Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ

Հունվար 29,2003 00:00

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ ՄԻ ՄԱ՞ՍՆ ԷՐ Տիգրան Նաղդալյանի սպանությունից անցավ մեկ ամիս: Առայժմ չբացահայտված այս հանցագործության վերաբերյալ իր նկատառումներն է հայտնում ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանը: Մի առիթով Աղասի Արշակյանը նշել էր, որ Համբարձում Գալստյանի եւ Տիգրան Նաղդալյանի սպանությունից հետո իրավիճակները շատ նման էին: Այժմ մանրամասնեց, որ նման զուգահեռի տեղիք տվել էր ոչ միայն հնչած ելույթների նույնականությունը. «Շատ խորհրդանշական է՝ 1994-ի դեկտեմբերի 14-ին՝ Համբարձում Գալստյանի սպանության օրը, երկրի մեծամեծերից մեկի տանը նշում էին նրա ծննդյան օրը: Այսպիսով՝ անխտիր բոլորն ունեցան ալիբի: Նույնն էլ եղավ այս անգամ: Նաղդալյանի սպանության օրը՝ դեկտեմբերի 28-ին, գրեթե ողջ իշխանությունը հավաքվել էր մի պանդոկում եւ միասին քեֆ էին անում: Այս ամենը շատ է հիշեցնում Կիրովի սպանությունը եւ նրա թաղման ժամանակ այդ հանցագործության կազմակերպիչների ճառերը»: Ակնարկները շատ թափանցիկ էին՝ եզրակացնելու համար, թե թերեւս Աղասի Արշակյանն էլ չի բացառում այն վարկածը, որ Նաղդալյանի սպանության պատվիրատուն կարող է լինել նաեւ իշխանության մեջ. «Իհա՛րկե: Ուրիշ որտե՞ղ, երբ հենց նրանք սկսեցին ամենից բարձր վժվժալ՝ «բռնեցե՜ք»: Նույն կերպ պահեցին իրենց, ինչպես Համբարձում Գալստյանի պարագայում էր: Իսկ ես մի փոքր անգամ չեմ կասկածում, որ այդ չբացահայտված սպանության պատվիրատուն իշխանությունն էր: Մեր բոլոր չբացահայտված քաղաքական սպանությունների կազմակերպիչն իրականում իշխանությունն է: Մնացած հանցագործությունները բացահայտվում են»: Ի դեպ, հօգուտ այս փաստարկի նա համարեց նաեւ սպանության համար ընտրված ժամանակը՝ այն օրը, երբ այլեւս լույս չէին տեսնելու թերթերը: Սա որեւէ բարդություն չառաջացրեց իշխանությունների համար, որոնք լիուլի օգտվում էին հեռուստաեթերից: Աղասի Արշակյանը նկատեց. «Բոլորն ասում էին, թե ինչո՞ւ ընդդիմադիրները հանդես չեն գալիս, դատապարտում այդ ահաբեկչությունը: Բայց այդ օրերին ո՞ր հեռուստաընկերությունը դիմեց ընդդիմադիր որեւէ գործչի ու կարծիք հարցրեց»: Իրոք, ամբիոնից զրկված մնաց միայն ընդդիմությունը, որի վրա լցվեց մեղադրանքների տարափ: «Միայն այս ու նաեւ այն փաստարկը, որ Նաղդալյանի սպանության վերաբերյալ վարկաբեկիչ տվյալները տարածվում են պետական կառույցներից՝ լրիվ բավարար են, որպեսզի ցանկացած «ուչաստկովի» շրջանառվող 3-5 վարկածներից գլխավորը համարի սա,- ասաց պրն Արշակյանը:- Ես նույնիսկ մի փոքր անգամ չեմ կասկածում, թե ընտրություններից առաջ լավ նախապատրաստված մի սցենար էր սա, որն ուներ շատ հեռուն գնացող նպատակներ: Եվ միայն Վարդան Օսկանյանի կամ մյուսների ելույթները, որ նման էին ռուսական ասացվածքին՝ «գողի գլխին գլխարկն էլ է վառվում», սաստեցին գլխավոր սցենարիստներին, ու նրանք չշարունակեցին սկսածը»: Մեր նկատառմանը, թե գուցե չարժե մատի փաթաթան դարձնել այդ ելույթները, մանավանդ որ, դրանց հեղինակներից շատերը հետո խոստովանեցին, որ հունից դուրս էին եկել, շոկի մեջ էին՝ պրն Արշակյանն այսպես արձագանքեց. «Շոկի մեջ էին՝ թող դիմեին բժշկի, այլ ոչ թե ելույթներ ունենային Հանրային հեռուստաընկերությամբ: Տիգրան Նաղդալյանի թաղումը նույնիսկ վերածեցին քարոզչական շոուի: Տեղ չթողեցին, որ գոնե այդ մարդու թաղմանը գնանք եւ սրտանց ցավակցենք նրա հարազատներին: Ես այս ամենը չէի ասի երբե՛ք, եթե քննությունն ընթանար իր բնականոն հունով: Պարզապես փորձում եմ հավասարակշռել այն այլանդակությունները, որ սրանից մեկ ամիս առաջ ասվում էին Հանրային հեռուստաընկերությամբ»: Այդ մեկնաբանությունների առնչությամբ նա կրկնեց մի առիթով արած առաջարկը, որ դատախազությունը թող ի վերջո պարզաբանումներ պահանջի այս հանցագործության կազմակերպումը ընդդիմությանը վերագրողներից, եւ եթե նրանք չկարողանան հիմնավորել իրենց հայտարարությունները՝ զրպարտության համար պատասխանատվության ենթարկի: Նաեւ հարկ համարեց, որ պարզվի, թե ով էր արտերկրի հեռուստաընկերություններին փոխանցել հաղորդված այն տեղեկատվությունը, թե Նաղդալյանը սպանվեց, քանի որ «բացահայտ պաշտպանում էր» գործող նախագահին. «Զոհի կեցվա՞ծք էին հաղորդում նախագահի թեկնածու նախագահին»: Աղասի Արշակյանը նաեւ նշեց. «Չեմ ուզում այժմ վատաբանել սպանված լրագրողին: Մենք իրոք գնահատում ենք նրա լրագրողական արվեստի մակարդակը: Բայց անկեղծ լինենք՝ չէ՞ որ նա իր շնորհքն ի չարն էր գործադրում, ապակողմնորոշում հասարակությանը, վիրավորանքներ հասցնում մարդկանց: Իսկ ո՞վ է հաշվել, թե քանի մարդ էր ինֆարկտ կամ կաթված ստանում «Օրակարգի» հաղորդումներից: Նա վերածվել էր եթերային քիլլերի եւ ծառայում էր գործող իշխանությանը»: Աղասի Արշակյանին հիշեցրինք «…կամ լավ, կամ ոչինչ» սկզբունքը: «Ճիշտ է,- համաձայնեց նա:- Բոլորովին չեմ արդարացնում: Դատապարտում եմ այդ հանցագործության հեղինակներին եւ պահանջում, որ գտնվի այդ սրիկան ու պատժվի: Բայց մինչեւ վերջ ճիշտ լինենք՝ Նաղդալյանի լրագրողական գործունեության գնահատականը չի փոխվում դրանից»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել