Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տարածքը մնաց «ԱԻՄ-Հայրիկյան»-ին

Հունվար 28,2003 00:00

Տարածքը մնաց «ԱԻՄ-Հայրիկյան»-ին «Առավոտի» 27.11.2002թ. համարում տեղեկացրել էինք, որ ԱԻՄ-ի Լոռվա կառույցի այն անդամները, որոնք ԱԻՄ-ի պառակտվելուց հետո շարունակում են սատարել ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանին, դատական հայց են ներկայացրել Հայրիկյանից հեռացածների խմբին, վերջիններից պահանջելով ազատել Վանաձորի Մյասնիկյան 3 հասցեում գտնվող կուսակցապատկան գրասենյակի տարածքը։ Օրերս Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը հարցը վճռել է հօգուտ հակահայրիկյանականների (նրանք, ովքեր ի սկզբանե կազմել են 1988թ. Վանաձորում սկիզբ առած «Նժդեհ» ԱԻՄ կազմակերպության «կորիզը» եւ ովքեր, ըստ իս, իրենց մեծ լուման ունեն ԱԻՄ-ի 15-ամյա պատմության մեջ)։ Համենայնդեպս, պարտվող (հայցվոր) կողմը՝ հայրիկյանական խումբը, մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը, իսկ մինչ այդ, տարածքը, թերեւս, կծառայի նաեւ որպես Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբ՝ Հայրիկյանից հեռացածների համար։ Դատարանի վճռից հետո ԱԻՄ-ի (թերեւս արդեն նախկին) դռները, ամիսների ընդմիջումից հետո, կրկին վերաբացվել են։ (Այս ենթատեքստում միջանկյալ նշենք, որ ԱԻՄ-ում ստեղծված երկպառակության արդյունքում Պ. Հայրիկյանը Վանաձորում իր ասուլիսն անցկացրեց ոչ թե իր երբեմնի հարազատ օջախ Լոռվա մարզային կառույցում, այլ Վանաձորի քաղաքապետարանի մատույցներում տեղակայված մի գողտրիկ սրճարանում)։ «ԱԻՄ-ը դա մենք՝ նվիրյալներս ենք, եւ ոչ թե միայն Հայրիկյանը»,- սա է ԱԻՄ-ի առաջնորդից հեռացածների կարգախոսը։ «Շուրջ 5000 ձայները, որ 1998թ. Հայրիկյանը Վանաձորում հավաքել էր՝ դա մեր շնորհիվ էր»,- համոզված են վերջիններս (ի դեպ, ամբողջ Լոռու մարզում էլ Հայրիկյանը 1998թ. նախագահական ընտրություններին հավաքել էր 11075 ձայն)։ «Ախր իրենք ո՞վ են, որ Հայրիկյանին քննադատեն։ Եթե Հայրիկյանից հեռացել են, ուրեմն գրասենյակի տարածքից էլ պետք է հեռանան»,- սա էլ Հայրիկյանին սատարող խմբի կարգախոսն է։ «Ինչ էլ ուզում է լինի՝ ԱԻՄ-ականին չէր սազում՝ Հայրիկյանի հասցեին էդքա՜ն խոսեն։ Նույնիսկ նրա ընդդիմախոսները նրա մասին էդքան վատ չէին ասում՝ ինչքան իրենից հեռացածները»,- կարծիք հայտնեց հնագույն մի ԱԻՄ-ական, որ մինչեւ ԱԻՄ-ի պառակտվելն արդեն վերջնականապես անդամագրվել է «Երկրապահին»։ «Ինքն ուզում էր գնար էն 16 ընդդիմադիրների կողքին կանգներ։ Է, ես էլ չեմ ուզում նրանց կողքին կանգնեմ»,- իր դժգոհությունը Հայրիկյանից այսպես բացատրեց հնագույն մի ԱԻՄ-ական։ Փաստորեն, այժմ կա 2 ԱԻՄ. մեկը՝ «ԱԻՄ+Հայրիկյան», մյուսը՝ «ԱԻՄ – Հայրիկյան»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել