Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆ ԹԵԿՆԱԾՒՈՅ՝ ԶԴԵՄՈԿՐԱՏՈՒԹԻՒՆ ՒԻՐ

Հունվար 25,2003 00:00

ՍԱՀՄԱՆ ԹԵԿՆԱԾՒՈՅ՝ ԶԴԵՄՈԿՐԱՏՈՒԹԻՒՆ ՒԻՐ Ապագայի պայծառ պատկերներ ներկայացնելու փոխարեն ներկայի ու մոտիկ անցյալի մռայլները ցուցադրելու հնարավորությունը ագրարնիկներին երեկ տվեց ՀՀ նախագահի թեկնածու, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը։ Ժուռնալիստների միությունում հավաքված տեսաբան եւ գործող ագրարնիկները թվերով ու տրամաբանությամբ հերթական անգամ հօդս ցնդեցրին «կայուն եւ զարգացող գյուղարտադրության» մասին դատողությունները։ Հանդիպման սկզբում Ա. Սարգսյանը հայտնեց, որ այս քննարկման արդյունքում իր նախընտրական ծրագրում ճշգրտումներ կլինեն, հասկանալի է՝ դրա գյուղատնտեսական հատվածում։ Իսկ հրավիրվածներն, իհարկե, պրն Սարգսյանի «գյուղատնտեսական» գաղափարակիրներն էին, որոնք թվերով ու տրամաբանորեն ամրապնդում էին թեկնածուի գաղափարները։ Այնպես որ, ճշգրտելու նպատակներով ավելի արդյունավետ կարող էին լինել հանդիպումները ընդդիմախոսների հետ, թեեւ դժվար է պատկերացնել դեմոկրատիայի այն աստիճանը, երբ երկրի նախագահի թեկնածուն հրապարակային հանդիպում է անցկացնում իր ընդդիմախոսների հետ։ Անգամ ամենադեմոկրատական թեկնածուն։ Եվ այսպես, ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի ագրարային պրոբլեմների թեմատիկ խմբի ղեկավար Հովհաննես Ֆահրադյանը հողօգտագործման անկում է արձանագրում։ Այն դեպքում, երբ ԽՍՀՄ տարիների 900 կոլեկտիվ եւ պետական տնտեսությունների փոխարեն հողի սեփականաշնորհումից հետո Հայաստանում ստեղծվել են մոտավորապես 335 հազար գյուղացիական տնտեսություններ։ Բանախոսի հավաստմամբ, նախկին ԽՍՀՄ ոչ մի հանրապետությունում նման բան չկա, երկրորդ պատվավոր տեղում Ռուսաստանն է՝ մոտավորապես 270 հազար, որոնք գյուղարտադրության համախառն արդյունքի 5%-ն են տալիս, մերոնք՝ 98%-ը։ Որպես «գյուղմթերքների արտադրության սահմանափակիչ» նշվեց ոռոգման ջրի պակասը, որի պատճառով մշակելի հողերից 200 հազար հեկտար չի մշակվում։ «Ջրի վարձը չմուծողին ջուր չտալու»՝ ջրային կոմիտեի հետեւյալ «երկաթյա սկզբունքը» պրն Ֆահրադյանը գյուղացու վզին երկաթյա օղակ համարեց, ինչը «քանդում է երկրի պարենային անվտանգության հիմքերը»։ Բանախոսից գյուղատնտեսության փրկության ծրագիր չլսելով՝ դեմկուսի նախագահն այս մասին իր պատկերացումը ներկայացրեց. «Ավելի ճիշտ կլինի, եթե գյուղացին խոշորացնի արտադրությունը, արտադրողները միավորվեն, այսինքն՝ կոոպերացիա»։ Սակայն այս դեպքում էլ պետությունը, ըստ պրն Սարգսյանի, անելիք ունի՝ արտոնյալ վարկեր, սահմանամերձ շրջաններում հարկերից ազատում, օգնություն թունաքիմիկատներով, տեխնիկայով։ Արձանագրելով, որ պետությունն այսօր նման քաղաքականություն չի վարում, փաստային հենքով կոոպերացիայի գաղափարի ամրապնդման գործը փոխանցվեց Գյուղակադեմիայի ամբիոնի վարիչ Միքայել Գյուլխասյանին։ Այս ելույթի ամենամռայլ թվերն են՝ հողերի 40% չօգտագործում եւ դրանց 70-80%-ի արդեն իսկ փոշիացված լինելը։ 11 տարի ֆոսֆորային պարարտանյութ Հայաստան չի մտնում, իսկ այս տարի շատացել են վնասատուները։ Փրկությունը՝ կոոպերացիա։ Հայաստանի ֆերմերային շարժման ղեկավար Սարգիս Սեդրակյանը իրենց կազմակերպության «կոնկրետ մոտեցումները» իշխանության կողմից կատարելու դեպքում երաշխավորում է գյուղացու վիճակի բարելավում, արտագաղթի կրճատում, ներգաղթի ավելացում։ Մեզ ավելի հետաքրքրեց դեմկուսի ղեկավարի այն դիտարկումը, թե եթե մեխանիզմներ լինեին, ավելի ճիշտ կլիներ դրանց մասին խոսելը։ Միանում ենք այս դիտարկմանը։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել