Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱրմենՏելին պետք է մշտապես ճնշել

Հունվար 25,2003 00:00

ԱրմենՏելին պետք է մշտապես ճնշել Այլապես հաջողության չենք հասնի ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հավաստմամբ, ՀՀ կառավարությունը վճռական է, պահանջելու է, որ ԱրմենՏելը մեր բնակչության համար ապահովի որակյալ ծառայություններ եւ սակագների կայունացում: Ընդհանրապես, ըստ պրն Մանուկյանի, ԱրմենՏելի հետ բարդ է, խորհրդակցությունները նոր տնօրենի հետ ամենօրյա բնույթ են կրում, «իսկ եթե խոստումներն այս տարի էլ չկատարեն, կտրուկ քայլերի կգնանք»: Իսկ 2002-ին ԱրմենՏելը խոստումը դրժել է՝ հանրապետության ողջ տարածքը հեռախոսակապով ապահովելու հարցում: Չկատարումը պատճառաբանվում է ֆինանսների սղությամբ: Արդյունքում այսօր շուրջ 240 գյուղական բնակավայր զրկված է հեռախոսակապից: Բջջային ցանցի ցածր որակը շտկելու ուղղությամբ նախատեսված է մոտ ապագայում Երեւանում տեղադրել 4 կայան, որ կապահովի 100 տոկոսանոց ծածկույթ, իսկ ընդհանուր առմամբ ԱրմենՏելը այս տարի 27 կայան պետք է տեղադրի, որ կապահովի հանրապետության տարածքի 85-90 տոկոս բջջային ծածկույթ: 2002-ին լուրջ աշխատանքներ են արվել Հանրային հեռուստատեսության սփռման ուղղությամբ: ՀՀ կառավարությունը համապատասխան գումարներ է հատկացրել, որպեսզի բոլոր բնակավայրերում ապահովվի Հ1-ի սփռումը: 2002-ին 57 բնակավայրերից 24-ում է այն ապահովվել, իսկ այս տարի նախատեսված է ապահովել նաեւ մնացած 33-ինը: Ընդհանուր առմամբ 2002 թ. ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության գործունեության ծրագիրը կատարվել է 100 տոկոսով: Համակարգի ընկերությունները 2002 թ. բյուջե են փոխանցել շուրջ 2.5 մլրդ դրամի հարկ: 2002 թ. նախարարության համակարգում գործող ընկերությունները կատարած աշխատանքի եւ մատուցած ծառայությունների դիմաց ստացել են 19537.1 մլն դրամի եկամուտ՝ նախորդ տարվա 15050.8մլն-ի դիմաց: Երկաթուղային տրանսպորտի ոլորտում գրանցվել է 4.6 անգամ ավելի շահույթ, քան 2001-ին էր, իսկ շահույթի աճը հիմնականում պայմանավորված է բեռնափոխադրումների ծավալի աճով, որը հասնում է 44 տոկոսի: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով իրականացվող ճանապարհաշինության ծրագիրը. 2002 թ. հիմնովին կառուցվել է 21.6 կմ ճանապարհ, վերանորոգվել է 170 կմ: Այս տարի ծավալները կրկնապատկվելու են: 2002 թ. ՀԲ վարկային ծրագրով ավարտվել են Երեւան-Վրաստան երկաթուղագծի երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխի շինարարական աշխատանքները, որի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլն 300 հազար դոլար: Դա ունի ռազմավարական նշանակություն, իսկ այդ մալուխը իր հզորությամբ 3 անգամ գերազանցում է ԱրմենՏելի այսօրվա գոյություն ունեցող մալուխին: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. «OTE-ն Հայաստանից չի գնա, բայց եթե գնա էլ, դա մեզ համար ողբերգություն չի լինի»,- համոզված է Անդրանիկ Մանուկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել