Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զարմանալի ուրախություն

Հունվար 25,2003 00:00

Զարմանալի ուրախություն Փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) երեկ կայացած հանրապետական 2-րդ համաժողովի ընթացքից մի բան հստակ հասկացանք, որ տնտեսության այս թեւը պիտի պաշտպանի Ռ. Քոչարյանին՝ «եթե չեք ուզում սկսած գործերը կիսատ մնան» սպառնալիքով։ Այսինքն, կլուծարվեն փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը, վարչապետին առընթեր նույնանուն խորհուրդը, նաեւ՝ ուժը կորցրած կճանաչվեն գործարարության այս ոլորտին նպաստող ու շրջանառության մեջ մտած օրենքները։ Ողջույնի խոսք ստացած բոլոր հյուրերն անխտիր նշեցին, թե որքան հեշտ ու բեղմնավոր են աշխատել 1998-ից այս կողմ, այս նախագահի ու կառավարության հետ, ու թե էլի ինչքան լավ է լինելու, եթե ամեն ինչ մնա նույնը։ ԱԺ պատգամավոր Սեյրան Ավագյանը իր 13-ամյա պատգամավորական ստաժով մի պարզ ճշմարտություն էր յուրացրել՝ մենք ճիշտ ուղիով ենք գնում, նաեւ՝ «սա չտեսնված երեւույթ է, երբ մենք ենք որոշում՝ ինչով պիտի զբաղվի իշխանությունը, ինչ պիտի անի նա մեզ համար, այ, սա ժողովրդավարություն է»։ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Ռշտուն Մարտիրոսյանին էլ առանձնապես ոգեւորել էր այն, որ նախորդ տարվա 20 միլիոնի փոխարեն այս տարի պետբյուջեից իրենց հատկացվել է 250 միլիոն դրամ, չհաշված կողքից՝ միջազգային կազմակերպություններից եկող գումարները։ Փոքրիկ հաշվարկով հետեւություն-հաշվարկ անենք՝ եթե նախորդ տարվա համախառն ներքին արդյունքում ՓՄՁ-ի մասնաբաժինը կազմել է 35% (ինչի համար պարտական ենք կենտրոնին), ապա մոտ 12 անգամ ավելի ֆինանսավորման դեպքում այդ տոկոսը պետք է կազմի 400%-ից էլ բարձր։ Բայց զարմանալի համեստությամբ պարոն Մարտիրոսյանը որոշեց ընդամենը «էլ ավելի լավ աշխատելով ձգտել-հասնել 70%-ի»։ Մինչեւ համաժողովը տարբեր կլոր-սեղաններով լսվել ու որոշվել էին ՓՄՁ-ների հիմնախնդիրները, այստեղ մնացել էր «տեխնիկայի» գործը՝ կարդալ դրանք, լսել գրեթե նույն ասողներին ու համաձայնել։ Գուցե այդպես բացատրենք ՓՄՁ համաժողովին մասնակից ձեռնարկատերերի սակավությունը։ Ում էլ հաջողվեց հայտնաբերել՝ դժգոհեցին հարկային դաշտից եւ «ով մտնի՝ փող է ուզում» հայտնի խնդրից։ Արդարության դեմ մեղք չգործելու համար ասենք, որ զրուցակից գործարարները դեմ չէին, որ որոշ առաջընթաց նկատելի է, բայց թե հատկապես ինչո՞ւմ՝ դժվարանում էին պատասխանել։ Իսկ ներկայացված թվերն ասում են, որ վերջին 5 տարում ստեղծվել են 34680, բայց գործում են 108 հազ. գերփոքր, փոքր եւ միջին ձեռնարկություններ։ Ընդ որում, միայն 2002 թ. ստեղծվել է ավելի քան 8000 ձեռնարկություն՝ 19 հազ. նոր աշխատատեղով։ Ասել է, թե հանրահայտ 40 հազ. աշխատատեղերի կեսն ապահովել են ՓՄՁ-ները։ «Համաժողովի «հռչակագիր» փաստաթղթից երեւում է, որ ոլորտում կատարված փոփոխությունները սկսվել են 2000-ից, որ բարձր է գնահատվում իշխանությունների ու ձեռնարկատերերի միջեւ սկսված համագործակցությունը եւ երկխոսությունը եւ այլն։ Իսկ մեզ համար զարմանալի է հատկապես, որ արտադրող մարդն ուրախանում է այն մտքից, որ իր հարազատ պետությունը փորձում է (դեռեւս միայն այդ) պայմաններ ստեղծել արտադրություն կազմակերպելու եւ տնտեսություն զարգացնելու համար։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել