Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ

Հունվար 25,2003 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ Օր 4-րդ Երեկ Արամ Սարգսյանի քաղաքական գովազդի ընթացքում ցուցադրվեցին կադրեր Հայաստանի վարչապետ եղած ժամանակ նրա եւ Պուտինի հանդիպումից: Այժմ իշխանամետները, որ համառորեն պնդում էին, թե նման հանդիպում չի եղել, ստիպված պիտի լինեն համոզել, թե այս տեսաերիզն էլ է մոնտաժված: Մեծամեծները սակայն առայժմ ավելի ակտիվորեն նպաստում են Արտաշես Գեղամյանի քարոզարշավին: Ճիշտ է՝ ակամա: Մինչ այժմ նրա հոլովակներում հայտնվել էին Սեւակն ու Շիրազը, իսկ երեկ ավելացան նաեւ Սարոյանն ու Սահյանը: Ի հավելումն «Հայաստան ասելիս…» բանաստեղծության՝ Գեղամյանը մի փոքրիկ բալիկի գրկած ասաց. «Հայաստանը մեր տունն ա: Հայաստանը մեր օրրանն ա: Վա՛խ, ազիզ ջան», ու պաչեց թուշը: Գեղամյանը սիրում է երեխաներին: Այս հոլովակից հետո նրա համար ապահովված են տատիկների եւ պապիկների ձայները: Կենդանի դասականներից երեկ քարոզարշավում ներգրավվեց Հենրիկ Իգիթյանը, որի հօգուտ գործող նախագահի քարոզի մեխն էր՝ «Քոչարյանը պետք է ընտրվի, որ մինչեւ վերջ լուծի Արցախի խնդիրը»: Կարծես կեսն արդեն լուծել է՝ մնում է հասցնի մինչեւ վերջ: Պետք չէ, պետք չէ հոլովակներում նուրբ ակնարկներ անել կոպիտ հանգամանքներին: Ասենք, երբ Արամ Հարությունյանը երեկ խոսում էր երկքաղաքացիությունն արգելող դրույթը վերացնելու մասին՝ անմիջապես Րաֆֆի Հովհաննիսյանին հիշեցինք: Կամ՝ ուղղակի բաց վերքի վրա աղ լցրեց մի շիրակցի, երբ որպես Քոչարյանի արժանիք՝ նշեց. «Գազն էլ ստացանք»: Իրար ակամա լրացրին երեկ Քոչարյանի եւ Վլադիմիր Դարբինյանի գովազդները: Թեեւ Քոչարյանը խոսում էր ժողովրդի մեջ չարություն չսերմանելու մասին՝ նրա հոլովակում մի ուսուցչուհի կրկնեց գործող նախագահի քարոզարշավի այն հանգերգը, ըստ որի՝ «առնվազն կույր» են Քոչարյանի ընդդիմախոսները, նրա օրոք արձանագրված առաջընթացը չնկատողները: Բարություն սերմանող այս փաստարկին հակակշռեց ՀԿԿ Կենտկոմի 2-րդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը: Ըստ նրա էլ՝ կույր են նրանք, ովքեր չեն նկատում աղբարկղերը քջջողների եւ թմրամոլների ստվարացած շարքերը: Առաջարկում ենք փոխհամաձայնություն փոխադարձաբար իրար կույր անվանողներին. նրանք բոլորն ունեն տեսողությանն առնչվող խնդիրներ՝ տեսնում են միայն սեւ ու սպիտակ գույները: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել