Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարիքը կա, հաստիք չկա

Հունվար 24,2003 00:00

Կարիքը կա, հաստիք չկա Հայաստանից դեռեւս ոչ մի ֆոտոժուռնալիստ չի արժանացել «Աշխարհի մամլո լուսանկար» մրցանակաբաշխության «Ոսկե աչք» միջազգային մրցանակին։ Ֆոտոթղթակիցների համար այդ մրցանակը նույնն է, ինչ կինոդերասանի համար «Օսկարը»։ Բայց մրցանակաբաշխությանը մասնակցել փորձել են, նույնիսկ մի բեյրութահայ՝ Կարո Լաչինյան, ինչ-որ ժամանակ մրցանակ էլ է ստացել։ Մեր երկրում այդ գործի ակտիվիստներից մեկը «Պատկեր» ֆոտոգործակալության տնօրեն Ռուբեն Մանգասարյանն է, որը Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի նախաձեռնությամբ ու «Եվրասիա» հիմնադրամի դրամաշնորհով ինտերնետային էջ է պատրաստել։ Այդտեղ տեղադրվում են անդրկովկասյան 3 հանրապետությունների ֆոտոթղթակիցների լավագույն լուսանկարներ, որոնցից անվճար կարող էր օգտվել 3 երկրների տպագիր մամուլը։ «Սկզբում մեզ թվում էր, թե տարածաշրջանի բոլոր թերթերը կսկսեն տպագրել դրանք, հաշվի առնելով, որ հայ թղթակիցը լուսանկար չի կարող անել Ադրբեջանում եւ՝ ընդհակառակը, բայց ժամանակ անցավ ու պարզվեց, որ լուսանկարները ոչ մեկին պետք չեն գալիս»,- երեկ հրավիրված քննարկման ժամանակ դառնացած նշեց Ռ. Մանգասարյանը։ Ուրեմն իրենց ծրագիրը պիտանի չեղավ եւ, նախկինի պես, թերթերի լրագրողները գերադասում են անձամբ «չրխկացնել» իրենց հարկավոր կադրը կամ օգտվել ամսագրային ու այլ աղբյուր-արխիվներից։ Ռ. Մանգասարյանն ավելացրեց, որ տեղական թերթերից առայժմ միայն «Առավոտն» է շաբաթօրյա համարում տեղ տվել իր «ֆոտո»-ների տպագրման համար։ Այսպիսով հասկացանք, որ «ֆոտոթղթակից» երեւույթը տարածաշրջանային մամուլի համար դարձել է խորթ ու ավելորդ երեւույթ։ Ի հակասություն ասվածի՝ Երեւանի մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում անցյալ տարվանից բացվել է ֆոտոթղթակցի բաժին։ Ուսանողներից մի քանիսը նույնպես (նաեւ դասախոսներ) մասնակցում էին քննարկմանը։ Ու որպեսզի նրանք իրենց անհեռանկարային մասնագետներ չզգան, բանախոսը փորձեց հուսադրել. «Իհարկե, լավ ֆոտոթղթակիցը միշտ էլ տեղ ունի։ Ես դա ասում եմ իմ փորձով՝ արդեն երկար ժամանակ է, ինչ ես աշխատում եմ արտերկրի թերթերի ու ամսագրերի համար։ Ճանապարհները կան, դուք էլ կարող եք օգտվել այդ հնարավորությունից»։ Ըստ նրա, դա հնարավորություն կտա «ջահելներին» նաեւ շփվել մեծ աշխարհի հետ, մասնակցել ցուցադրություններին, որովհետեւ այս առումով մեր եղած ֆոտոթղթակիցներն էլ մեկուսացված են, աշխատում են երկրի շրջանակներում միայն։ Պարոն Մանգասարյանի յուրօրինակ դիտարկմամբ, «լավորակ լուսանկարների կամ իլյուստրացիայի բացակայության պատճառով է, որ մեր թերթերի տպաքանակն այդքան քիչ է, իսկ Արեւմուտքի ընթերցողը դրան մեծ ուշադրություն է դարձնում։ Յուրաքանչյուր հոդվածագիր անպայման պետք է ունենա իր հոդվածի թեմային առնչվող լավորակ լուսանկար։ Ավելին՝ լուսանկարով է որոշվում, թե որ էջում կգնա նյութը։ Ժամանակին այդ խնդիրը լավ էին հասկանում (խորհրդային տարիներին), իսկ այժմ խնայողություն անելու համար է, որ լրացուցիչ հաստիք չեն պահում, բավարարվում են լրագրողի բերած լուսանկարով»։ Որպես եզակի բացառություն, նշվեց «Օրրան» թերթը, որն ունի իր «անձնական օգտագործման» լուսանկարիչը։ Մի խոսքով՝ տխուր իրողություն է՝ բարձրակարգ ֆոտոթղթակիցներ չունենք, ով էլ կա՝ նրա արտադրանքի համար շուկա չկա։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել