Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐ ՄԱՐԴԸ ՄԱՐԴԱՆԱ

Հունվար 25,2003 00:00

ՈՐ ՄԱՐԴԸ ՄԱՐԴԱՆԱ Հարցազրույց Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Բագրատ վարդապետ Գալստանյանի հետ – Կարելի՞ է հավատալ անտեսանելիին: 172 Ընդհանրապես կյանքը բաղկացած է ոչ միայն տեսանելի, մտքով բացատրելի երեւույթներից: Ասածիս վկայությունն է եկեղեցական աղոթքներից մեկում հետեւյալ արտահայտությունը.«պահիր, պահպանիր, ով Տեր, երեւելի եւ աներեւույթ թշնամիներից»: Մեր շուրջը կան շատ անտեսանելի բաներ, որոնց մենք չենք կարող տեսնել, բայց գիտենք, որ դրանք կան: – Կարելի՞ է բացատրել Աստծո գոյությունը: Աստված տեսանելի՞ է: 172 Ըստ Սուրբ Գրքի, Աստված հոգի է, հետեւաբար անտեսանելի է: Սակայն Աստված նաեւ անձ է, իրականություն: Աստված տեսանելի է նրանց համար, ում կյանքում նա դերակատարություն ունի, ով թույլ է տալիս, որ Աստված իր կյանքին միջամտի: Ըստ Աստվածաշնչի, կյանքում ոչինչ պատահական չէ: Աստված բացահայտվում է իր աներեւույթ գործունեությամբ: Աստված մարդուն արարում է իր պատկերով եւ նմանությամբ, այսինքն անմահ հոգիով եւ ազատ կամքով: Աստված երբեք ոչինչ չի պարտադրում: Հատկապես մեր տիրոջ մարդանալուց հետո Աստված ինքը քայլ արեց դեպի մարդը, խոնարհվեց մարդուն: Ինչպես Պողոս առաքյալն է ասում, Աստծո որդի Հիսուս Քրիստոսը եկավ մեր մեջ, խառնվեց մեզ: Այսինքն Աստված ինքը քայլ է անում դեպի մարդը, հրավեր հղում մարդուն: Մարդ ինքը պետք է որոշի, այդ հրավերն ընդունի՞, թե՞ ոչ, թույլ տա՞ Աստծուն միջամտել իր կյանքին, թե՞ ոչ: Սուրբ Հովանու ավետարանի մեջ նկարագրված է Պրոբատիկեի ավազանի տեսարանը: Ըստ ավետարանչի, մի քանի տարին մեկ անգամ ավազան է իջնում Սուրբ հոգին՝ բուժիչ հատկություններով օժտելով ավազանի ջրերը: Տարիներ շարունակ մի անդամալույծ սպասում էր ավազանի ջրերում բուժվելու հնարավորությանը: Եվ տեսնելով այդ ամենը եւ քաջ գիտակցելով անդամալույծի բուժվելու ցանկության մասին, Հիսուսը թվում է թե անտրամաբանական հարց է տալիս հիվանդ մարդուն, ասելով. «Ցանկանու՞մ ես բուժվել»: Եվ բժշկում է անդամալույծին՝ դրական պատասխանը ստանալուց հետո միայն: 172 Ինչպե՞ս կարելի է բացատրել Աստծո գոյությունը: Հավատքը միայն Աստծո գոյությունը ապացուցելու համա՞ր է պետք: 172 Կրոնը երբեք չի հակասում գիտությանը: Պարզապես գիտությունը ձգտում է բացատրել արարչագործությունը, իսկ կրոնը՝ Արարչին: Սակայն միայն հավատքն է հայտնագործում Աստծուն: Միջնադարյան մտածողներից մեկն ասում էր.«Հավատքով լի կյանքը մի կարճ ժամանակամիջոց է հավիտենական ճակատագրի արժանանալու համար»: Հավատքը ոչ միայն Աստծո գոյությունը փաստելու համար է: Այն սխրագործություններ անելու առաջին եւ կարեւոր նախապայմանն է: Առանց հավատքի ոչինչ չի կարող լինել, առանց հավատքի մարդ գոյություն չունի: Գարեգին Առաջին Հայոց վեհափառն այդ կապակցությամբ ասել էր. «Նույնիսկ ամենամեծ անհավատը հավատում է իր անհավատությանը»: – Հայ եկեղեցին շատ ավանդություններ ունի, որոնք չկան Աստվածաշնչում: Արդյո՞ք դա հեթանոսական ավանդությունների շարունակությունը չէ: 172 Ավանդությունը Սուրբ Գրքին հավասարազոր արժեք ունի: Ավանդության շնորհիվ է հստակեցվել Սուրբ Գիրքը եւ փոխանցվել դարեդար: Հաճախ վկայակոչում ենք տարբեր տարեթվեր՝ 100-ամյակ, 1000-ամյակ: Դա նշանակում է, որ ավանդությանը գնահատանք ենք տալիս: Օրինակ՝ Խաղողօրհնեքը մեզ համար պարզ պտուղ օրհնելու արարողություն չէ: Իր խոսքի համաձայն, խաղողը Տիրոջ խորհրդանիշն է. «Ես եմ որթատունկը»: Խաղողի օրհնության մեջ մենք մեր Տիրոջ խորհրդանիշն ենք տեսնում: Խաղողը ճմլվեց եւ գինի դարձավ, ինչպես մեր Տերը խաչվեց մարդկության համար: Կան սրբազան ավանդություններ եւ տեղական սովորություններ, որոնց եկեղեցին սրբագործել է եւ իմաստ ու բովանդակություն հաղորդել: – Արդյո՞ք մատաղը հեթանոսական ավանդույթ չէ: Ի՞նչ խորհուրդ ունի այն: Ինչպե՞ս եք վերաբերում հանգուցյալների հոգու խաղաղության համար մատուցվող հոգեհացին: 172 Մատաղ բառացիորեն նշանակում է աղի օրհնություն: Աղը սրբագործ է. առանց աղի կյանք չկա: Իր բովանդակությամբ մատաղը ողորմության խորհուրդ ունի: Հաճախ մարդիկ այն վերածում են խնջույքի, ինչը անընդունելի է համարվում: Մենք կարող ենք ճաշակել մատաղից, որպես մասնակցություն նվիրաբերությանը, բայց ոչ թե ամբողջությամբ լինենք դրան տիրապետողը: Խնդիրն այն է, թե որքանով ենք պատրաստ զոհաբերություն անել ուրիշի համար: Ընդ որում՝ որպես մատաղ կարող է դիտվել անգամ մեկ մոմը: Երեւույթը նվիրաբերությունն է: Առանց Աստծո հետ առեւտրի մեջ մտնելու՝ քեզանից զրկելը հանուն ուրիշի՝ մեծ նպատակի է ծառայում: Կան գյուղեր, որտեղ հոգեհացը պարտադիր վերածվում է հսկայական ճաշկերույթի: Հաճախ մարդիկ պարտավորված լինելով՝ մեկ օրվա ընթացքում աննպատակ ծախսում են ամբողջ իրենց կուտակած գումարները: Այնինչ, կարելի է որոշակի նվիրատվություններ անել կարիքավորներին: Բարի գործով անհրաժեշտ է հայցել հանգուցյալի հոգու խաղաղությունը: – Ճի՞շտ է արդյոք կնքել երեխաներին փոքր տարիքում: Չէ՞ որ նրանք չեն գիտակցում՝ ինչ է հավատքը: 172 Վաղ եկեղեցում մանկամկրտություն չի եղել: Եկեղեցու նշանավոր հայրերից շատերը չափահաս տարիքում են մկրտվել: Մկրտությունը դիտվում է ոչ միայն որպես անդամագրություն եկեղեցուն, այլ նաեւ ձերբազատում ադամական մեղքից, որի մեջ ծնվում են բոլոր մարդիկ: Վաղ տարիքում երեխային մկրտելն օգնում է նրան դիմակայել մեղքի մթնոլորտին: – Հայ եկեղեցում Մարիամին եւ սրբերին աղոթքներ են ուղղվում, իսկ դա արդյո՞ք նրանց պաշտել չի նշանակում: Չէ՞ որ մենք պաշտում ենք միայն Աստծուն: 172 Հայ եկեղեցին չափավորության դրսեւորումներ ունի ամեն ինչում: Երբ խոսքը վերաբերում է սրբերի պաշտամունքին, հայ եկեղեցում օգտագործվում է հարգել բառը: Աստվածամոր նկատմամբ հարգանքից մեծ ըմբռնում ունենք: Չեմ երկնչի ասել, որ Աստվածամորը մենք պաշտում ենք, ասելով՝ «Աղաչում ենք քեզ, Սուրբ Աստվածածին, ողորմիր մեզ»: Այսինքն, մենք ոչ միայն Աստվածամոր բարեխոսությունն ենք հայցում, այլ նաեւ խնդրում ենք, որ նա մեզ ողորմի: Չկա մի մարդ, որ չպաշտի իր մորը: Առավել եւս՝ Աստվածամորը, որը չպահեց իր որդուն, այլ տվեց մարդկությանը: – Հայ քրիստոնյաները ծնրադրում են նկարների առջեւ եւ համբուրում դրանք: Արդյո՞ք դա կռապաշտություն չէ: 172 Համբույրը գոյացության միություն է: Ցանկացած համբույր գոյության, էության միություն է, սիրո արտահայտություն է մարդու կամ երեւույթի նկատմամբ: Համբուրում ենք պատկերը, հողը, եկեղեցու քարը: Հատկանշական է, որ Հուդան համբուրելով մատնեց Տիրոջը՝ արտահայտելով Աստծո նկատմամբ գոյացական, էութենական սիրո կապը: Նկար համբուրելը նշանակում է այդտեղ պատկերած անձի կամ երեւույթի նկատմամբ տածած հարգանքի արտահայտություն: – Ո՞րն է մարդու կյանքի նպատակը ըստ Հայ Առաքելական եկեղեցու: 172 Ոչ միայն ըստ Հայ Առաքելական եկեղեցու, այլեւ քրիստոնեության մեջ մարդու կյանքի նպատակն է հասնել մի բարձրագույն աստիճանի, որի պայմաններում մարդը զրկված կլինի ցավից, հոգնությունից, դժգոհությունից, ուր համատարած խաղաղություն եւ համերաշխություն կտիրի: Դեռեւս Աթանես Ալեքսանդրացին գրում էր, որ «Աստված մարդացել է, որպեսզի մարդն աստվածանա»: Գերմանացի մի մտածող այդ կապակցությամբ ասում էր.«Աստված մարդացավ, որպեսզի մարդը մարդանա»: Այսինքն մարդը պետք է վերադառնա այն բնությանը, որում արարվել էր: Մարդու կյանքի նպատակն է ստեղծել եւ ապրել սիրո, խաղաղության, ներդաշնակության մթնոլորտում. ապրել մի կյանք, որը լի է Աստծո ներկայությամբ: Պատրաստեց ԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել