Լրահոս
Օրվա լրահոսը

Թիրախն ազատամարտիկներն են

Հունվար 24,2003 00:00

Թիրախն ազատամարտիկներն են Այսպես են մտածում վերջիններս, վկայակոչելով Տիգրան Նաղդալյանի սպանությունից անմիջապես հետո տեղի ունեցած ձերբակալությունները: Սոցիալիստական Հայաստան» միավորման նախաձեռնությամբ երեկ «կլոր սեղանի» շուրջ քննարկվում էր «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությանը հաջորդած բռնությունների» եւ ընդհանրապես «դրանից հետո ձեւավորված մթնոլորտի» թեման: Հայտնի է, որ Տ.Նաղդալյանի սպանությունից հետո արդեն դեկտեմբերի 30-ից տեղի ունեցան զանգվածային ձերբակալություններ: Ձերբակալվածները հիմնականում կամ «Սոցիալիստական Հայաստան» միավորման, կամ նրան հարող կազմակերպությունների ներկայացուցիչներ էին, այդ թվում՝ Արցախյան ազատամարտի մասնակիցներ: Անհայտ չէ նաեւ, որ իշխանությունները, նրանց ցանկում՝ նաեւ իշխանական լծակների տիրապետող քաղաքական ուժերի ներկայացուցիչները, մի քանի օր շարունակ փորձում էին լրագրողի սպանության պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա: Տ. Նաղդալյանի սպանության պատրվակով 10-15-օրյա վարչական կալանքի ենթարկվածները երեկ իրենք էլ փորձեցին պատասխանել բարձրացված այն հարցադրմանը, թե որքանո՞վ էին հիմնավոր տեղի ունեցած ձերբակալություններն ու ի՞նչ կապ ունեին Տ.Նաղդալյանի սպանության հետ: Ե՛վ «Փառապանծ մարտիկներ» կազմակերպության նախագահ, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության քաղխորհրդի փոխնախագահ Գրիգոր Սարգսյանի, ե՛ւ «Սոցիալիստական ուժերի եւ մտավորականների միության» անդամ Ազատ Արշակյանի, ե՛ւ «Սոց. Հայաստանի» ներկայացուցիչ Արտակ Վերանյանի, նաեւ «Ազատագրված տարածքների պաշտպանության հասարակական նախաձեռնության» ներկայացուցիչ Ալբերտ Մխիթարյանի պատմածներից եւ առավելապես կալանքի ենթարկելու մասին դատարանի որոշման բովանդակությունից՝ «զազրախոսություն», ակնհայտ էր, որ վերջիններիցս ոչ մեկը բացարձակապես կապ չի ունեցել Տ.Նաղդալյանի սպանության հետ: Դրանք վերջինիս առնչվել են այնքանով, որքանով քննիչների հարցադրումներն են վերաբերել Տ.Նաղդալյանի անձին, որոնք սահմանափակվել են վերջինիս ճանաչել-չճանաչելու, նրա հետ կապ ունենալ-չունենալու մասին հարցադրումներով: Փոխարենն ի՜նչ շոու կազմակերպեցին մեր փառապանծ իրավապահները՝ Ամանորի նախօրեին ի լուր ամենքի հայտարարելով, թե Տ.Նաղդալյանի սպանության փաստի հետ կապված «բլոկով» ձերբակալություններ են արել. ոչինչ, որ մասնավորապես Գ. Սարգսյանի եւ Ա. Արշակյանի բնակարանների խուզարկության, տունը տակն ու վրա անելու արդյունքում իրավապահները ոչինչ չէին հայտնաբերել ու, թերեւս, ափսոսել էին, որ «գործները չէր կպել»: Տպավորությունն ավելի ուժեղացնելու համար իրավապահ մարմինները դիմակավորված են ներխուժել մարդկանց տուն՝ ահաբեկելով նրանց ընտանիքների անդամներին, խուզարկություններ են արել՝ տակնուվրա անելով տունն ու թեեւ ոչինչ չեն հայտնաբերել, այդուհանդերձ, բերման են ենթարկել ՆԳ բաժին, ապա դատավորի սենյակում դատ արել ու որոշել վարչական կալանքի ենթարկել ընդամենը «զազրախոսելու» համար: Նրանցից մեկին՝ Գրիշա Սարգսյանին, մինչ օրս չի հաջողվել նույնիսկ դատարանի որոշումը ստանալ: Ինչեւէ: Սա պատասխան էր այն հարցին, թե արդյո՞ք հիմնավոր եւ պատճառաբանված են եղել ձերբակալությունները: «Սոցիալիստական Հայաստան» միավորման ներկայացուցիչները երեկ պնդեցին իրենց այն տեսակետը, թե տեղի ունեցած ձերբակալությունները քաղաքական հետապնդում էին եւ նպատակ ունեին խոչընդոտել այդ միավորման մասնակցությունն ընտրություններին: «Անօրինական ձերբակալություններով մեր հասարակության մեջ արմատավորվում է վախի, անպատժելիության մթնոլորտ, որը բացարձակ չի համապատասխանում եւ չի նպաստում առաջիկայում ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու տրամաբանությանը, որի մասին հայտարարել են իշխանությունները»,- նկատեց «Սոց. Հայաստան» միավորման ներկայացուցիչ Գայանե Մարկոսյանը: Գ.Սարգսյանն էլ իր հերթին հավելեց, թե՝ «Հայաստանը չի կարող իրավական երկիր դառնալ: Սա ազատամարտիկների դեմ սկսված արշավ է, կատարված բռնությունները կանխամտածված են՝ ընդդիմադիր դաշտում գործող ուժերի, նաեւ հասարակության աչքը վախեցնելու համար»: Կարծիք հայտնեց նաեւ «Ազատագրված տարածքների պաշտպանության հասարակական նախաձեռնության» ներկայացուցիչ Արմեն Եղյանը: Վերջինիս բնորոշմամբ՝ Տ.Նաղդալյանի սպանության բացահայտման պատրվակով ձերբակալություններն անհիմն են եղել: «Հատկանշական է, որ ձերբակալված մոտ 25 հոգու 90 տոկոսը պատերազմի մասնակից կամավորականներ են, որոնց մեծամասնությունը առնչություններ են ունեցել մեր կազմակերպության հետ»,- հայտարարեց Ա.Եղյանը: Ըստ նրա՝ դա պատահական չէր, որովհետեւ հենց հիշյալ կազմակերպությունն է պարբերաբար հանդես գալիս ԼՂ հակամարտության կարգավորման այն ծրագրի դեմ, որը փորձում են կենսագործել իշխանությունները՝ Ռ.Քոչարյանի գլխավորությամբ: Ա.Եղյանը հայտարարեց, թե դա ուղղված էր այն կամավորականների դեմ, ովքեր երբեք չեն հանդուրժի, որ Հայրենիքի թեկուզ մի թիզ հող զիջվի: Նա նաեւ կանխատեսեց, որ ընտրություններից հետո ճնշումները հատկապես կամավորականների վրա կմեծանան՝ կապված ԼՂ կարգավորման եւ ազատագրված տարածքների վերադարձման հետ: Վերադառնալով ձերբակալվածներին, Ա. Եղյանն ասաց, որ նրանցից միայն մեկը՝ Սարգիս Կարապետյանն է շարունակում մնալ կալանքի տակ՝ անօրինական զենք պահելու մեղադրանքով, որը սակայն որեւէ կերպ կապված չէ Տ.Նաղդալյանի սպանության հետ: Նրան ազատ արձակելու շուրջ խոսակցության ժամանակ իրավապահներն ասել են «մինչեւ շեֆը չգա (խոսքը Ռ.Քոչարյանի մասին է, որն այդ օրերին արտերկրում էր՝ Գերմանիայում, ապա՝ Մոսկվայում), Սարգիսի հարցը լուծել չենք կարող»: «Հասկանո՞ւմ եք, ինչ է տեղի ունենում: Երկրի նախագահը զբաղվում է նույնիսկ օպերատիվ մանր-մունր հարցերով: Սա ապացուցում է նաեւ, որ իշխանությունները պատահական մարդկանց չէ, որ փորձում են ճնշել»,- հայտարարեց Ա.Եղյանը՝ հավելելով, որ ինչպես Սամվել Բաբայանի, այնպես էլ Ս.Կարապետյանի դեպքում, իրենց կյանքը վտանգելու գնով երկիրը պաշտպանած մարդիկ այսօր այս իշխանությունների կողմից խոշտանգումների են ենթարկվում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել