Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընտրություն՝ ըստ Շմայսի

Հունվար 28,2003 00:00

Ընտրություն՝ ըստ Շմայսի Ինչպես արդեն հաղորդվել է՝ Ստեփան ԴԵմիրճյանի՝ հունվարի 25-ին Էջմիածնի շրջան կատարած այցի ընթացքում Թաիրով գյուղում տեղի ունեցավ միջադեպ, որը հայաստանյան իշխանություններին պետք է մտահոգի իբրեւ խուլիգանություն, իսկ միջազգային դիտորդների կողմից ամենայն հավանականությամբ արձանագրվելու է իբրեւ օրինախախտում՝ առնվազն զինվորականի միջամտություն նախընտրական արշավին: ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը՝ Պիտեր Այքերը իր խոսքերով՝ մեր հանդիպումից ընդամենը 5 րոպե առաջ էր իրեն տրամադրվող մամուլի ամփոփագրից տեղեկացել կատարվածի մասին, անմիջականորեն թեկնածուի շտաբից նման տեղեկություն դեռ չէր ստացվել: Օրինախախտման այդ միջադեպը նրան արդեն հետաքրքրել էր, հույս ուներ առաջիկա օրերին տիրապետել ավելի ծավալուն ինֆորմացիայի, եւ իմիջիայլոց ասաց. «Ձեր երկրի նախորդ նախագահական ընտրությունների փորձից մենք հակված ենք առավելագույնս ուշադիր լինել զինվորականության գործողությունների հանդեպ, որոնք հաճախ են եղել օրինազանց»: ՊՆ-ում զինվորական ծառայության մեջ գտնվող Առաքել Մովսիսյանի /Շմայս/ ամենաթողությունը, որին վկա էին եղել Թաիրով գյուղի բնակիչները, իսկ արդյունքների ականատեսը՝ Ստեփան Դեմիրճյանին ուղեկցողները, հակիրճ հետեւյալն է. Շմայսը ինչ-որ կամակատարների հետ Դեմիրճյանի ժամանումից 10-15 րոպե առաջ ցուցադրաբար պատռել էր նախընտրական պաստառները եւ հայհոյանքների ու սպառնալիքների ներքո մարդկանց կարգադրել փակվել տներում: Գյուղացիները ձայնագրիչի առաջ չէին ցանկանում անուններ տալ, սակայն մատնացույց էին անում Շմայսին, իբրեւ խուլիգանական արարքի կազմակերպչի: Իր կամքին ու սպառնալիքներին չենթարկվածների հասցեին էլ Շմայսը հոխորտացել էր արդեն Դեմիրճյանին ուղեկցող անձանց ներկայությամբ՝ «…էտենց ա, ստե ոշ մեկ չպտի ընտրվի, բացի Քոչարյանից»: «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում հերքել էր, թե ինքն է խուլիգանության կազմակերպիչը, բայց կրկնել էր. «…ոչ միայն էս գյուղում, այլ ամբողջ ռայոնում պտի ընտրվի Քոչարյանը»: Ամբողջական ձայնագրությունը ռադիոկայանը հաղորդել է: Երեւի հայրենի գյուղում համոզվելով, որ իր ողջ հանցագործ ազդեցությունը չի բավարարում մարդկանց արգելելու հանդիպել Դեմիրճյանին, Փարաքարում սադրանքի այլ տակտիկա փորձարկվեց, իսկ Մուսալեռում արդեն Շմայսի մարդիկ չերեւացին, բայց գյուղացիներից մեկը «Ձեր գյուղում եղե՞լ են» հարցին ի պատասխան՝ ժպտաց. «կլինի՞ չասեմ»: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ Հ. Գ. Քոչարյանի նախընտրական շտաբի պետ եւ Շմայսի անմիջական վերադաս ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի արձագանքին սպասում ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել