Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՌՔԵՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ

Հունվար 25,2003 00:00

ԿՈՒՌՔԵՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ Երկու աշխարհի սահմանագծին Հավանաբար, քաղաքական գիտակցության զարգացման եւս մի շրջափուլ է հարկավոր, որպեսզի նախագահական առաջին ընտրություններից շուրջ 12 տարի անց նորից գնալով ընտրությունների ոչ թե առաջնորդ ընտրենք, այլ նախագահ, ոչ թե անձ, այլ ծրագիր, ոչ թե առասպել, այլ խորհրդանիշ։ Հոդվածաշարը կարող էի խորագրել «Կուռքերի մթնշաղը»՝ վերհիշելով Նիցշեի նշանավոր աշխատության վերնագիրը, սակայն սույն բառակապակցության մեջ ժամանակային իմաստը գրեթե կորել է՝ տեղը դնելով բանաստեղծական նշանակություն, առաջին հերթին շնորհիվ Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի։ Այնպես որ, «մթնշաղն» այլեւս բանաստեղծական տրամադրություն արտահայտող երազային (ժամանակ չճանաչող) տխուր-էլեգիկ իրիկնային պահ է, սակայն ոչ երբեք «ավարտ», «վախճան» ցուցանող ժամանակ։ «Մայրամուտն» այդ իմաստով բովանդակում է ժամանակի ստույգ հատված՝ վերոհիշյալ բառերի նշանակությամբ, ճիշտ այնպես, ինչպես իր գիրքն անվանել է գերմանացի մեկ այլ նշանավոր փիլիսոփա՝ Օսվալդ Շպենգլերը՝ «Արեւմուտքի մայրամուտը», որով ազդարարվեց քաղաքակրթության մի ողջ շրջափուլի ավարտը։ Մանավանդ որ, այն իրողություններին, որոնց ցանկանում եմ անդրադառնալ, բնավ բանաստեղծական չեն, ոչ էլ տրամադրություններն են ցնծություն, ոչ էլ առաջիկա նախագահական ընտրություններն են տոնական։ Ժողովուրդը վերջին անգամ տոնական ընտրությունների է գնացել 91-ին, 12 տարի առաջ, այսինքն՝ աստղաբաշխական մի ողջ պարբերաշրջան է անցել։ Խոսքն, իհարկե, հիմքեր ունեցող, ապացույցներ չունեցող սնահավատության մասին չէ, ոչ էլ Առաքելական եկեղեցու կրավորական աջակցությամբ առաջադիմող կրոնախեւության մասին, այլ տեւողության, որ պայմանականորեն կարելի է անվանել քարեր հավաքելու ժամանակ։ ԽՍՀՄ փլուզումից առաջ՝ 1990-ին, դեռ չանկախացած Հայաստանի առաջին խորհրդարանական ընտրությունների արդար եւ թափանցիկ լինելու իրողությունն առայժմ ոչ ոք կասկածի տակ չի դրել։ Եթե հաշվի չառնենք Հայրիկյանի պառավաքարյան՝ ընտրությունների հետ չկապված շինծու ոդիսականը եւ անկախության հռչակման ու առաջին նախագահի ընտրության առիթով սեւ դրոշների շքերթը 91-ին, օրինականության խնդիր հանրապետությունը չի ունեցել։ 2003 թ. նախագահական ընտրություններում Հայրիկյանի բացակայությունը նաեւ կանխանշանն է այն բանի, որ Հայաստանն այլեւս անկախության խնդիր չունի եւ այսուհետ ԱԻՄ-ը կարող է գործել Ղարաբաղում՝ միայն որպես ինքնորոշման սուբյեկտին աջակցող կազմակերպություն։ Հայաստանյան առաջին ազատ ու արդար ընտրությունները, իհարկե, մեծ կապիտալ էին, որպեսզի հետագա՝ 95-ի խորհրդարանական, 96-ի նախագահական, 98-ի արտահերթ նախագահական ընտրությունների, մեղմ ասած, ապօրինությունների առջեւ աչք փակեին անգամ եվրոպական կառույցները, սակայն, ինչպես ամեն բան, անվերջ չեն, մանավանդ այդ ընթացքում չվերարտադրվեցին ժողովրդավարական մյուս արժեքները, որոնք կանխորոշված էին առաջին ընտրություններով։ Անշուշտ, շատ ավելի բնական կլիներ, եթե ժողովրդավարական բացարձակապես ոչ մի ավանդույթ չունեցող երկրում առաջին ընտրությունները պակաս ազատ լինեին, քան վերջինները։ Այդ է հուշում անգամ պատմության առաջընթացի օրենքը՝ նույնիսկ Դարվինի կամ Մարքսի խտրական ուսմունքների պարագայում, սակայն մեզ մոտ այդպես չեղավ։ Եզրակացնել դժվար է, սակայն կարելի է կարծել, որ այս օրինակով մենք ընտրում ենք պատմության ոչ պակաս տարածված այն ըմբռնումը, որի հիմքում ընկած է զարգացման թռիչքային գաղափարը, որ հավասարապես նշանակում է ինչպես թռիչքային վերելք, այնպես էլ թռիչքային անկանխատեսելի անկում։ Պարզ ասած՝ մեզ համար ռեւոլյուցիան նախընտրելի է էվոլյուցիայից։ Դժվար է ենթադրել, թե այս հանգամանքը միայն պատմության հեռացող նավից ուշացած ժողովուրդների վարքն է, բայց վերջին հարյուրամյակի իրողությունները կարծես թե այլ բան չեն հաստատում։ 19-րդ դարը սովորաբար համարվում է ազգերի ինքնագիտակցության ժամանակ։ Այդ գաղափարի մեջ, իհարկե, ռոմանտիզմից (բոլոր ոլորտներում) սերված իներցիա կա, սակայն ռոմանտիզմին հակառակ մեկնաբանության տվյալ՝ ինքնագիտակցության (մարդկության) մակարդակի փաստարկում։ Այս առումով չենք կարող չհիշել մի այնպիսի խայտառակ փաստ, որ այդ ժամանակամիջոցին ձեւավորված հայկական երեք խոշոր կուսակցություններից (ՀՅԴ, Կոմկուս, Հնչակյան) ոչ մեկը ազատական չէ։ Իսկապես երեքն էլ ձախեր էին, ուրեմն երեքն էլ հեղափոխական, բայց այդպես էլ ի շահ սեփական երկրի ոչ մի կարգին հեղափոխություն չարած, մինչեւ այժմ էլ որոշում են մտածողության այն տիպը, որ գերիշխում է քաղաքական գիտակցության մեջ։ Թերթեք Արտաշես Գեղամյանի արդեն հրապարակված «Հակաճգնաժամային ծրագիրը» եւ ինքներդ կտեսնեք կարմրադարչնագույն գաղափարախոսության տիրույթները։ Իհարկե, խոսքն այն մասին չէ, թե դա լավ է կամ վատ, խոսքն այն մասին է, որ դա այդպես է։ Խոսքն այն մասին է, որ ժամանակակից Թուրքիայից սկիզբ առնող Արաքսում, միանալով Քուռին, թափվում է Կասպից ծով, եւ ոչ թե այն մասին, որ անհրաժեշտ է շուռ տալ Արաքսի ուղղությունը։ Անկախությունից հետո։ Այս տարիներին, եթե հաշվի առնենք կրկնվող անունները, 15-ից ավելի նախագահի թեկնածուներ ենք ունեցել։ Մեզ նման ուղի չունեցող երկրներում նախագահի թեկնածու՝ նշանակում է ուղղության ընտրություն։ Եվ դեռեւս չի հայտնվել մեկը, որ ասի, թե ժողովրդավարություն չենք ուզում։ Հայտարարի, թե ժողովրդավարությունը խարխլում է մեր ազգային մենթալիտետը, ջարդում է մեր մշակույթի ողնաշարը։ Ասի՝ Արշակունիների պես թագավորություն ենք կամենում, Մեծ Տիգրանի ախորժակը զսպած՝ Կիլիկյան իշխանություն ենք ցանկանում, լավ, Խամսայի մելիքությունների պես մի բան, գալով մեր ժամանակներին՝ Իրան կամ Բաղդադ ենք ուզում։ Չեմ կասկածում՝ ուզեցել են, բայց չեն ասել, հակառակ դեպքում չէինք ունենա Խամսայի մելիքությունների պես մի բան, էն էլ՝ ըստ Րաֆֆու, այսինքն՝ Րաֆֆու հորինած։ Իհարկե, չաղաղակող դեպքեր եղել են, ասենք, «Ռուսաստան-Բելառուս», Երկրորդ եւ Չորրորդ հանրապետություն, բայց այդպես ուզեցողներն անգամ մեծահոգաբար դեմ չեն եղել ժողովրդավարությանը։ Ուրեմն՝ ժողովրդավարությունն ընտրություն է։ Ճիշտ է՝ կոմունիզմի պես «վերեւից», երեկ՝ հանրային դաշտում, այսօր՝ սեփական արտադրամասում թելադրանքով, սակայն ընտրություն է։ Մեր իրականությունը վերջին տասը, նախորդ 300 տարիներին գաղափարների հարստությամբ առանձնապես չի փայլում։ Մանավանդ այդ գաղափարախոսությունը սեւեռվեց Հայրենիքից Պետություն կառուցելու իղձի վրա, որով, թվում է, այն իրեն սպառեց։ Հանկարծ, պարզվեց, որ Պետություն կառուցելով՝ Հայրենիք չենք պահում։ Հանկարծ պարզվեց, որ Հայրենիք ունենալու համար ընդամենը երգ է պետք, Պետություն ունենալու համար՝ հարաբերություն։ Այս ձեւական հակադրությունից ծնվեց անկախության առաջին տարիներից ծնված երկընտրանքը՝ պետություն ունեցող ազգերի հետ մենք մտնում ենք հարաբերության մեջ որպես «սովորական ա՞զգ», թե՞ «համաշխարհային ազգ»։ Երկու գաղափարներն էլ բնական ծնունդներ էին, սակայն առաջինը դարձավ արտաքին քաղաքականության, այսինքն՝ հարաբերության հիմք, երկրորդը՝ ներքին պառակտման աղբյուր, միաժամանակ՝ առաջինը վիրավորեց 1500-ամյա պատմության պատկերացման տրամաբանությունը, երկրորդը՝ առողջ բանականությունը։ Բայց այդ մասին՝ հաջորդ հոդվածում։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել