Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈՅԿՈՏ «ՀԱՅԼՈՒՐԻՆ»

Հունվար 25,2003 00:00

ԲՈՅԿՈՏ «ՀԱՅԼՈՒՐԻՆ» ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի ընտրական շտաբը հաղորդում է, որ սկսած ս/թ հունվարի 24-ից պաշտոնապես բոյկոտում է Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագիրը եւ դադարեցնում է նրա հետ լրատվական համագործակցությունը։ Ա. Գեղամյանի նախընտրական շտաբի սույն որոշումը պայմանավորված է թեկնածուներից մեկի՝ գործող նախագահի ընտրարշավի՝ «Հայլուր» ծրագրի ակնհայտ կողմնակալ լուսաբանման, ընդդիմադիրների հաղորդումների միտումնավոր աղավաղման եւ ձեւական հավասարության մթնոլորտ ստեղծելու առթիվ։ * * * Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբում պոլիկլինիկաների կոլեկտիվների ղեկավարներին պարտավորեցրել են գործող նախագահի հանդիպումների նախօրեին տեղերում 2 օր հայտարարել «բաց դռների օր»։ * * * Մեծարենցի անվան թիվ 146 դպրոցի ընտրատեղամասում ցուցակների մեջ տեղ են գտել մանկահասակ երեխաների անուններ՝ Գրիգորյան Արարատ (8-րդ դասարանցի) եւ Դարբինյան Աիդա (նաեւ դպրոցի տնտեսվար Մնոյի թոռների անունները)։ Նույն ցուցակում ընդգրկված Ղուկասյան Ռուզաննան ի ծնե հոգեկան հիվանդ է, իսկ Մարտիրոսյան 12 հասցեում «ապրող» Ֆրունզիկ Դերենիկի Սահակյանի ընտանիքը (թվով հինգ ընտրող)՝ Գիսինե, Արմեն, Աննա եւ Անահիտ Սահակյանները, 12 տարի է, ինչ հեռացել են Հայաստանից։ * * * Երեւանի Գր. Լուսավորիչ փողոցի բարձրահարկերում 23.01.03-ին մտել են բնակարանները, ներկայացել որպես Ա. Գեղամյանի կուսակիցներ, հարցրել՝ ո՞ւմ եք ընտրում. երբ լսել են Ա. Գեղամյանի կամ ընդդիմությունից որեւէ մեկի անունը, վերցրել են ընտրողների անձնագրային տվյալները եւ ինչ-ինչ թղթեր ստորագրել տվել (իբր հաշվում են ձայները)։ Ա. Գեղամյանի շտաբից հայտնում են, որ նման հանձնարարական ոչ ոք չի ստացել եւ քանի որ նման ձեւով թեկնածուների ձայների աղավաղման հարուստ փորձ կա, ենթադրվում է, որ այդ ամենն արվում է Ռ. Քոչարյանի մրցակիցների ընտրողներին դատարանի դռները գցելու նպատակով։ Ի դեպ, նման փաստեր գրանցվել են Սարի թաղի թիվ 70 դպրոցի կոլեկտիվի կողմից (տնօրեն՝ Ստեփանյան)։ ՍԵՎ «PR» Չարբախի Շիրակի փողոցի 13,15 հասցեներում Ստեփան Դեմիրճյանի անունից բաժանվել է 500-1000-ական դրամ: ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանը հերքեց, թե իրենց թեկնածուն կամ նրա աջակիցները որեւէ կապ ունեն այս փաստի հետ. «Ընտրությունների անցկացման այս ձեւը մենք կտրականապես մերժում ենք եւ համարում անբարոյական»: Սեփ. լր. «ՍՊՈՒՏՆԻԿ»-Ը ՄԻԱՅՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ Է Արտաշես Գեղամյանի նախընտրական շտաբից տեղեկացրին, որ ժամը 19։00-20։30-ը, այսինքն՝ քարոզարշավային ժամին, Հանրային հեռուստատեսությունն իր արբանյակային եթերով ցուցադրում է «կինո կամ մուլտիկ», արտերկրում ապրող միլիոնավոր ՀՀ քաղաքացիներին զրկելով նախագահի թեկնածուներին ճանաչելու եւ ճիշտ ընտրելու հնարավորությունից։ «Փոխարենը՝ 20։30-ից հետո նրանք լսում են մեկուկես-երկժամանոց հաղորդումներ, որտեղ ով էլ խոսի՝ միայն ու միայն Ռոբերտ Քոչարյանի գովքն է անում։ Եվ սա էլ համարում են թեկնածուների համար հավասար պայմաննե՞ր»,- զայրացել էր նախընտրական շտաբի պետ Ալեքսան Կարապետյանը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել