Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խաչատրյանը ցնցեց Մոսկվան

Հունվար 28,2003 00:00

Խաչատրյանը ցնցեց Մոսկվան Օրերս Մոսկվայի Մեծ թատրոնի բեմահարթակում կայացավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Արամ Խաչատրյանի 100-ամյակին։ Ծրագրում ընդգրկված էին սյուիտներ «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներից։ Կազմակերպիչները ՀՀ եւ ՌԴ մշակույթի նախարարություններն էին, ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։ 1000 տեղանոց դահլիճը, փաստորեն, փոքր գտնվեց հայ մեծանուն կոմպոզիտորի երաժշտության երկրպագուների համար։ Ինչո՞վ բացատրել Խաչատրյանի երաժշտության արտասովոր հանրահայտությունը, հավասարապես հասկանալի լինելու փաստը թե մասնագետ երաժիշտների, թե երաժշտարվեստի երկրպագուների ամենալայն շրջանների համար։ Համերգին իբրեւ հանդիսատես ներկա էր նաեւ Կոնստանտին Օրբելյանը։ Ըստ նրա, համերգի հաջողությունը հարկ է բացատրել կոմպոզիտորի տաղանդի ուժով, վարպետությամբ եւ ստեղծագործական շռայլության փայլով, նրա երաժշտության բովանդակության խորությամբ, գեղարվեստական ձեւի կատարելությամբ ու ժամանակի զարկերակը զգալու բացառիկ շնորհքով. «Մատչելիությունը նրա համար վերին ընկալում էր»։ Իսկ ըստ Խաչատրյանի երաժշտության երկրպագու, քաղաքական գործիչ Անատոլի Ռիժկովի. «Ա. Խաչատրյանը միայն տաղանդավոր կոմպոզիտոր չէր, որի ստեղծագործությունները 20-րդ դարի երաժշտական դասական գործեր են համարվում։ Նա մեկն էր այն արվեստագետներից, որոնք իրենց ստեղծագործությամբ հաստատում են նոր աշխարհի, հաղթանակած մարդկայնության, վսեմ իդեալների արվեստը։ Նրա կյանքի ու ստեղծագործության ուղին սերտորեն կապված է մեր ընդհանուր երկրի՝ ԽՍՀՄ-ի ճակատագրին։ Եվ այսօր, քան երբեւէ, Խաչատրյանները հարկավոր են թե՛ մեզ, թե՛ ձեզ»։ Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախմբի վալթորնահար, ՀՀ եւ ՌԴ վաստակավոր արտիստ Ռեմ Մարտիկյանն էլ, հիշելով կոմպոզիտորի հետ ունեցած իր հանդիպումները, շեշտեց, որ այսօր քիչ է հնչում Խաչատրյան։ Նույն միտքը հաստատեց նաեւ ՀՊՖՆ-ի գեղղեկավար եւ գլխդիրիժոր Էդուարդ Թոփչյանը. «Խաչատրյանի երաժշտությունը Եվրոպայում համարյա չի կատարվում։ Հուսանք, որ հոբելյանական տարին կարթնացնի որոշ թե՛ հայտնի եւ թե՛ անհայտ դիրիժորների, եւ աշխարհը կունկնդրի Խաչատրյան»։ ՀՊՖՆ-ն, որը ղեկավարում էր Էդ. Թոփչյանը, հերթական անգամ աչքի ընկավ Խաչատրյանի երաժշտությանը հարիր լուրջ դժվարությունների հաղթահարման զարմանալի թեթեւությամբ։ Մտածված էր նաեւ անակնկալ. բեմ հրավիրվեց աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, որն առաջին անգամ կանգնեց ՀՊՖՆ-ի դիրիժորական վահանակի առջեւ։ Սպիվակովի եւ մեր երաժիշտների կողմից խաչատրյանական երաժշտության նոր հասկացությունը, նոր մեկնաբանությունը, արտիստական խառնվածքը բերեցին նրան, որ երկար ժամանակ չէին լռում բրավոներն ու բիսերը։ Իսկ նվագախմբի մասին մաեստրոն ասաց. «Գնահատում եմ նորմալ, այն պատճառով, որ կյանքում կատարյալ ոչինչ չկա, իսկ մեզ միացնում-միավորում է նորին գերազանցություն երաժշտությունը, այս դեպքում՝ Խաչատրյանի։ Նշեմ, որ իմ նվագախմբերի ռեպերտուարներից երբեք չեն իջել եւ չեն իջնի խաչատրյանական մեղեդիները»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Մոսկվա Հ. Գ. ՀՀ մշակույթի նախարարության արվեստի բաժնի պետ Ռ. Աբրահամյանը տեղեկացրեց. «Խաչատրյանական տարին արդեն մեկնարկել է Մոսկվայում։ Տոնակատարությունների առաջին միջոցառումն իրականացրեց ՀՊՖՆ-ն։ Օրերս մշակույթի նախարարությունը վերջնական տեսքի կբերի հոբելյանական տոնակատարությունների ծրագիրը, ինչի մասին կտեղեկացնի նաեւ ԶԼՄ-ներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել