Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱԿԱՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ» ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ

Հունվար 28,2003 00:00

«ՀԱԿԱՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ» ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ Ցավոք, մեր երկրում քվեարկության արդյունքները աղավաղելու, քվեատուփի մեջ նոր քվեաթերթիկներ ավելացնելու, ընտրողների ազատ կամքի արտահայտության վրա բռնանալու եւ ընտրական այլ խախտումների արատավոր պրակտիկա է ձեւավորվել։ Այս կարծիքին է ՀԺԿ անդամ (Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղ) Վարդգես Ավագյանը։ Նրա պնդմամբ՝ բոլոր ընտրությունների ժամանակ էլ (լինեն դրանք ՏԻՄ-երի, խորհրդարանական թե նախագահական) ինչ-ինչ լծակներ ունեցող թեկնածուների ներկայացուցիչները միշտ էլ ոչ միայն կազմակերպում են սեփական փոխադրամիջոցներով քաղաքացիներին ընտրական տեղամասեր ուղեկցելը, այլեւ հաջողացնում իրենց «հայթայթած» ընտրազանգվածին արդեն նշագրված քվեաթերթիկներ հրամցնել։ Վ. Ավագյանը համոզված է, որ կա ճանապարհ՝ ընտրակեղծիքների դեմն առնելու։ Ըստ նրա, իր առաջարկած տարբերակն արդյունավետ է այնքանով, որ բացառում է քվեաթերթիկները տեղամասից դուրս հանելը ու հնարավորություն ստեղծում կեղծիքները հասցնելու նվազագույնի։ Ի դեպ, Վ. Ավագյանը սկզբում օպտիմալ տարբերակ էր համարում նաեւ յուրաքանչյուր ընտրական տեղամասի՝ համարակալումով քվեաթերթիկներ տրամադրելը, ինչի արդյունքում անհնար կլիներ մի տարածքի քվեաթերթիկները օգտագործել մեկ այլ տարածքում։ Սակայն նրա այս առաջարկությունը ջերմ պաշտպաններ չվաստակեց, քանի որ կային հիմնավոր պատճառներ։ Վ. Ավագյանի կարծիքով, այդկերպ դժվար կլիներ ընտրողի քվեարկության գաղտնիությունն ապահովելը։ Բացի այդ, ընտրողին ճանաչելով, կախված նրա քվեարկության ոչ ցանկալի արդյունքից, համապատասխան անձինք կարող էին հնարավոր հաշվեհարդար տեսնել նրա հետ։ Այսօր Վ. Ավագյանն առաջարկում է քվեաթերթիկների կտրոնային համակարգը՝ ակնկալելով նախագահի այն թեկնածուների հավանությունը, ովքեր շահագրգիռ են արդար, թափանցիկ ու ազատ ընտրություններով։ Նա նկատի ունի այնպիսի քվեաթերթիկներ, որոնց կտրոնների վրա պետք է լինեն ցուցակային հերթական համարներ։ Բացի ցուցակային համարից, քվեաթերթիկի ձախ կողմում կնիք դնողը պետք է գրի նաեւ հերթական համար կտրոնի վրա։ Այսինքն, եթե, օրինակ, 10-րդ մարդն է գալիս քվեարկության, քվեաթերթիկի վրա պետք է նշվի 10 թիվը, 11-րդ ընտրողի դեպքում՝ 11 եւ այսպես շարունակ։ Վ. Ավագյանը գտնում է, որ քվեարկության պահին տարածքում (ներառյալ խցիկները) պետք է լինի ոչ ավելի, քան 3 մարդ։ Այս դեպքում, ըստ նրա, հերթական քվեաթերթիկը գցելիս, տարբերությունը նախորդից 2 թվից ավելի լինել չի կարող։ Հակառակ դեպքում կերեւա, որ կեղծիքներ են թույլ տրվել։ Ըստ առաջարկության հեղինակի՝ ճիշտ կլինի, որ քվեատուփը հսկող հանձնաժողովի անդամը քվեաթերթիկը տուփը գցելու պահին բարձրաձայն հայտարարի քվեաթերթիկի հերթական համարը՝ վստահված անձանց հնարավորություն տալով լիարժեք վերահսկողություն իրականացնելու։ Վ. Ավագյանը վստահ է, որ իր առաջարկած քվեաթերթիկները կիրառելու դեպքում, նախագահի որեւէ թեկնածու չի կարողանա ժողովրդին սեփական նպատակներին ծառայեցնել։ Մանավանդ, դեռ բավականին ժամանակ կա քվեաթերթիկների հարցը լուծելու համար, քանի որ դրանք, ըստ օրենքի, տպագրվում են ընտրություններից օրեր առաջ միայն։ Ի դեպ, Վ. Ավագյանը տեղեկացրեց, որ իր առաջարկած քվեաթերթիկների մասին տեղյակ է պահել ՀՀ նախագահի թեկնածուների ներկայացուցիչներին, ինչը նրանցից միայն 6-ի ներկայացուցիչների հավանությանն է արժանացել։ Մյուսները աշխատել են իրենց ավելի չեզոք պահել։ «Մնում է միայն նախագահի թեկնածու, գործող նախագահ Ռ. Քոչարյանը, սակայն առաջարկածս ի շահ իրեն չի գործելու»,- ասում է ՀԺԿ անդամը։ Նրա կարծիքով, բացի քվեաթերթիկներից, ընտրությունների հետ կապված բազմաթիվ այլ հարցեր էլ կան, որոնք ներկայումս կարիք ունեն վերլուծության ու արժանի են լուրջ ուշադրության։ Դրանցից մեկը ենթաշտաբների համար տարածքներ վերցնելու հարցն է, որը հաճախ դատապարտվում է ձախողման։ Վ. Ավագյանի հավաստմամբ, օրինակ, Մալաթիա-Սեբաստիա համայնքում ՀԺԿ-ականներին հրաժարվել են տարածքներ տրամադրել ու հետո պարզվել է, որ պատճառը մարդկանց վրա՝ «վերեւի» ճնշումներն են։ Ինչեւէ, Վ. Ավագյանը ցանկանում է, որ առաջիկա ընտրությունները էապես տարբերվեն նախորդներից, իսկ փետրվարի 19-ը դառնա ընտրողների ազատ կամքի արտահայտման, նրանց ազնվության ու համերաշխության օր։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել