Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ

Հունվար 28,2003 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ Օր 5-7 Թեեւ նախագահի թեկնածուները բողոքում էին, որ անվճար քարոզարշավի համար հատկացված 6-ական րոպեները բավարար չեն, նրանց մի մասը վերջին օրերին կա՛մ ընդհանրապես չէր օգտագործում այդ հնարավորությունը, կա՛մ օգտագործում էր կիսատ՝ հաղորդելով հայտարարություններ սպասվող հանդիպումների մասին, կամ էլ մի կերպ լցնելով այդ րոպեները: Ասենք, արդեն 3-րդ օրն է, ինչ հօգուտ Վլադիմիր Դարբինյանի՝ չտպավորվող ելույթներ են ունենում Կոմկուսի տարբեր շրջկոմների քարտուղարներ: Իսկ այլ թեկնածուներ էլ հեռուստաեթերում ցուցադրում են իրենց տարբեր այցերում ունեցած ելույթները: Թեեւ այստեղ էլ են լինում այնպիսի մանրամասներ, որոնց չեն անդրադարձել լրատվամիջոցները: Ասենք, հունվարի 25-ին ցուցադրվեցին կադրեր, թե ինչպես է մի հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը գյուղացի կնոջը խոստանում, որ եթե ինքը վերընտրվի՝ գյուղացիները եւս 5 տարի չեն վճարի հարկեր՝ հողի հարկից բացի: Սա Արարատում այն հանդիպումն էր, որտեղ պարզված էին «Իհա՜րկե, Քոչարյան», «Միայն Քոչարյա՛ն» պաստառները: Հունվարի 27-ին Արտաշես Գեղամյանի 6 րոպեի ընթացքում պարզաբանվեց, թե ինչպես են անցկացվում նման հանդիպումները: Դավիթաշենցիները պատմում էին, որ ավտոբուսներով մարդիկ էին բերվել իրենց համայնքում Քոչարյանի հետ հանդիպմանը: Ուշագրավ է նաեւ Արամ Հարությունյանի երեկվա ելույթը. իրեն ուղղված հարցին, թե ինչու առայժմ չունի նախընտրական շտաբներ, պատասխանեց. «Մեզ համար բոլոր հայկական օջախները շտաբներ են»: Նաեւ պատմեց, որ երբ ԵԱՀԿ դիտորդական խմբի ղեկավարն իրեն հարցրել է, թե ինչի՞ն կառաջարկեր ուշադրություն դարձնել, պատասխանել է. «Ուշադրություն դարձրեք, թե փետրվարի 20-ին ինչպե՜ս են փայլելու մեր ժողովրդի աչքերը»: Նշենք նաեւ, որ քաղաքական գովազդներում ավելի հաճախ են երեւում մտավորականներ՝ Գոհար Գասպարյանն ու Վլադիմիր Աբաջյանը խոսեցին հօգուտ Ստեփան Դեմիրճյանի, Սոս Սարգսյանը՝ հօգուտ գործող նախագահի: Արտաշես Գեղամյանի հոլովակում օգտագործվեցին կադրեր «Տժվժիկ» ֆիլմից, որտեղ «Ազգային միաբանության» ապագա առաջնորդը խաղում է Հրաչյա Ներսիսյանի թոռնիկի դերը: Իսկ Լենսեր Աղալովյանն էլ Գառնիկ Մարգարյանի մասին երեկ ասաց, որ նա ունի նժդեհյան բնավորություն: Իմացի՛ր մերոնց: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել