Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չկազմակերպված հանդիպումներ

Հունվար 28,2003 00:00

Չկազմակերպված հանդիպումներ Ստեփան Դեմիրճյանի այցերը մարզեր չեն անցնում առանց միջադեպերի Մի տեղ տեղական իշխանության ղեկավարներն են վաղօրոք գողանում բարձրախոսը, մեկ այլ տեղ՝ հանդիպումից առաջ պոկում են պաստառները: «Լավ կլինի՝ նման բաներ անողներին կարգի հրավիրի ու դրանից հետո նոր խոսի հանդուրժողականության մասին»,- երեկ Ագարակ գյուղում ընտրողների հետ զրույցի ժամանակ ասաց Ստեփան Դեմիրճյանը՝ ակնարկելով Ռոբերտ Քոչարյանի հանդիպումների ժամանակ կրկնվող միտքը, թե երկիր չի կառուցվում չարությամբ ու անհանդուրժողականությամբ: Սակայն երեկ էլ Թալինում հանդիպումից առաջ մի «հոգատար ձեռք» նախապես համակարգչային շարվածքով նման հարցեր էր նախապատրաստել. «Ինչպե՞ս եք բացատրում այն փաստը, որ վերջին շրջանում հհշամետ մամուլն ակտիվացրել է Ձեր քարոզչությունը», կամ թալինցիներին խի՜ստ հուզող մի հարց. «Ձեր կարծիքով, ի՞նչ տարբերություններ կան համանախագահների կողմից առաջարկված երկրորդ եւ երրորդ տարբերակների միջեւ»: Եվ վերջապես եւս մի հարց, որից ենթադրվում է, թե նախագահի բոլոր թեկնածուները պիտի «վոին» մականունն ունենան. «Հայտնի է, որ Դուք չեք մասնակցել Ղարաբաղյան ազատամարտին: Ինչ-որ առնչություն ունե՞ք ռազմական գործի հետ, քանի որ նախագահ դառնալու դեպքում՝ դառնալու եք Հայկական բանակի գլխավոր հրամանատարը»: Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պետ Գրիգոր Հարությունյանն այս գրությունների կապակցությամբ ասաց. «Եկեք այստեղ եւ տվեք այս հարցերը: Ժողովուրդը տեսնի, թե ով է հարցնողը, եւ կլսեք պատասխանը»: Ներկաներից որեւէ մեկը հանձն չառավ հարցերի հեղինակային իրավունքը: ՀԺԿ նախագահն իմ նախընտրելի թեկնածուն չէ, բայց չեմ կարող չնշել, որ նա արժանանում է գրեթե նույնքան ջերմ վերաբերմունքի, որքան իր հայրը: Մի կողմ թողնենք Ստեփան Դեմիրճյանի քարոզարշավի ընթացքում հանուն նրա հաղթանակի մատաղ արված գառներին, որոնց թիվը երեկ՝ հունվարի 27-ին հասավ 27-ի: Թալինի բնակավայրերի մեծ մասում, ուր երեկ այցելեց պրն Դեմիրճյանը՝ հանդիպումները վերածվում էին տոնակատարության: «Մեկ մարդու պես կանգնած ենք քեզ ընտրելու համար, հարգելի Դեմիրճյան, մեր աչքի՛, մեր գլխի՛ վրա տեղ ունես»,- ասում էին ագարակցիները, խոստանալով նրան տալ գյուղի բոլոր 600-700 ընտրողների ձայները: Դավիթաշեն եւ Եղնիկ գյուղերի բնակիչները փակել էին ճանապարհը, որ հնարավորություն ունենան շփվելու Դեմիրճյանի հետ: Սակայն ամենաջերմ ընդունելությունը սասունցիների Ներքին Բազմաբերդ գյուղում էր, որտեղ նրան աղուհաց մատուցեցին ու անմիջապես էլ շուրջպար բռնեցին զուռնա-դհոլի ներքո: Թերեւս ասվի, որ նույն կերպ պարում են նաեւ Ռոբերտ Քոչարյանի առջեւ, ծեր կանայք համբուրում ու գուլպաներ են նվիրում, եւ այլն: Սակայն տարբերությունն այն է, որ Դեմիրճյանի պարագայում ակնհայտ է՝ այս ամենը մարզպետները կամ համայնքապետերը չէ, որ կազմակերպում են: Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպումներին մարդիկ գալիս են սեփական նախաձեռնությամբ, ինքնաբուխ: «Հանրապետություն» կուսակցության Եղնիկ գյուղի կառույցի ղեկավարը վստահություն հայտնեց, թե իրենց մոտ գործող նախագահը չունի եւ ոչ մի ձայն: Արագածի նախկին գյուղապետ Օնիկ Ղազարյանը հայտարարեց, թե 1998-ին Կարեն Դեմիրճյանը ստացել էր ձայների 65 տոկոսը, եւ վստահություն հայտնեց, որ այժմ էլ նրա որդին կստանա նույնքան ձայներ: «Ով ուզում է անցնի՝ բացի Քոչարյանից»,- հայտարարեց այդ ավանի բնակչուհի Նադեժդա Խաչատրյանը: ԱԺԴ փոխնախագահը մեկ այլ բնակավայրում անցկացրեց մի փոքրիկ սոցհարցում՝ «Ո՞վ է ձայնը տալու Քոչարյանին» հարցով: Ներկա «populi»-ից ոչ ոք չարձագանքեց: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել