Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԻՐԱԿԱՆԱՑԱԾ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Հունվար 24,2003 00:00

ՉԻՐԱԿԱՆԱՑԱԾ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Մինչ այժմ միշտ իրականացել էին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին առնչվող մեր բոլոր հոռետեսական կանխատեսումները, ինչպես «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» եթերազրկման, մինչեւ նախագահական ընտրություններ նրանց եթեր վերադառնալու հնարավորություն չընձեռելու, մրցույթներն ամեն գնով հետաձգելու եւ այլ կանխատեսումների պարագաներում էր: Եվ երբ նախօրեին տեղեկացանք, որ 2002-ի հոկտեմբերի 15-ին հայտարարված մրցույթի մասնակից 5 հեռուստաընկերությունները, որոնց զբաղեցրած կապուղիների համար հայտ են ներկայացրել նաեւ «Ա1+»-ը եւ «ՆՏ»-ն՝ դիմել են Ազգային հանձնաժողովին, խնդրելով 7 օրով վերադարձնել իրենց մրցութային առաջարկները, վստահ էինք, որ այս խնդրանքը կբավարարվի՝ այդ հեռուստաընկերություններին ավելի լավ պատրաստվելու հնարավորություն ընձեռելու համար։ Նշենք, որ դիմումում այդ խնդրանքն այլ կերպ էր հիմնավորվել, թե մրցույթի ձգձգման հետեւանքով կարիք ունեն փոփոխել իրենց ներդրումային առաջարկների կամ զարգացման ծրագրերի պարտավորությունների ժամկետները։ Գուցե շտկումներն իրոք վերաբերեին միայն ժամկետներին, բայց հնարավոր է, որ լինեին նաեւ բովանդակային փոփոխություններ: Դիմումին չէր միացել «Ա1+»-ը, որը նույնպես հոկտեմբերին է ներկայացրել իր մրցութային առաջարկը։ Եվ Ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, երեկվա նիստում մտավախություն հայտնելով, թե մրցույթի բոլոր մասնակիցների համար հավասարություն չի ապահովվի, նաեւ՝ որ օրենքով իրենց տրված չէ առաջարկը վերադարձնելու իրավասություն՝ արտահայտվեց դիմումը մերժելու օգտին: Կարճատեւ քննարկումից հետո հենց այդ որոշումն էլ ընդունվեց, թեեւ հանձնաժողովի փոխնախագահ Շամիրամ Աղաբեկյանը կողմնակից էր, որ հնարավորություն տրվի վերանայել փաթեթները: Ի դեպ, պրն Ամալյանը նաեւ ենթադրություն հայտնեց, թե գուցե «Myz-TV»-ն վերահեռարձակողները կամ մյուս հեռուստաընկերությունները չէին սպասում, որ «Ա1+»-ը հայտ կներկայացնի իրենց բոլորի կապուղիների համար: Իսկ քանի որ «Ա1+»-ը «լուրջ մրցակից» է՝ այդ պատճառով էին ցանկանում այժմ վերանայել իրենց առաջարկները։ Ինչպե՞ս է «Ա1+»-ին լուրջ մրցակից համարում մեկը, որն անցած տարի «1» էր գնահատել այդ հեռուստաընկերության աշխատանքը՝ այս եւ հեռուստաոլորտին վերաբերող այլ հարցեր ուղղեցինք Գրիգոր Ամալյանին, որի հետ հարցազրույցը կներկայացնենք վաղվա համարում: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել