տալիս, դա ամենակեղտոտ տեխնոլոգիան է: Եթե իմ հարազատի սպանությունը մեկը օգտագործեր ընտրվելու համար, ես չգիտեմ ոնց կպահեի ինձ: (Նկատենք, որ մամուլի որոշ քննադատական հրապարակումներից հետո որոշ հոլովակներից հանվել են վերոնշյալ տեսարանները:- Հ. Բ.): Պետության մասին ով է խոսել, հիմնականում մենք՝ պետություն, անկախություն, կերտեցինք, միասին: Ոչ ոք չի ասում՝ միասին: Եռաբլուրի զոհերի հիշատակի համար ամենամեծ նվերն այն կլինի, որ մենք պահենք այս պետությունը, ոչ թե իրար հայհոյենք, կապենք ամեն ինչը մեկ-երկու-երեք անձի հետ: Հազիվ ստեղծել ենք այս պետությունը, հիմա մի քանի հոգի մի քանի հոգու չեն սիրում, անունները դրել են միասնական թեկնածու, ի՞նչ է նշանակում դա: Թող ասելիքն ասեն: Քարոզարշավի ժամանակ բան չի ասվում: «Արարատ-73»-ը որ չեմպիոն դարձավ, մեր ժողովուրդը տոնախմբություն էր անում. ինչ էինք տարել, 2 գավաթ: Հիմա ունենք պետություն, բայց ժողովուրդը տխուր է: Որովհետեւ եթե թեկնածուների մեծ մասը պետության մասին չի խոսում, անկախության մասին չի խոսում, խոսում է մի մարդու դեմ, ես չգիտեմ՝ ինչ պիտի լինի: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել