Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԹԵ՞ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՎ ՊԻՏԻ ԱՆՑՆԵՆՔ, ՈՐ ԲՈՄԺ ՉԿՈՉՎԵՆՔ»

Հունվար 25,2003 00:00

«ԹԵ՞ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՎ ՊԻՏԻ ԱՆՑՆԵՆՔ, ՈՐ ԲՈՄԺ ՉԿՈՉՎԵՆՔ» Մոսկվայից 1 օր առաջ վերադարձած ՀՀ նախագահի թեկնածու Արամ Կարապետյանը երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր։ Գնահատելով հանրապետությունում ներքաղաքական զարգացումները, նա ասաց, որ «արտաքին «ճնշումներն» ազդում են ներքաղաքական դաշտի վրա։ Ոչ մի նոր բան Հայաստանում, սկսված քարոզարշավի հետ կապված՝ չկա։ Բոլոր այն թեկնածուները, որոնք ֆավորիտներ են համարվում, շարունակում են իրենց ընտրարշավը։ Կարծում եմ, 16-ի ներսում միասնական թեկնածու, ցավոք, չի լինի»։ Գործող նախագահի (որը, մեր տպավորությամբ, ստվերային միասնական թեկնածուն է) արշավը, ըստ սոցիոլոգ-թեկնածուի, ոչ մի նորություն նույնպես չի պարունակում, «ներկայացվում է՝ ամեն ինչ լավ է, էլ ավելի լավ կլինի։ Ծրագրերը բավականաչափ նայել եմ։ Դրանք ցանկությունների մի շղթա են, թե ինչ պետք է անել ռեալ իրավիճակի հասնելու համար՝ չկա»։ Անդրադառնալով «արտաքին ճնշումներին», Արամ Կարապետյանը ուշադրություն հրավիրեց ԱՄՆ դեսպանի հայտարարության վրա՝ 5% խախտումների հետ կապված. «Գերտերությունները տարբեր մակարդակներով ներկայացնում են իրենց տեսակետն այն մասին, ինչի մասին ասել եմ։ Եթե Հայաստանը այս ընտրություններում չի ունենալու լեգիտիմ նախագահ, մեզ շատ մեծ դժվարություններ են սպասվելու»։ ՀՀ նախագահի աթոռի հավակնորդի կարծիքով, «բաց է թողնված» թե՛ գործող նախագահի, թե՛ թեկնածուների կողմից Լեռնային Ղարաբաղի հարցի նկատմամբ իրենց դիրքորոշումը։ «Գործող նախագահի ծրագրում ամեն ինչ գրված է եւ գրված է առանց նշելու, թե ինքնորոշման իրավունքն ինչ է նշանակում։ ԼՂ-ն նշանակում է անկա՞խ պետություն, թե՞ Հայաստանի կազմում, թե՞ Ադրբեջանի կազմում։ Եվ արդյոք չե՞նք հիշում, թե Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ հողի վրա դարձավ նախագահ»։ Հիշողության 5-ամյա կորուստ «ունեցողներիս» (ինչը պարբերաբար շեշտվում է ընտրություններից ընտրություն ժամանակահատվածում) համար թեկնածուն շեշտեց. «Բոլորիս միտքն այն էր, որ նա նախագահ է դառնում պաշտպանելու համար Լեռնային Ղարաբաղի հարցը միջազգային ատյաններում, ժողովրդական լեզվով ասած՝ որ Լեւոնը չտա»։ Իր դիրքորոշումն այս հարցում հետեւյալն էր. «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում երբեք չի կարող գտնվել, նա անկախ կայացած պետություն է»։ Բավականին երկար ժամանակ պահանջվեց, որ թեկնածուն (տեսական հարթության վրա, իհարկե) բացատրի, թե ինչ է նշանակում Ռուսաստանի հետ հարաբերություններում «ամենից շատ մերձեցում»-«ավելի մեծ մերձեցումը»։ «Արդյոք ՀՀ քաղաքացիների նկատմամբ կկիրառվե՞ն այն բոլոր օրենքների ընդունված ուժգնությունները, ասենք, միգրացիայի հետ կապված։ Թե՞ մենք ունենալու ենք այն նույն կարգավիճակը, որն ունեն բելառուսները»,- շարունակեց նա։ «Բաշխիչ ցանցերն անհասկանալի են, ումն են, էներգամատակարարման հիմնարկներն անցնում են Ռուսաստանին», ասաց նա։ Ա. Կարապետյանն անհասկանալի համարեց Չուբայսի (որը խնդիրներ ունի էներգահամակարգի հետ կապված) «հնարավորությունները» մեզանում։ «Մենք հստակ պիտի նստե՞նք-հասկանանք, ի՞նչ ենք ուզում Ռուսաստանից եւ ի՞նչ է ուզում Ռուսաստանը մեզնից»։ Որ ընտրարշավի ժամանակ հավանաբար թեկնածուներից յուրաքանչյուրը կբացատրի սա, չենք կասկածում, բայց ահա, թե ի՞նչ է ուզում ՀՀ գործող-չգործող նախագահը «Հոկտեմբերի 27» քրգործով տուժողի իրավահաջորդ, ռուս փաստաբան Օլեգ Յունոշեւից, դեռ պարզ չէ։ Ըստ Արամ Կարապետյանի, սակայն. «Ի՞նչ է նշանակում «Հոկտեմբերի 27-ի» հետ կապված Յունոշեւի «բոմժ» մականունը։ Չեմ կարծում, որ որեւէ նախագահ իրավունք ունի ընդհանրապես նման բառ օգտագործել։ Էլ չեմ ասում Յունոշեւի մասին։ Ով որեւէ բանի համաձայն չէ՝ անպայման բո՞մժ է։ Շատ կներեք, Յունոշեւի հորն ու իր կենսագրությանը ծանո՞թ եք։ Թե՞ անպայման բոլորը պիտի Ստեփանակերտով անցնեն, որպեսզի բոմժ չլինեն»։ Պատասխանելով գործընկերներիցս մեկի հարցին, Ա. Կարապետյանը հնարավոր չհամարեց որեւէ դաշինքի միանալը։ Նրա կարծիքով, 2-րդ փուլ լինելու է, թե ինչո՞ւ, պատասխանեց այսպես. «4-5 բավականաչափ ուժեղ թեկնածուներ են սկսում առաջ գալ։ Դժվար թե 1-ին փուլում որեւէ մեկն առավելագույն ձայներով հաղթի։ Առավել եւս, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածի ձայները կբաշխվեն ոչ հօգուտ գործող նախագահի»։ Ա. Կարապետյանը հայտնեց, որ որեւէ պաշտոն (ՀՀ նախագահ չընտրվելու դեպքում) չի զբաղեցնի, երբ նախագահ մնա Ռոբերտ Քոչարյանը։ Այս թեկնածուի ծրագիրը բաժանվելու է գալիք երեքշաբթի։ Հարկային քաղաքականության հետ կապված իր ծրագրի որոշ դրույթներ նա մոտ համարեց Ա. Գեղամյանի ծրագրին, ժողովրդավարության դրույթներով մոտ է Ստ. Դեմիրճյանի ծրագրին, «ինչ-որ տեղ երեւի թե զավեշտ թվա», ասաց նա, ազգային գաղափարախոսության առաջընթացի առումով՝ Վազգեն Մանուկյանի ծրագրին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել