Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորը որակն է

Հունվար 25,2003 00:00

Կարեւորը որակն է Որքա՞ն կարելի է սպառել սպառողի համբերությունը Որքան ավելանում են սպառողների իրավունքներին նվիրված խորհրդակցությունները (ավելի հաճախ՝ հասարակական կազմակերպությունների ծրագրերի շրջանակներում), այնքան ավելի հաճախ են ոտնահարվում նրանց իրավունքները։ Վանաձորյան խանութների մի մասը հեղեղված է կանաչա-կապտավուն, սմքած, թոշնած եւ «թթված» մսամթերքով (հիմնականում՝ երշիկեղեն)։ Ժողովրդի անվճարունակության արդյունքում սպառողները քիչ են, մթերքները՝ շատ, որոշ խանութներում չեն գործում սառնարանները (որպես էլեկտրաէներգիա տնտեսելու ձեւ), ուստի մեծ թիվ են կազմում անորակ մսա-կաթնամթերքները, հավկիթները։ Էլ չենք խոսում փողոցում վաճառվող համանուն մթերքների մասին։ Երբեմն մթերքի անորակությունն ի հայտ է գալիս, երբ գնորդը այն գնում եւ տուն է տանում։ Նման դեպքերում խանութների վաճառողները պատճառաբանում են, թե իրենք չեն կարող իմանալ, թե ի՞նչ վիճակում է, ասենք, տոպրակով հավը, որի փորոտիքը կարող է մաքրված-մշակված չլինել եւ պատճառ դառնալ թռչնամսի որակազրկման։ Երշիկեղենի հարցում էլ «քաշված» գնորդին «լավագույն» դեպքում կարող է նախատել վաճառողը, թե նախապես պետք է հոտ քաշեր, հետո առներ։ Կարծում ենք, առավել ողբերգազավեշտական կարող է լինել այն գնորդների վիճակը, ովքեր հեռավոր գյուղից եկել, հապճեպ կարգով մեծաքանակ գնումներ են կատարել ու գոհ, երջանիկ հեռացել՝ չիմանալով, թե իրենց ի՞նչ անակնկալ է սպասում այդ գնումներից։ Մեծ թիվ են կազմում կասկածելի որակի արտասահմանյան նրբերշիկները, որոնց գունափոխվելուց հետո վաճառողները աշխատում են դրանք «աչքի չընկնող» տեղում թողնել, հուսալով, որ որեւէ միամիտ «մուշտարի» կարող է հայտնվել։ Հույս չեն ներշնչում նաեւ սովորական կամ շոկոլադ կարագի որոշ տեսակներ։ «Նոր Զելանդիա» անվան տակ երբեմն կարող է մատուցվել մարգարինից չտարբերվող, «կծված» կարագ։ Ժամկետանց ու որակազրկված կարող է լինել նաեւ «Ռուսական» անվանումը կրող կարագը։ Կաթնամթերքի մի մասը խորհրդային ժամանակների փաթեթներով է, որոնց վրա, բնականաբար, չկան նշումներ արտադրման օրվա եւ պահպանման ժամկետի վերաբերյալ։ Եթե որեւէ խաբված գնորդ կարողանում է ապացուցել, թե որտեղից է գնել անորակ մթերքը, վաճառողները այն մի կերպ, դժկամությամբ եւ նույնիսկ… գնորդին մեղադրելով ետ են վերցնում։ Այս համատեքստում պետք է նկատել, որ, որպես կանոն, մթերային խանութներում գնորդին ստացական տալու մեխանիզմ չի գործում (թեպետ, ձեւականորեն հաշվիչ դրամարկղեր են տեղադրված, որոնք ավելի շատ «աչքակապության» նպատակ են հետապնդում), եւ գնորդները խաբված լինելու դեպքում չեն կարող դա ապացուցել։ Հազարանուն մթերքների բազմառատության պայմաններում, թերեւս, թարմ ու որակյալ կարող է լինել միայն դրանց մի չնչին մասը։ Իսկ ի՞նչ երաշխիք, թե այդ ակնհայտ ժամկետանց ու որակազրկված մսամթերքը մատչելի գներով չի «սաղացվում» հասարակական սննդի օբյեկտներում՝ համբուրգերի, կարկանդակի կամ այլ կերակրատեսակների տեսքով՝ անախորժ համուհոտը զանազան համեմունքներով «չեզոքացրած»։ Պատահական չէ, որ հաճախ ենք տեղեկանում սննդային թունավորումների դեպքերի մասին, որոնց հարցում որեւէ մեկի մեղքը բավականին դժվար է ապացուցվում։ Հետաքրքիր է, թե ո՞ր կառույցներն են կոչված վերահսկելու այս ամենաթողությունը, բացի հասարակական կազմակերպություններից կամ լրագրողներից, որոնք այդ հարցում գործուն լծակներ չունեն։ Ենթադրվում է, թե այս ամենի նկատմամբ պետք է հսկողություն իրականացնեն հակահամաճարակային կենտրոնները՝ համապատասխան մարմինների հետ պարբերաբար ստուգայցեր կազմակերպելով։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել