Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»

Հունվար 24,2003 00:00

«ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» Եվ ոչ թե՝ «պայքար, պայքար մինչեւ վերջ» Երեւանի Դավիթաշեն համայնքի հրապարակը երեկ ողողված էր դաշնակցական դրոշակներով՝ «Մահ կամ ազատություն» կարգախոսը խիստ յուրօրինակ դիմագիծ էր հաղորդում ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզարշավին։ Դավիթաշենցիները հրապարակ էին բերվել դպրոցներից, մանկապարտեզներից եւ հարակից խանութ-շուկաներից։ Բուռն ոգեւորվածության եւ նախագահին տեսնելու երջանկությունից ինքնահրկիզման փորձեր չեղան։ Մարդիկ եկել էին ամենասովորական թամաշայի. ճիշտ այնպես, ինչպես գնալու են բոլոր մյուս թեկնածուների հետ հանդիպումներին։ Հրապարակը դեռ վաղ առավոտից էր նախապատրաստվում, նախ աշնանից մնացած չորացած տերեւները հավաքվեցին, հետո հրապարակում տեղադրվեց «Աշխատենք միասին» կարգախոսով ցուցատախտակը։ Առաջինը հայտնվեցին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, դավթաշենցի Աղվան Վարդանյանը, «ՕԵ»-ից Սերգո Երիցյանը, ՀՀԿ-ից՝ Գագիկ Մինասյանը, Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը եւ ուրիշներ։ Նախագահական «ջիպ»-երը եւս դավթաշենցիների վրա հատուկ տպավորություն չգործեցին։ Իսկ երբ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ անցնելով մարդկանց շարքերի միջով՝ բարձրացավ հարթակ, եղան ծափահարություններ, մեկն էլ հորդորեց՝ «ուռա» գոռացեք»։ «Կերածներս ի՞նչ է, որ «ուռա» գոռանք»,- «ուռա»-ի փոխարեն քրթմնջաց մեկը։ Ինչեւէ, հանդիպումը կայացավ հավուր պատշաճի, եղան թեկնածուին գովաբանող ելույթներ, բազմաթիվ նամակներ, հարցեր հնչեցին, որոնց մի մասին թեկնածուն պատասխանեց, իսկ մյուս մասին՝ «անձնական բնույթի նամակներին», խոստացավ ավելի ուշ պատասխանել հատուկ այդ նպատակով թողարկվելիք թերթի կամ որեւէ թերթի միջոցով։ Ելույթ ունեցողներից ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը հայտարարեց, թե իրենք բաց ճակատով են կրկին պաշտպանում Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը. «Հսկայական գործ է արված, ընտրված է երկրի զարգացման ճշգրիտ ուղի, եւ եթե մենք կարողացանք կայուն քաղաքական պայմաններ ստեղծել, ուրեմն նոր անելիքները Հայաստանը կբարձրացնեն մի նոր մակարդակի»։ Ըստ Աղվան Վարդանյանի. «ունենք սթափ, կշռադատված նախագահ, որը փորձում է հայ տեսակի ինքնությունը պահել»։ Մի դիտարկում եւս. նախընտրական շրջանում հանրապետության կաթի գործարանները ստիպված կլինեն գերծանրաբեռնված աշխատել, որովհետեւ թեկնածուները շատ են խոսելու, շատ խոսելուց կոկորդները ցավելու է, ձայնները խզվելու է, իսկ նման դեպքերի համար արդյունավետ միջոցը տաք կաթն է։ Համենայնդեպս, թեկնածուներից մեկ-երկուսի ձայնն արդեն խզվածության նշաններ է ցույց տալիս։ Մի փոքր խռպոտած իր ձայնով էլ Ռոբերտ Քոչարյանը երեկ ասաց. «Սիրելի դավթաշենցիներ, սիրելի հայրենակիցներ, իմ ամենից կարեւոր կարգախոսը դուք բոլորդ գիտեք՝ պետք է կառուցենք կազմակերպված երկիր։ Հնարավոր չի կառուցել կազմակերպված երկիր, չունենալով կազմակերպված համայնք, եւ հնարավոր չէ ունենալ կազմակերպված համայնք, առանց կազմակերպված համատիրությունների, առանց կազմակերպված ժողովրդի»։ Քոչարյանը հայտարարեց, թե իր քաղաքականության կենտրոնում պիտի լինի մարդը. «կոնկրետ քաղաքացին իր առօրյայով, իր հոգսերով։ Այս քաղաքականությունը մենք սկսել ենք հենց ձեր համայնքում։ Բավական լուրջ ծրագրեր իրականացված են, այսօր ընթացքում է շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը, ոռոգման ջրագիծ է կառուցվում առաջին անգամ Երեւանում, մենք գալիք հինգ տարվա ընթացքում ամբողջությամբ պետք է լուծենք գազամատակարարման հարցը, եւ սա է ճանապարհը նաեւ մեր անտառների փրկության։ Մենք որոշում ենք կայացրել լուծել լոկալ ջեռուցման հարցը, որ ձեր բնակարանների ջեռուցումը շատ ավելի էժան լինի, ավելի մատչելի լինի յուրաքանչյուր քաղաքացու համար։ Անկեղծ պետք է ասեմ, ձեր համայնքը, ընդհանրապես Դավիթաշենը այսպես կոմպակտ է եւ շատ-շատ ծրագրեր այստեղ ավելի դյուրին է իրականացնել։ Միգուցե այդ առումով ձեր բախտը բերեց, որ պիլոտային ծրագրերը, այդ ծրագրերի սկիզբն իրականացվում է ձեզ մոտ։ Նույնիսկ այնքան է արվում, որ բամբասանք է տարածվել, թե նախագահը հետագայում, երբ նախագահ չի լինի, ուզում է Դավիթաշենում երեւի տուն կառուցի, դրա համար հատուկ ուշադրություն է դարձվում Դավիթաշենին։ Չի բացառվում, բայց մինչեւ այսօր այդպիսի որոշում դեռ չեմ կայացրել»։ ՀՀ նախագահի թեկնածուն հիմնականում խոսում էր սոցիալական, համայնքային խնդիրներից, որեւէ քաղաքական հարց չշոշափվեց։ Սակայն Ռոբերտ Քոչարյանի խոսքում զգալի էր որոշ անհանգստություն. «մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ վստահությունը չկորցնենք, իսկ սրա միակ ճանապարհը հետեւյալն է. մենք չպետք է չարություն սերմանենք մեր ժողովրդի մեջ։ Ոչ մի երկիր, ոչ մի ժողովուրդ չարության վրա իր բարեկեցությունը չի կառուցել եւ հնարավոր չէ կառուցել։ Սա, կարծում եմ, այս նախընտրական արշավի միգուցե ամենամեծ ձեռքբերումը կլինի, եթե մենք կարողանանք, նաեւ թեկնածուները, նաեւ թեկնածուների թիմերը, այնպես իրենց դրսեւորեն, որ չարությունը չսերմանվի եւ չխորանա։ Ես հասկանում եմ, որ կարող է հարեւանների մեջ մեկը մի թեկնածուի կողմնակից լինի, մեկը՝ մյուսի, բայց հարեւանը մնում է հարեւան, նույն փողոցում ապրողները մնում են նույն փողոցի քաղաքացիները եւ երբեք այն սահմանագիծը, որը թշնամանք է ծնում, չպետք է մենք անցնենք, եւ ով անցնում է, պետք է հասկանա, որ դա թշնամական ներդրում է մեր երկրում»։ Սա հնչում էր մոտավորապես այսպես. «Հպո255ՑՈ, ՊՈՉՈռՑպ ՋՌՑՖ ՊՐցՋվՏ!», ու թե ինչո՞ւ է հենց այս պահին նման կոչ արվում եւ ոչ թե ասենք՝ մեկ տարի կամ մի քանի ամիս առաջ, երեւի հետո կերեւա։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Հարեւաններին չեն ընտրում, ու եթե Ռոբերտ Քոչարյանը որոշի հաստատվել Դավիթաշենում, անձամբ ես ոչինչ չեմ կարող անել։ Բայց մի բան հաստատ է՝ թեկնածուի ոտքը խերով չէր, որովհետեւ Դավիթաշենի այն թաղամասը, որտեղ ես եմ բնակվում, երեկ ամբողջ օրը ջուր չուներ, եւ սա՝ այն դեպքում, երբ մեր համայնքի շուրջօրյա ջրամատակարարումն ապահովված է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել