Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ

Հունվար 29,2003 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ Օր 8-րդ Երբեք այնքան չեն ստում, որքան որսից հետո եւ ընտրություններից առաջ: Այս ճշմարտությունը հիշելու առիթն ունեցանք, երբ երեկ Ռոբերտ Քոչարյանի գովազդային 6 րոպեների ընթացքում մեջբերվեցին հունվարի 27-ին Տավուշում նրա ասած խոսքերը, թե ինքը կատարել է 40 հազար աշխատատեղեր ստեղծելու խոստումը՝ ընդ որում, նշելով հասցեները՝ «որտեղ, ինչքան եւ երբ»: Այ, եթե գործող նախագահն իրոք նշած լիներ հասցեները՝ կարելի կլիներ ստուգել, թե արդյոք իրոք կատարվա՞ծ է այդ խոստումը: Մինչդեռ որոշակի հասցեների փոխարեն, ասենք՝ այսինչ գործարան կամ ձեռնարկություն, ուղղակի նշվել է՝ «արդյունաբերության ոլորտ- x աշխատատեղ»: Սա նույնն է թե, որեւէ մեկի հասցեի փոխարեն նշվի միայն քաղաքը, որտեղ ապրում է նա: Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գովազդում երեւացին նաեւ այցի ժամանակ նրան ուղեկցող Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը կամ՝ մեկ այլ վայրում, կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը: Երեւի նրանք ու նախագահի թեկնածու Քոչարյանին ուղեկցող բոլոր մյուս պաշտոնյաներն այժմ արձակուրդում են՝ թե չէ հո չէի՞ն համարձակվի այդքան բացահայտ ոտնահարել «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածը, ըստ որի՝ արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին՝ «իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս»: Ստացվում է, որ առայժմ միասին աշխատելու փոխարեն՝ նրանք միասին ճառ են ասում: Երեկվա քաղաքական գովազդներում կային այլ հայտնություններ էլ: Ասենք, որ Արտաշես Գեղամյանն էլ է կարողանում Քոչարյանի պես լողալ «բատերֆլայ» ոճով: Գնդակ էլ է խաղում, բայց ոչ թե բասկետբոլի, այլ ֆուտբոլի: Բացի այդ՝ նրան մատներով շոշափել է անձամբ Վլադիմիր Վիսոցկին եւ պարզել, որ Գեղամյանի ամբողջ կուրծքը պատված է «դանակահարումների քարտեզով»: Սակայն ամենաարտառոցն Արամ Հարությունյանի ելույթն էր: Տպավորությունն այն էր, որ նա ուղիղ եթերում սպասում էր, թե իրենից առաջ ով ինչ կասի եւ սեփական 6 րոպեները նվիրեց այլոց պախարակելուն՝ քարոզարշավի ժամանակ դանակի սպիներ ցույց մի՛ տվեք, աղբանոց մի՛ ցուցադրեք, «27»-ի մասին մի՛ խոսեք եւ այլն: Եվ վերջում էլ հանդիսավոր ազդարարեց. «Համոզված եմ, որ ազգային համաձայնության ժամանակը եկել է»: Ոչինչ չես ասի՝ ուրույն են համաձայնության ընկալումները: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել