Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ

Հունվար 24,2003 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ Օր 3-րդ ՀԿԿ 1-ին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը երեկ՝ հունվարի 23-ին, արդեն 3-րդ անգամ շնորհավորեց մեր Նոր տարին՝ օգտվելով անվճար եթերի հնարավորությունից: Իրականում արդեն 3-րդ անգամ ցուցադրվում է նույն հոլովակը: Եվ եթե այն շարունակեն ցուցադրել մինչեւ փետրվարի 1-ը՝ գոնե կարելի կլինի ասել, թե կոմունիստները մեր Ամանորը շնորհավորեցին ճապոնական տարեցույցով: Ռուբեն Ավագյանի գովազդային 6 րոպեների ընթացքում ցուցադրվեց նրա ընտանեկան ալբոմը՝ նախագահի թեկնածուի զինվորական լուսանկարներից մինչեւ նրա որդու բանակի եւ հարսանիքի պատկերներ: Հանրությանը պրն Ավագյանին ճանաչելի դարձնելու նպատակով՝ նաեւ նրա ուսանողների եւ տարբեր մտավորականների հետ հարցազրույցներ էին հաղորդում: «Ճանաչո՛ւմ եմ, լա՜վ եմ ճանաչում»,- ասում էր նախագահի թեկնածուի մասին նկարիչ Ղուկաս Չուբարյանը: «80-ականների սկզբի՛ց եմ ճանաչում»,- ասում էր արդարադատության նախկին նախարար Վահե Ստեփանյանը: Այսքան ուրախ եւ ճանաչված կյանքը մեր մթագնեց միայն Արտաշես Գեղամյանի հոլովակը, որի հերոսներն այս անգամ Նուբարաշենի աղբանոցում եւ զանազան աղբարկղերում, տնտեսական աննախադեպ աճի մասին Ռոբերտ Քոչարյանի ելույթի ներքո իրենց ապրուստը քջջող մարդիկ էին: Մեր եռօրյա դիտարկումների հիման վրա կարող ենք պնդել, որ Գեղամյանի հոլովակներն իրենց ազդեցությամբ համարժեք են Քոչարյանի քարոզարշավին: Տարբերությունը միայն այն է, որ Գեղամյանի հոլովակներում բոլորը դժգոհ են, եւ ամեն ինչ՝ վատ, իսկ Քոչարյանի մոտ՝ ամեն ինչ լավ է, եւ բոլորը գոհ ու շնորհակալ: Ահա այդ շարքից մեկն էլ երեկ ազդարարեց. «Ինքը լավ թագավոր է Հայաստանի համար»: Օրվա աստղը Արամ Հարությունյանն էր, որը հայտարարեց, թե հասունացել է «ընդդիմության մասին օրենք» ընդունելու անհրաժեշտությունը: Այդ օրենքի հոդվածներից մեկն էլ թերեւս պրն Հարությունյանի այն դիտարկումը կլինի, թե ընդդիմությունը «միշտ չէ, որ պետք է ասի՝ «ոչ»: Պետք է ասի՝ «ստորակետ, բայց»: Նման դիրքորոշման հեղինակների բարեբախտությունն է, որ աղջիկ չեն ծնվել: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել