Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾՎԵԼ»

Հունվար 25,2003 00:00

«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾՎԵԼ» Հարցազրույց ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանի հետ Այս հարցազրույցը հետաձգվեց ՀՀ նախագահի Գերմանիա եւ ՌԴ կատարած պաշտոնական այցերի պատճառով. սակայն թեման ժամանակավրեպ չդարձավ: Տիգրան Նաղդալյանի սպանության շուրջ շահարկումները, որոնց սկզբնավորողը եղել է «Հ1»-ը իր «վհուկների որսով» եւ ընդդիմադիր մամուլին տրվող ցուցումներով, թե որ վարկածները քննարկի, որը՝ ոչ, անցնող օրերին շարունակվեցին՝ ասպարեզ բերելով ոչ միայն «արգելված», այլեւ ավելի անցանկալի վարկածներ: «Հ1»-ում այդքանը պետք է կանխատեսեին, իսկ էլ ավելի վաղ գիտակցեին, որ հիշատակի առաջ չեն լռեցնում, այլ լռում են: Սակայն «Հ1»-ը սկսեց, եւ բոլորն առայժմ շարունակում են լռեցնել: Մինչդեռ ինչ-որ պահից, ինչ-որ մեկի հետադարձ հայացքից ու գնահատականից պետք է սկսվի այդ լռեցնելու մրցակցության վերջը: Հուսանք, Վահե Գաբրիելյանի հետ հարցազրույցը այդ շրջադարձը կկատարի: – Պրն Գաբրիելյան, գիտե՞ք ինչու եմ Ձեզանից հարցազրույց խնդրում, որովհետեւ մինչեւ հիմա չեմ ընկալում՝ Դուք ինչպե՞ս կարողացաք նման միտք ասել, թե իշխանությունները ընդդիմադիր լրագրողներին չեն ճնշում, իսկ հակադիր ճամբարից լրագրող են սպանում… – Եկեք ճշտենք. ես այդպես չեմ ասել: Ոչ թե հակադիր ճամբարից այս ճամբարի լրագրող են սպանում, այլ «այս տարիների ընթացքում ընդդիմության ճամբարում գտնվող լրագրողների վրա ճնշումներ չեն արձանագրվել, իսկ հակադիր /ասել է թե՝ իշխանության/ ճամբարից լրագրող սպանվեց», նկատի ունենալով, որ մամուլի, ազատ խոսքի հանդեպ իշխանության կողմից ոտնձգություններ չեն եղել, սակայն իշխանամետ լրագրողը սպանվել է: Ես չգիտեմ, եւ բնական է, որ չէի կարող ասել, թե ով սպանեց եւ կոնկրետ որեւէ մեկի կամ ուժի չեմ մեղադրել: – Ուրախ եմ դա լսել, այդ դեպքում գուցե մյուս թյուրըմբռնումներն էլ բացատրեք: «Թուրքերն ու ադրբեջանցիները ցավակցել էին…»: – Անկեղծ ասած, ցանկություն չունեմ խոսելու այդ թեմայով, բայց ցավում եմ, եթե թյուրըմբռնումներ կան: Ես միայն հունվարյան տոներից հետո մամուլից եմ իմացել, որ ընդդիմադիր մեկ թե երկու կուսակցություն Նաղդալյանի սպանությունը դատապարտող հայտարարություններ են ընդունել: Իսկ մահվանը հաջորդած օրերին հեռուստատեսության հետ գրեթե անընդհատ կապի մեջ էի, այնտեղ ինձ ցույց են տվել իրենց ստացած ցավակցական հեռագրերը: Իմ հիշատակած թուրք եւ ադրբեջանցի լրագրողների հեռագրերը կային, Դավիթ Շահնազարյանի հեռագիրը կար, այլ ընդդիմադիր կուսակցություններից կամ անհատներից ստացված որեւէ հեռագիր չեմ տեսել, եթերով էլ որեւէ մեկի խոսքը չհնչեց, թեեւ եթերը բաց էր բոլորի համար, եւ, ի պատիվ իրենց, դրանից օգտվեցին Տիգրանի գործընկերները նաեւ ընդդիմադիր դաշտից եւ դատապարտեցին ահաբեկչությունը: Ճիշտ է, մեկը այդ առիթն էլ փորձեց օգտագործել քարոզչության համար… Ցավել կամ չցավելը որեւէ մեկի մահվան համար անձնական խնդիր է, բայց դատապարտել նման բռնությունը պարտավոր է ցանկացած գործիչ եւ ուժ, որը հավակնություն ունի հասարակություն առաջնորդելու: Հիմա ասում եք՝ դատապարտում եղել է, բայց այդ դատապարտմանը պե՞տք է որեւէ կերպ հասարակությունը տեղեկանար. լավ, Հանրային հեռուստատեսությանը չէին տեղեկացնում, կարո՞ղ էին որեւէ այլ հեռուստաալիքով դատապարտման խոսք ասել: Կարծում եմ, պարզապես ավելի ուշ էին գլխի ընկել, ինչպես պետք է վարվել: Սակայն չեմ կարծում, թե այս թեմայով պետք է անընդհատ խոսել, Աստված բոլորի հետ: Ես բնավ ցանկություն չունեմ հաշվելու, թե ով է խոսել, ուղղակի այդ պահին, այդ մթնոլորտում արձանագրել եմ, թե ով իրեն ինչպես է պահել: Ի վերջո, դա ոչ միայն քաղաքականության, այլեւ բարոյականության խնդիր է: – Հասարակական կազմակերպությունների կողմից էլ դատապարտում չհնչեց: – Կարծեմ Ժուռնալիստների միությունը, Մամուլի ակումբը հայտարարություններ էին արել… Մյուսներին չգիտեմ, չեմ հիշում գուցե, գուցե շատերն ապրում են առավելապես կամ միայն իրենց անդամների, ոչ թե հասարակության խնդիրներով: – Կատարվածին ոչ համարժեք ռեզոնանսը հասարակության անտարբերությա՞ն մասին է խոսում, թե՞ ինչ-որ մասնատման ու փոխմերժման: – Չեմ բացառում, որ կարող են լինել մարդիկ, ովքեր գուցե եւ ուրախ էին կատարվածի համար, չեմ բացառում, որ կարող են լինել այնպիսիները, էլ ավելի ուրախ կլինեին, եթե ուրիշներին էլ մի բան պատահեր… – Այդպես չի կարող պատահել, այլ հարց է, որ չես ընդունում այսինչ անձին այսինչ պաշտոնում, բայց ինչպե՞ս է հնարավոր մարդու մահ ցանկանալ: – Հնարավոր է, եւ հավատա, որ այդ տրամադրությամբ մարդիկ կան: Միայն թե ես գտնում եմ, որ չի կարելի մարդ սպանել, եւ համաձայն չեմ այդ կարգախոսին, թե մի սպանեք լրագրողին, ի՞նչ է բժշկին, ինժեներին, բանվորին կամ գիտնականին կարելի՞ է սպանել: Սպանել չի կարելի ընդհանրապե՛ս ոչ մի մարդու: – Պրն Գաբրիելյան, հատվածականությունից վեր մոտեցում ցուցաբերելուն ինչպե՞ս էր ներդաշնակվում բազմիցս կրկնելը՝ «մեր թիմի կորուստ», «թիմի դեմ ուղղված հարված», չանդրադառնալով այլեւս «Հ1»-ի հայհոյանքներին՝ «ոհմակ», չգիտես ինչ… – Եթե այդ օրերին ընդդիմության կողմից որեւէ ցանկություն հանդես բերվեր ցավակցելու, գուցե դա ինչ-որ մխիթարություն լիներ նույն «Հ1»-ում Տիգրանի գործընկերների համար, եւ իրենց արտահայտություններում նրանք այդքան հուզախռով չլինեին: Բայց ամեն դեպքում այդ առաջին օրերին բոլորն են էմոցիոնալ հոգեվիճակում գտնվել, մարդկայնորեն կարելի է դա հասկանալ եւ ուղղակի այդ օրերին հնչած ամեն խոսքի չանդրադառնալ: Եվ գաղտնիք չէ, որ անկախ սպանության դրդապատճառներից, թիմն ահաբեկչությունը համարեց իր դեմ ուղղված: – Ակնարկվող, երբեմն բաց տեքստով հնչեցվող անհեթեթությանը, թե Տիգրանի սպանությունն ընդդիմության կազմակերպածն էր, էմոցիաներ հաղթահարելուց հետո ինչպե՞ս եք նայում: – Ոչ ոք, ոչ մի սեփական խոսքի հանդեպ պատասխանատվություն ունեցող անձ չի կարող ասել, թե այդ սպանությունը մեկի կամ մյուսի կազմակերպածն էր կամ իրականացրածը: Եթե իմանայինք՝ ով է հանցագործը, պարզ է, կտեղեկացնեինք իրավապահ մարմիններին: Հավանական է, որ դա ծրագրված, նախապատրաստված սպանություն է եղել, բայց չի կարելի բացառել ցանկացած այլ վարկած ու մոտիվացիա, եւ ես չէ, որ պետք է տամ այդ հարցի պատասխանը: Այլ հարց է, եւ ես դա հեռուստաէկրանից էլ եմ ասել՝ Տիգրանը թաղային հեղինակություն չէր, ինչ-որ բիզնեսմեն չէր, բնավորությամբ բռնկվող մեկը չէր, ի լրումն՝ նա առաջատար հեռուստաընկերության ղեկավար էր, լավագույն լրագրողներից՝ նախագահի թիմում, նախագահական քարոզարշավում հստակ դերակատարություն ունեցող մեկը: Այս ամենից բնական է ենթադրել, որ քաղաքական սպանությունն առավել հավանական էր: Կրկնում եմ՝ ընդամենը անձնական ենթադրություն է: – Շահարկվող մյուս վարկածները, թե Նաղդալյանի սպանությունը կարող էր իշխանությունների կողմից կազմակերպված լինել կամ «Հոկտեմբերի 27»-ին առնչություն ունենալ՝ շրջանցենք, սակայն ըստ Ձեզ դեկտեմբերի 30-ի «Կլոր սեղանից» սկսված ընթացքը երկա՞ր է շարունակվելու, որ ով ասես, բացի իրավապահներից. հանցագործության հեղինակներ մատնանշի: – Եթե խոսքը «Օրակարգից դուրս» հաղորդման մասին է, որին մասնակցում էի նաեւ ես, ապա մենք նպատակ չենք ունեցել, ոչ էլ ջանացել ենք հանցագործ մատնանշել: Մասնավորապես իմ խոսքը եղել է այն մասին, որ տնից, դպրոցից սկսած երեխաներին դաստիարակել պետք է այն ոգով, որ մարդ սպանել չի կարելի, որ ահաբեկչությունը, դավադիր հարձակումները վախկոտության, թուլության նշան են: Եթե նման արարքները համընդհանուր կերպով դատապարտվեն, եթե բոլորը զգան, որ հասարակությունը չի ընդունում անհանդուրժողականությունը, դատապարտում է բռնությունը, ապա վստահ եմ՝ թեկուզ աստիճանաբար, դանդաղ, բայց ձեւավորվելու է հանդուրժողականության մթնոլորտ: Դժբախտաբար այսօր դեռեւս ականատես ենք ոչ քաղաքակիրթ պահվածքի, ատելության ու հայհոյախառն խոսքերի, ընդհուպ մինչեւ բռնության կոչերի: Ահա նման մթնոլորտն է ունակ ծնել այսպիսի հանցագործություններ: Մեր ասելիքն այն էր, որ չպետք է թույլ տալ, որ ձեւավորվի անհանդուրժողականության, մասնատվածության այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ, որ կարելի լինի մտածել, թե ահաբեկչությամբ կարելի է հարցեր լուծել: Եվ անցում կատարելով այսօրվան, իհարկե հանդուրժողականությունն ու քաղաքակիրթ պահվածքը միշտ էլ անհրաժեշտ են, սակայն հատկապես այսօր՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, կցանկանայի դրանց վրա լրացուցիչ ուշադրություն հրավիրել: Ես ցանկանում եմ հույս հայտնել, որ թեկնածուների քարոզչությունը չի կառուցվի անհանդուրժողականության, չարության, ատելության եւ ընդհանրապես բացասականի վրա. հայտնի է, թե ինչով է հղի չարության սերմանումը: Վստահ եմ, որ այսպես թե այնպես մարդիկ ընտրում են թեկնածուին, որը խոսում է կոնկրետ գործից, ասում է, թե ինչ է արել, ինչ է անելու եւ ինչպես: Սակայն խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ այն հողին, որի վրա բոլորս ապրում ենք եւ շարունակելու ենք ապրել, չի կարելի չարության եւ թշնամանքի սերմեր գցել: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ Հ. Գ. Թույլ կտանք մեզ վստահություն հայտնել, որ եթե Ռոբերտ Քոչարյանն էլ իր խոսնակի մտածելակերպն ունենար, այս երկրում ոչ հասարակության երկատում կլիներ, ոչ ատելություն, ոչ էլ, հուսանք, ահաբեկչություններ: Բայց, ինչպես տեսնում ենք, դա կա8230 եւ դա Քոչարյանի նախագահության արդյունքն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել